
Վարդան Պետրոսյան. «Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել»
Այս պահին Վարդան Պետրոսյանին «Արթմեդ» բժշկական սթրես կենտրոնից շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խափանման միջոցի ընտրության հարցը որոշելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այսօր առավոտյան ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Բժշկական կենտրոնի մուտքի մոտ «Հետքի» հետ զրույցում Վարդան Պետրոսյանը նախ ցավակցություն հայտնեց ավտովթարից մահացածների ընտանիքներին, այնուհետեւ շարունակեց. «Քննիչի գործողություններն ինձ համար առավել տարօրինակ են, ո՞ւր են շտապում, չեմ հասկանում: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ 15-20 տարի էլ նստել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից»,- եզրափակել է դերասանը:
Նշենք, որ օրենքով սահմանված կարգով ձերբակալման 72 ժամը լրանում էր այսօր առավոտյան 12:00-ին, սակայն քննիչը սթրես կենտրոն է ներկայացել 10:00-ին եւ փորձել հարցաքննել Վարդան Պետրոսյանին` առանց փաստաբանի ներկայության: Վերջինս հրաժարվել է քննիչի հարցերին պատասխանել:
Այս պահին «Հետքի» թղթակիցը եւս ուղեւորվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նորություններին հետեւեք քիչ անց:
Արվեստագետները հանդես են եկել երաշխավորագիր-ստորագրություններով` պահանջելով խափանման միջոց ընտրել գրավը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի արդյունքում զոհվել էին երկու երիտասարդներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել