Գերմանացի բժիշկ-դիրիժորը ղեկավարելու է ֆիլհարմոնիկ նվագախումբը
Ստեֆան Վիլլիխը, ով մասնագիտությամբ բժիշկ է, այժմ ղեկավարում է Բժիշկների համաշխարհային նվագախումբը (ԲՀՆ): Այն հիմնադրվել է 6 տարի առաջ: Գերմանացի դիրիժորի խոսքով՝ ԲՀՆ ստեղծելիս ունեցել է երկու հիմնական նպատակ. ցույց տալ, որ բժիշկները պատասխանատու են ոչ միայն իրենց հիվանդների, այլև ամբողջ հասարակության առողջության համար, և երկրորդ՝ նվագախմբի մասնակցությամբ կազմակերպել բարեգործական համերգներ, որից ստացված հասույթը պարբերաբար օգտագործվում է բարեգործական նպատակներով: ԲՀՆ-ի ուշադրության կենտրոնում են տարբեր երկրներ, այդ թվում և Աֆրիկայի աղքատ երկրները: Այժմ նվագախմբում ընդգրկված են շուրջ 500 բժիշկներ աշխարհի ավելի քան 50 երկրներից, որոնց թվում կա 5 հայ:
Գերմանացի դիրիժորը նշեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 3 տարի առաջ իր նվագախմբի հետ: Այստեղից մեկնել են տպավորված՝ տեսնելով տեղի հյուրընկալությունը, արվեստն ու մարդկային հարաբերությունները: Այս անգամ արդեն Ս. Վիլլիխը տեսնում է, որ Հայաստանը զարգացել և ծաղկում է:
Ս. Վիլլիխը 6 տարեկանից ջութակ է նվագել, հետագայում ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ երկար տարիներ աշխատելով այս ոլորտում: Բժշկությանը զուգահեռ զբաղվելով երաժշտությամբ՝ վերջին տարիներին Ս. Վիլլիխը հանդես է գալիս նաև որպես դիրիժոր:
Ստեֆան Վիլլիխը Երևանում ելույթ է ունենալու «Երևանյան հեռանկարներ» 14-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում նա ղեկավարելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, և հանդես է գալու ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի հետ, ում հանդիպում է առաջին անգամ: Համերգի ընթացքում երաժիշտները նվագելու են նաև Մոցարտի թիվ 27 դաշնամուրային կոնցերտը, որը Մոցարտի գրած վերջին դաշնամուրային կոնցերտն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել