HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». սիմֆոնիկ ռոք-2

Նաիրա Հայրապետյան

սկիզբը  
SYMPHOROCK

Շարունակում ենք մեր անդրադարձը` նվիրված պրոգրեսիվ ռոքի ենթաճյուղերից մեկին` սիմֆոնիկ ռոքին` հիմնականում դիտարկելով ռոք խմբերի և սիմֆոնիկ նվագախմբերի համար գրված և կատարված հայտնի ստեղծագործություններից մի քանիսը: Նախորդ հոդվածում անդրադարձել էինք The Moody Blues, Deep Purple խմբերի ''Nights in White Satin'' (“Days of Future Passed” ալբոմից) և ''Concerto for Group and Orchestra'' ստեղծագործություններին: Երաժշտական այս «տարածքում» գործել են նաև հանրահայտ Pink Floyd-ը, Genesis, The Nice, King Crimson, Renaissance, Yes, Emerson, Lake & Palmer, Muse և այլ խմբեր:

Իր մուտքը սիմֆոնիկ ռոքում Genesis-ը հաստատեց 1970 թվականին` ''Trespass'' ալբոմով, սակայն խմբի կուլմինացիան այս բնագավառում դարձան  նախ` ''Foxtrot''-ը (1972թ), ապա` ''Selling England By the Pound'' ալբոմները, որոնք միաժամանակ Genesis-ին նոր փայլ հաղորդեցին` դասելով բրիտանական ռոք երաժշտության լավագույն խմբերի շարքում: ''Foxtrot''-ում ընդգրկված էր ''Supper’s Ready'' (Ընթրիքը պատրաստ է) խորագրով սյուիտը` գրված սոնատային ձևաչափով: Այն խմբի լավագույն ստեղծագործություններից մեկն է համարվում ոչ միայն սիմֆոնիկ ռոքի ժանրում: Խմբի վոկալիստ Պիտեր Գաբրիելը այդ տարիներին բեմում սկսեց օգտագործել թատերականացված էֆեկտներ` համերգներին տալով տարօրինակ, հանելուկային պատկերներ:


Genesis խումբը իր սիմֆո-ռոքային տրամադրությունը շարունակեց պահպանել նաև Պիտեր Գաբրիելի հեռանալուց  հետո, մինչև 1976թ.:

Երաժշտագետները սովորաբար Pink Floyd-ին ոչ միշտ են համարում սիմֆոնիկ ռոք ժանրի խումբ, քանի որ այն բավականաչափ «նվագախմբային» (orchestral) չէ: Այնուամենայնիվ, 1970թ թողարկված ''Atom Heart Mother'' ալբոմը ներառել էր համանուն սյուիտը` նվագախմբային ծավալուն համադրությամբ: Սիմֆոնիկ ռոքի ներկայությունը (փսիխոդելիք էլեմենտներով) ակնհայտորեն տեսանելի էր նաև ''Echoes''-ում (ՙMeddle՚ ալբոմ, 1971թ), ինչպես նաև ''Wish you were here'' (1975թ), ''Animals'' 1977թ) ալբոմների առանձին ստեղծագործություններում: Սակայն, այս ամենով հանդերձ, «սիմֆոնիկ ռոք» տերմինի հետ խմբի առնչությունը ընդունված է համարել ''The Trial''-ը` խմբի հանրահայտ  ''The Wall'' ալբոմից, որը քննադատների կարծիքով տառացիորեն բնորոշում է այդ ժանրի առանձնահատկությունները:

Պրոգրեսիվ ռոքի ասպարեզում ''Yes'' խմբին հնարավոր է համարել ամենամեծ ամբիցիաներ ունեցողը, քանի որ այն իր ստեղծագործություններում ավելի հաճախ էր օգտագործում սիմֆոնիկ և դասական երաժշտական խմբերի այլ համադրություններ, տարբեր ոճերի ձուլմամբ էքսպերիմենտներ: 1970թ-ին ձայնագրված ''Time and a Word'' երգը (համանուն ալբոմից) բացի կատարողական վարպետությունից հստակորեն ընդգծում էր այն երաժշտական ուղղությունը, որով հետագայում պետք է ընթանար խումբը:

Այսպիսով` 1970-ական թթ. սիմֆոնիկ ռոքը դարձել էր ամենապահանջված երաժշտությունը, որը նաև ծնունդ տվեց այս ասպարեզում նոր խմբերի և երաժիշտների: Մինչև  70-ականների կեսերը այն գտնվում էր իր զարգացման գագաթնակետին, սակայն հաջորդող տարիներից սկսեց կորցնել իր նախկին փայլն ու հետաքրքրությունը: Պատճառը թերևս երկու բացատրություն ուներ. նախ այն, որ այս ժանրում հաստատված վարպետները գնալով առավել բարդ երաժշտական տարածքներ էին վերհանում` շատ հաճախ կորցնելով սիմֆոնիկ ռոքում արդեն կայացած որոշ ձևերի, սկզբունքների հանդեպ չափի զգացումը, որի հետևանքով ժանրը, այլ կերպ ասած, հանդիսատեսի մի լայն շերտ կորցրեց: Հաջորդ պատճառն այն էր, որ նորահայտ խմբերի մեծամասնությունը կրկնում էր արդեն «ասված և արված խոսքեր» ` հետևելով սիմֆոնիկ ռոքի ժանրում ամենահեղինակավոր խմբերին, և այս, ժամանակակից լեզվով ասած, «քոփի-փեստ» -ային մոտեցումը բացահայտ խոստովանության էր նման` ժանրը արդեն սպառել է իրեն…

Սիմֆոնիկ ռոքի վերածնունդը

Սիմֆոնիկ ռոքի առաջին վերածնունդը վերագրվում է 1980-ականներին, երբ Մեծ Բրիտանիայում առաջացավ նոր երաժշտական անվանում` նեոպրոգրեսիվ ռոք: Պրոգրեսիվ ռոքի նոր ենթաժանրը ներկայացնող խմբերն ամեն կերպ ջանում էին շարունակել սիմֆո-ռոքի տիտանների կառուցած ճանապարհը, սակայն այս նոր ալիքը չունեցավ բավականաչափ ամրություն և կանգ առավ 80-ականների վերջին:  Երկրորդ վերածնունդը, արդեն հաջող ընթացքով,  և բոլորովին նոր ձևաչափով  վիճակված էր 90-ականներին:

Եթե նախկինում սիմֆոնիկ ռոք ստեղծագործությունները հիմնականում գրվում էին ռոք խմբերի երաժիշտների կողմից, ապա այս անգամ նախաձեռնությունը ակադեմիական երաժիշտներին էր պատկանում: Նախկին ընդդիմադիր մթնոլորտը վաղուց փլուզվել էր,  և ժամանակը հաստատել էր նոր մոտեցում` դասական-ակադեմիական հետաքրքրություն ռոք երաժշտության հանդեպ: Այս փուլում արդիական են դառնում ռոք ստեղծագործությունների մշակումները` դասական երաժշտության բանաձևով: Դրանք հիմնականում ներկայացնում էին ռոքի կլասիկ նմուշների նոր գործիքավորումներ` հատուկ սիմֆոնիկ նվագախմբերի համար: Այս հետքեով 90-ականներին թողարկվում են Լոնդոնի սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբերի մի քանի ալբոմ-ձայնասկավառակներ, որոնցում ներգրավված էին Փինկ Ֆլոյդի, Բիթլզի, Քուինի, Եսի երգացանկերից լավագույն ստեղծագործություններ` սիմֆոնիկ համադրությամբ:

1999թ. ապրիլին Սան Ֆրանցիսկոյի Բըրքլիս Քըմյունիթի թատրոնում տեղի ունեցավ հեվի մեթալ ոճում գործող ամերիկյան Metallica ռոք խմբի և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը. դիրիժոր` Մայքլ Քեմեն: Վերջինս հայտնի էր որպես կոմպոզիտոր և գործիքավորող, առավելապես ռոք և ակադեմիական երաժշտության լավագույն գիտակ: Մասնագետների բնորոշմամբ այս համերգը սիմֆոնիկ ռոքի պատմության  մեջ ամենահաջողված  նախաձեռնություններից մեկն էր և յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգան սինթեզել էր հեվի մեթալ-դասական երաժշտություն աշխարհները: Ի դեպ, «Մետալիկա» խմբի անդամները տարակուսանքով էին վերաբերվել Քեմենի առաջարկին, բայց համաձայնել էին փորձել: Երկխոսությունն, իհարկե, հաջողությամբ ստացվեց` վայելելով մեծ արձագանքներ. արդյունքում թողարկվեց «S&M» ալբոմը, որտեղ ընդգրկված էին խմբի տարբեր ալբոմներից վերցված լավագույն գործերի մշակումներ: Այս նախաձեռնությունը ոչ միայն իսկական երկխոսություն էր` երկու ծայրահեղ բևեռների հանդեպ փոխադարձ հարգանքով և ակնածանքով, այլև նոր հայացք` սիմֆոնիկ ռոքի հնարավորություններին:

Ռոքի և ակադեմիական երաժշտության սինթեզը հետաքրքրության կենտրոնում շարունակում է մնալ մինչ օրս` իր տեղ-տեղ բոցավառող, տեղ-տեղ էլ աղոտ լուսարձակումներով: Այն նոր խոսք էր ու նոր առաքելություն, որը մեծ հետք թողեց երաժշտական տարբեր ոճերի ու տարբեր ժանրերի ձևավորման մեջ, մեզ` երաժշտասերներիս պարգևելով հանճարեղ գործեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներում, ընդունված նույնիսկ տաբեր նախասիրություններ ունեցողների համար, ուստի և անմահ` իրենց կենսագրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter