HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Վան Սողոմոնյան. «Արվեստի գործ գնելը կարտոֆիլ գնելու պես հեշտ բան չէ»

Օրերս Նկարիչների միության առաջին հարկի մեծ սրահում բացվել է Վան Սողոմոնյանի հայաստանյան 4-րդ անհատական ցուցահանդեսը, որը հարմար առիթ էր` արվեստագետի հետ արվեստի զարգացման միտումների մասին զրուցելու:

Վան Սողոմոնյանը երկար տարիներ բնակվում է Գերմանիայում, ժամանակ առ ժամանակ այցելելով Հայաստան` նա արվեստասեր հասարակությանը ներկայանում է նոր աշխատանքների ցուցահանդեսներով:

90-ական թվականների սկիզբն էր, Գերմանիայում կազմակերպվել էր մի ցուցահանդես, որին մասնակցել էր նաեւ Վան Սողոմոնյանը եւ առաջարկ ստացել մնալ ու ստեղծագործել Եվրոպայում: Տարիների հեռվից արվեստագետը խոստովանում է, որ դրա շնորհիվ կարողացավ շարունակել ստեղծագործել:
«Բոլոր երկրներն էլ մերն են, ոչ թե մենք իրենցն ենք»,- ասում է Վան Սողոմոնյանը ու պատմում, թե ինչպես է «պատահաբար» ծնվել Վրաստանում, հետո եկել Հայաստան, այնուհետեւ երկար տարիներ ապրել Գերմանիայում:

«Մենք բոլորս ասես մի ամպի տակ ենք ապրում»

Արվեստագետը պնդում է, որ Գերմանիան ոչ աջ եւ ոչ էլ ձախ փոփոխություններով չի բեկել ստեղծագործելու իր ձեւն ու ուղղությունը: «Եթե նկարչություն կա, ուրեմն` կա, կապ չունի` այն եվրոպակա՞ն է, թե՞ եվրասիական,- ասում է Վան Սողոմոնյանը եւ ավելացնում:- Ես կարծում եմ, որ եթե վերցնես գործն այստեղից ու դնես աշխարհի որեւէ դահլիճում, մարդը պիտի զգա, որ դա արվեստի գործ է: Թե ո՞վ է ստեղծել, ո՞ր երկրում է ստեղծվել, դա նշանակություն պիտի չունենա: Հետո է պարզվում` հեղինակը հայ է կամ հույն: Արվեստի գործը մնում է արվեստի գործ: Էժան ճանապարհներ չկան, հեշտ ճանապարհներ չկան»:
Եվրոպական երկրում ստեղծագործելու առավելությունը շփումն է, ինչը Վան Սողոմոնյանը արվեստագետի համար անչափ կարեւոր է համարում: «Իտալիայում նույն իմ հարազատ մարդիկ են, հարազատ արվեստն է, ես, այսպես ասած, իրենց մարդն եմ: Սխալ է, երբ արվեստագետը, երաժիշտը, նկարիչը մի տեղ է նստում ու փակվում, մի տեղից է սնվում: Արվեստագետը պետք է ողջ աշխարհով սնվի»,- կարծում է Վան Սողոմոնյանը:
Հիշում է, որ 70-80-ական թվականներին, երբ մասնակցում էր միջազգային ցուցահանդեսների, անպայման նայում էր ցուցահանդեսների կատալոգները, փորձում նկատել, թե ինչ տարբերություններ կան, քանի որ Հայաստանում այդ տարիներին հաճախ չէին տեսնում արտասահմանում ստեղծվող գործերը. «Գնացի առաջին անգամ, նայեցի, հետո տեսա, որ ես ոչ մի բանով չեմ զիջում իրենց, դեռ ավելի լավն էին իմ գործերը: Մենք բոլորս ասես մի ամպի տակ ենք ապրում»:

«Արվեստը շոու է դարձել»

Խոսելով ժամանակակից արվեստի աշխարհի ամենամեծ իրադարձության` «Դոկումենտայի» մասին, որը Գերմանիա է բերում ժամանակակից շարժումների ներկայացուցիչներին ողջ աշխարհից, Վան Սողոմոնյանն ասում է. «Արվեստը դարձրել են շոու: Դա հետո մաքրվելու է: Պիտի չխաբվես: Ժողովրդին վատ վիճակի մեջ են դնում, քանի որ ժողովուրդը չի հասկանում: Անգամ հատուկ մարդիկ են լինում դահլիճներում, ովքեր ժամերով բացատրում են, թե դա ինչ է, ինչի համար է: Ես կարծում եմ` շատ սխալ գծով են գնում»:
Նրա կարծիքով` արվեստագետը պետք է անի այն, ինչ զգում է, մտածում է, չպետք է ընկնի մոդեռնի ետեւից: «Նա ոչ մի դեպքում չպիտի ընկնի ջրերը, ջուրը կտանի: Հետո կշրջվի, կտեսնի` ետեւում ոչինչ չունի, հիմք չունի»,- համոզված է արվեստագետը:

«Խնդրում են մեկին, որ աթոռ զբաղեցնի»

Վան Սողոմոնյանը Հայաստանի եւ Գերմանիայի Նկարիչների միությունների անդամ է: Համեմատելով երկու երկրների ստեղծագործական միությունների գործունեությունը` փաստում է, որ Գերմանիայի Նկարիչների միությունն ավելի աղքատ է, քան Հայաստանինը: Գերմանիայի Նկարիչների միությունն ունի բավականին հին շենք, որտեղ թույլ են տալիս անվճար ցուցահանդեսներ ունենալ, սակայն դա քչերին է գայթակղում համապատասխան իմիջ չունենալու պատճառով: Ըստ նրա` ոչ մեկին չեն հետաքրքրում Միության շենքում կազմակերպվող ցուցահանդեսները. «Նկարիչների միության նախագահը նկարիչ չէ, այնտեղ խնդրում են մեկին, որ աթոռը զբաղեցնի,- պատմում է Վան Սողոմոնյանը եւ ընդգծում մի հանգամանք,- Գերմանիայում Միությունը նկարիչներին արվեստանոց է տրամադրում, փոխարենը նրանք 2 տարի անվճար են աշխատում»:

«Ցուցահանդես կազմակերպելը հեշտ է, եթե փող ունես»

Վան Սողոմոնյանի կարծիքով` որպես նկարիչ ապրելը դժվար է ամբողջ աշխարհում: «Արվեստը դրամ չի բերում, արվեստով աշխատողները դժվար են ապրում. դա ընդունված, գրքերում գրված բան է: Ինձ մոտ գալիս են մարդիկ, ասում են` ես ուզում էի նկարիչ դառնալ, ծնողներս ասացին, թե դու աղքատ նկարիչ կլինես, գնա ուրիշ տեղ սովորիր»,- պատմում է նա:

«Ցուցահանդես կազմակերպելը հեշտ է, եթե փող ունես: Ընդհանրապես, արվեստը փող է պահանջում: Նա, ով փող ունի, ուզում է ցուցադրություն ունենալ. մարդիկ այդ դահլիճ կգան, թե չեն գա, իր գործերը կգնեն, թե չեն գնի` շատ չի հետաքրքրում: Արվեստագետը կարծում է, որ ցուցահանդեսներն ինքնանպատակ չպետք է կազմակերպվեն, որ ցուցահանդեսների կազմակերպիչները պետք է լուրջ նկարիչներով զբաղվեն, որպեսզի այնպիսի ցուցահանդես կազմակերպեն, որ մարդ այցելի. «Դա պետք է սովորել: Մեծ մարկետինգ է: Ժամանակ անցավ, մինչեւ հասկացանք նրանց կապիտալիստական մտածելակերպը»:

«Արվեստի գործ գնելը կարտոֆիլ գնելու պես հեշտ բան չէ»

Արվեստագետը հիշում է, որ ժամանակին Գերմանիայում վատ էին տրամադրված Խորհրդային Միության երկրներից փախստական նկարիչների նկատմամբ, երբ նրանք սկսեցին գնալ Եվրոպա եւ փորձեցին իրենց գործերը վաճառել շատ ցածր գներով. «Նրանց հասկանալ կարելի էր: Իրենց համար 100 դոլարը փող էր: Գտնվեցին խելոքներ, ովքեր գնեցին էժան, հետո վերավաճառեցին: Բայց հիմնականում ասում էին` այդքան էժան ու՞մ է պետք: Շատերը գործերը թողնում էին, որովհետեւ ետ տանելը դժվար էր»:

Խոսելով արվեստի շուկայի նրբությունների մասին` Վան Սողոմոնյանն ասում է. «Արվեստի գործ գնելը կարտոֆիլ գնելու պես հեշտ բան չէ: Մարդ պետք է որոշի` երկու մեքենա է գնո՞ւմ, թե՞ արվեստի գործ. նա նախեւառաջ պետք է իր ինտելեկտուալությամբ հասնի այդ մակարդակին: Մարդ կարող է թանկ հագուստ չունենալ, բայց յուրաքանչյուր երկու տարին արվեստի մի գործ ձեռք բերել, իսկ մեկ ուրիշը ամեն ամիս մեքենա փոխի»: Ըստ արվեստագետի` նման մոտեցումը գենետիկորեն է փոխանցվում, ընտանիքում ստացած դաստիարակության հետեւանք է:

Արտասահմանում հաճախ են հայերը հայերից արվեստի գործեր գնում` փորձելով օգնել, ինչն արվեստագետը ճիշտ չի համարում. «Ես ինչ-որ չափ հպարտ եմ ինձ զգում, որովհետեւ իմ գործերի գնորդը հայ չէ, այլ գերմանացի, ում ժամանակ է պետք այդ քայլին հասնելու համար: Հնարավոր է մի տարի գա, մի ստեղծագործություն միշտ նայի, չգնի, հետո ավելի ուշ գա ու գնի»:

Վան Սողոմոնյանը հավատում է, որ ժամանակ կգա, երբ մեզ մոտ էլ մարդիկ կսկսեն հասկանալ, որ արվեստի գործը պետք է գնել, որպեսզի չոչնչանա, չկորչի. «Մեկը կիմանա, մյուսն էլ կուզենա օրինակ վերցնել, կասի` ոչ թե 100 մլն ունեմ, այլ էս-էս արվեստի գործն ունեմ, նրա երեխան էլ դրանից համապատասխան ձեւով կդաստիարակվի»:

Լուսանկարը` armenpress.am-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter