«Նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի չխափանվի այս բիենալեի կայացումը»
Հարցազրույց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանի հետ
Ի՞նչ է ձեռնարկում Մշակույթի նախարարությունը ժամանակակից արվեստը սատարելու համար:
Նախարարությունը, մասնավորապես` Ժամանակակից արվեստի վարչությունը, մշակում է մի շարք ծրագրեր բոլոր ոլորտներում: Երաժշտարվեստի ոլորտում արդեն իսկ ձևավորված ունենք փառատոններ, մրցույթներ: Նույնն է նաև թատրոնի, կինոյի բնագավառում: Բավականին մեծ աշխատանք է տարվում նաև կերպարվեստի ոլորտը համակարգելու համար, նույնպես մշակվում են փառատոններ, մրցույթներ:
Պետք է ուրախությամբ ասեմ, որ նախարարությունը հավանաբար հաջորդ տարի լավագույն արվեստաբանական քննադատական հոդվածի մրցույթ է հայտարարելու: Դրանով իսկ ուզում ենք խթանել արվեստաբանության դաշտը, որպեսզի արվեստաբանները յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո մամուլում իրենց հոդվածները զետեղելու հնարավորություն ունենան: Հաջորդ տարի երկրորդ անգամ մշակույթի նախարարության կողմից անցկացվելու է Արշիլ Գորկու ամենամյա ժամանակակից արվեստի ֆորումը:
Այս ժամանակակից արվեստի ֆորումի ներքո լինելու են ինչպես գիտաժողովներ, ցուցահանդեսներ, նախարարությունը հետամուտ է լինելու նաև «Բաց արվեստանոցի օր» նախագծին: Նաև փորձում ենք այն արվեստը, որը այժմեական է, այսինքն` այսօր է ստեղծվում, հանել դուրս, հասանելի դարձնել դրսում:
Ինչպե՞ս եք դա անում:
Դա ցուցահանդեսների միջոցով պետք է լինի:
Այսինքն` արդեն կազմակերպո՞ւմ եք, թե՞ դեռևս պլանների մեջ են:
Մի քանի ցուցահանդես եղել է, բայց 2011 թվականին նախատեսված են ցուցահանդեսներ: Այս տարի սեպտեմբերին պետք է լինի ժամանակակից արվեստի ցուցահանդես Իտալիայում: Բնականաբար, շփումը պետք է շատ ակտիվանա դրսի և Հայաստանի արվեստագետների միջև, որպեսզի կարողանանաք միջազգային մակարդակի արվեստ ներկայացնել: Այսինքն` մենք անընդհատ Հայաստանում ցուցադրվելով` ոչ մի խնդիր չենք լուծում:
Արվեստագետները բողոքում են, որ Մշակույթի նախարարությունում ժամանակակից արվեստի նկատմամբ անտարբեր են:
Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է նման կարծիք ստեղծվում, որովհետև բոլոր այն քայլերը, որ նախարարությունը ձեռնարկում է այդ ոլորտում, այդպես միանգամից չեն կարող տեսանելի լինել: Որևէ բան կյանքի կոչելու համար պահանջվում է բավականին շատ ժամանակ, իսկ վարչական համակարգը, և, առհասարակ, նախարարությունների աշխատանքի համակարգը այնպիսին է, որ նախնական փուլ է պահանջվում, որը բավականին երկար է և աշխատատար:
Եթե խոսքը վերաբերում է կերպարվեստին, ես պետք է ասեմ, որ այդպիսի կարծիք է ստեղծվում, որովհետև բազմաթիվ պարագաներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից արվեստի համար, գոյություն չունեն Հայաստանում: Այսինքն` չունենք առաջին հերթին ցուցասրահներ, չունենք պատշաճ ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ կարողանանք ժամանակակից արվեստ ցուցադրել:
Բոլորիս հայտնի է, որ ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարում այլևս կտավ, շրջանակ չի: Եթե խոսում ենք ժամանակակից արվեստի մասին, պետք է ունենանք պրոեկտորներ, համակարգիչներ, լուսային տարբեր սարքավորումներ:
Բավարար ե՞ք համարում բյուջեից հատկացումը կերպարվեստի ոլորտին:
Ոչ: Համարում եմ շատ նվազ, հատկացվող գումարը խիստ սահմանափակ է կերպարվեստի համար:
Կարծում եք` պատճառ կա՞ դրա համար:
Չեմ կարծում, որ պատճառ լինի, պարզապես կարծում եմ, որ նաև այդ դաշտի պասիվության խնդիրն է, որովհետև ես ինքս բազմաթիվ շփումներից հետո հասկացա, որ առհասարակ դաշտը հուսալքված է, և կարծում է, որ Մշակույթի նախարարությունը որևէ բանով չի կարող սատարել:
Եվ նույնիսկ փորձ էլ չի արվում դիմել Մշակույթի նախարարությանը, ի սկզբանե բացառում են մշակույթի նախարարության մասնակցությունը: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ տարվանից այդ մոտեցումը փոխվելու է. Մշակույթի նախարարությունը հավասարաչափ է ուշադրություն հատկացնելու բոլոր ոլորտներին, այդ թվում նաև կերպարվեստին:
Սեպտեմբերի 10-ին Գյումրիում բացվելու է 7-րդ Ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն: Մշակույթի նախարարությունից աջակցություն չի եղե՞լ:
Մշակույթի նախարարությունը վերջին բիենալեին, այսինքն` 2 տարի առաջ առաջին անգամ պետականորեն սատարեց 10 միլիոն դրամով: Անչափ ուրախ եմ, որ այդ բիենալեն շարունակական բնույթ է կրում, բայց մի փոքր տխրում եմ, որովհետև կազմակերպիչները բիենալեին հետամուտ չեղան, որպեսզի վաղաժամ դիմեն Մշակույթի նախարարություն ֆինանսավորման համար, որովհետև նախարարությունը պատրաստ էր աջակցելու, ֆինանսավորելու:
Իրենք ներքին խնդիրներ են ունեցել: Սակայն նախարարությունը անմասն չի մնացել նաև այս բիենալեի սատարմանը: Այնտեղ ինչպես բարոյական աջակցություն, այնպես էլ ֆինանսական որոշակի աջակցություն է ցուցաբերվում, նաև բացմանն ենք ներկա լինելու: Ճիշտն ասած` այդ աշխատանքը չի երևացել ոչ մի տեղ, բայց Գյումրու բիենալեի կազմկոմիտեի հետ շատ սերտ համագործակցություն է գնացել, և նախարարությունն ամեն ինչ արել է, որպեսզի չխափանվի այս բիենալեի կայացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել