
Հայկական պարեր «Ծածկած շուկայի» մոտ (լուսանկարներ)
Այսօր «Ծածկած շուկա» պատմամշակութային հուշարձանի համար պայքարող քաղաքացիները Մաշտոցի պուրակից քայլեցին դեպի շուկայի դիմացի մայթ, որտեղ պարեցին հայկական ավանդական պարեր՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը:
Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ ազգային պարերը, ինչպես և հուշարձանները մեր մշակույթի բաղադրիչն են. պարելով կեղեքված հուշարձանի մոտ, նրանք այդպիսով նոր շունչ և նորից կյանքի կոչվելու հույս են ցանկանում տալ նրան:
Շուկայի մայթում նրանց «Հեռացե՛ք, հեռացեք» վանկարկումներով և պաստառներով դիմավորեցին հուշարձանի փոխարեն սուպերմարկետ տեսնել ցանկացող քաղաքացիները:
Հիշեցնենք, որ «Ծածկած շուկա»-ն գրանցված է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում, բայց այժմ շահագործվում է որպես սուպերմարկետ:
Հուշարձանի պահպանման և վերականգնման կողմնակիցները մինչև այնտեղ հասնելը ճանապարհին բարձրախոսով քաղաքացիներին կոչ էին անում չօգտվել «Ծածկած շուկայում» կառուցված սուպերմարկետից, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փաստացի պատկանող մյուս սուպերմարկետներից: Դրա փոխարեն ակտիվիստները կոչ են անում օգտվել մանր և միջին խանութներից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել