
Այս տարի բյուջեն գումար չի հատկացնելու անտառվերականգնման աշխատանքներին
«Անտառային համակարգի հիմնական խնդիրն ապօրինի անտառհատումներն են»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Ըստ նրա` պատճառներից մեկը հենց հասարակության սոցիալական վատ վիճակն է: Իսկ այս տարի նկատվել է ապօրինի հատումների աճ. հայտնաբերվել է 1700 ապօրինի հատված ծառ, որից 1000-ը հայտնաբերվել է «Հայանտառ»-ի կողմից: Անցյալ տարի այդ թիվը եղել է 2520: Ապօրինի անտառհատումները հիմնականում տեղի են ունենում անտառամերձ տարածքներում, սակայն միշտ չէ, որ դա կատարվում է տեղի բնակիչների կողմից: Պատճառներից մեկն էլ գազի գնի բարձրացումն է. անտառամերձ տարածքներում, չնայած առկա գազիֆիկացմանը, մարդիկ չեն կարողանում վճարել գազի գումարը: Որպես վառելիք օգտագործում են փայտը, սակայն հիմնականում թափուկ` չորացած կամ եղանակային պայմաննների հետևանքով վնասված ծառերը:
Մ. Մաթևոսյանը նշեց, որ իրենք պայքարում են նաև վնասատուների և զանազան հիվանդությունների դեմ: «2010-2011 թթ.-ին պայքար չի իրականացվել, որովհետև վարակված տարածքները քիչ են եղել: Այս տարին, սակայն, բարենպաստ էր վնասատուների համար»,- ասաց «Հայանտառ»-ի տնօրենը:
«Հայանտառ»-ի ենթակայության տակ է 19 անտառտնտեսություն. 345 հազար հա, որից 277 հազար հա անտառածածկ է: Դրանից 8300 հա-ն վարակված է վնասատուներով և մոտ 3600 հա-ն` հիվանդություններով: Սակայն Մաթևոսյանի կարծիքով` այս թվերը չպետք է մտահոգեն:
Նրա խոսքերով` աշնանը և գարնանը կիրականացվեն անտառպաթոլոգիական հետազոտություններ, և այդ արդյունքների հիման վրա կիրականացվի ավիոքիմիական պայքար: Իսկ մեկ հա-ի ավիոքիմիական պայքարի համար պահանջվում է մոտ 9500 դրամ:
«Եթե չիրականացնենք, վնասները շատ ավելի մեծ կլինեն»,- նշեց Մ. Մաթևոսյանը:
Նրա խոսքերով`բյուջեի միջնաժամկետ ծրագրում ներառված են ավիոքիմիական ծախսերը: Միաժամանակ «Հայանտառ»-ն այժմ հնարավորություն չունի արբանյակային հետազտում անցկացնելու, սակայն Մաթևոսյանը հույս հայտնեց, որ դա կլինի այս տարվա վերջին:
Նա որպես առավել վարակված տարածքներ նշեց Արագածոտնի և Կոտայքի մարզերը:
«Սանիտարական հատումները որևէ առնչություն չունեն վարակված տարածքների հետ: Դա չի կարող նպաստել սանիտարական հատումների ծավալի ավելացմանը»,- հայտարարեց Մ. Մաթևոսյանը:
Նա նշեց, որ նախկինում անտառվերականգնման ամբողջ ծախսը հոգում էր ՀՀ բյուջեն` հատկացնելով մոտ 350 մլն դրամ: Անցյալ տարի այդ գումարը կազմել է 34 մլն դրամ, իսկ այս տարի այդ աշխատանքների համար բյուջեից գումար չի հատկացվելու: «Հայանտառ»-ն այդ աշխատանքերը պետք է իրականացնի իր բյուջեի հաշվին:
Հարցին, թե ինչպես դա կարելի է մեկնաբանել այն խոսակցությունները, թե անցյալ տարի Դիլիջանում բռնկված հրդեհը եղել է միտումնավոր` սուպերմարկետ կառուցելու համար, Մաթևոսյանը պատասխանեց, որ դա դժվար թե համապատասխանի իրականությանը:
«Սակայն Դիլիջանի ազգային պարկը «Հայնտառ»-ի ենթակայության տակ չէ»,- հավելեց Մ. Մաթևոսյանը:
Նա նաև նշեց, որ օրեր առաջ Նուբարաշենի տարածքում շուրջ 10 հա-ի վրա հրդեհ է բռնկվել`հավանաբար ծխախոտից, սակայն ծառերի վնասը շատ քիչ է: Իսկ կոնկրետ վնասները որոշելու համար ժամանակ է պետք:
«Հայանտառ»-ն այս տարի իրականացնելու է միջազգային ծրագիր 3 տարով, որով նախատեսված է տնկել 150 հա խառը անտառներ: Այդ են պահանջում նաև կլիմայական փոփոխությունները, և կա հատկապես տերևավոր և փշատերև անտառների հիմնման խնդիր:
«Չեմ կիսում բնապահպանների այն կարծիքը, որ Հայաստանը կանգնած է անապատացման եզրին: Մենք անտառային տարածքների կորուստ չենք ունեցել»,- ասաց Մ. Մաթևոսյանը:
Նա նաև նշեց, ոչ Թեղուտի հանքի լրիվ շահագործման դեպքում կվերանա 357 հա անտառտարածք, սակայն միժամանակ «Էյ Սի Փի» ընկերությունը պարտավորված է տնկել 700 հա նոր անտառներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել