
ՄԻՊ-ի խորհրդականն այցելել է դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին
ՄԻՊ-ի խորհրդական Երանուհի Թումանյանցն, ով վերադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, «Հետքին» հաղորդեց, որ հանդիպել են դատապարտյալ Սերոբ Մխիթարյանին. «Մի քանի անգամ շեշտեցինք, որ ՄԻՊ-ի գրասենյակից ենք, որ ցանկանում ենք զրուցել իր հետ՝ իմանալու, թե արդյոք որևէ բռնություն կիրառվել է իր նկատմամբ, բայց, հոգեբան, հոգեբույժ, մասնագետ չլինելով, իմ տպավորությունն այնպիսին էր, որ նա դժվար էր ընկալում, թե ով ենք, ինչ նպատակով ենք եկել: Բայց նա որևէ բողոք չներկայացրեց, թե իրեն ծեծել են: Լիովին ադեկվատ չէր, բայց վախ ու խուճապ չկար»:
ՄԻՊ-ի բռնությունների կանխարգելման աշխատակիցները զննել են դատապարտյալին, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ինքը՝ Սերոբը ասել է, որ խցակիցներն ու աշխատակիցներն իրեն լավ են վերաբերվում, բայց ինքն ուզում է տուն գնալ:
«Երբ լինի դիմում ՄԻՊ-ին, բժշկական փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո, միգուցե անհրաժեշտություն առաջանա դիմել ԱՆ դատապարտյալին տեղափոխելու Դատապարտյաների հիվանդանոց»,- հայտնեց ՄԻՊ-ի խորհրդականը:
Նույն կալանավորին այցելել էր նաև ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խումբը: Խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ Սերոբ Մխիթարյանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և իրենք որոշակի քայլեր են ձեռնարկում, որոնց մասին առայժմ նպատակահարմար չգտավ բարձրաձայնել:
Մեկնաբանել