HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Ավելի հեշտ է արտադրել, քան վաճառել»

«Տոսպ» ԲԲԸ տրիկոտաժի ձեռնարկությունը չդադարեց գործել նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ ցերեկային ժամերին էլեկտրականություն չկար. 1992-1994 թթ. դերձակուհիների աշխատանքը սկսվում էր գիշերը եւ ավարտվում առավոտյան:

«Դժվար էր, իհարկե, բայց գոնե էլի գործ կար, ստիպված չէինք թափառել գործ գտնելու համար: Մեր տնօրենը պայքարեց եւ պահեց արտադրամասը»,- ասում է Ասյա Հակոբյանը, որն արդեն 42 տարի կարում է նույն «Զինգեր» կարի մեքենայով: 

Դերձակուհիների մեծ մասն այստեղ աշխատում է 30, 40, 50 տարի` մի ամբողջ կյանք նույն տեղում եւ նույն մեքենայով: Հիմա մի փոքր դժվար է նման բան պատկերացնել, դա ավելի շատ խորհրդային երեւույթ էր: Հետաքրքիր է, որ դերձակուհիները շարունակում են նույնիսկ խոսել խորհրդային մասնագիտական լեզվով. ցույց տալով կարված տրիկոտաժե շապիկները` ասում էին` «օվերլոկ», «բեյկա», «ռասպաշոնկա» (ծալված կար), «զինգեր» (ուղիղ կար) եւ այլն: Իսկ պատերին գրված է` «проход держать свободным», «передовики бригады», «экспресс информация для трудящихся»: Որպես հակադրություն՝ միանգամից աչքի է ընկնում ձեռնարկության պատուհաններից երեւացող «Ջավախք» սուպերմարկետի գովազդային ցուցանակը: 

Սկզբում կարի արտադրամասերի տեղում եղել է փոքրիկ ատելյե: Հայրենական պատերազմից հետո` 1947 թ., հիմնվել է տրիկոտաժի արտադրություն: Ձեռնարկությունում կան տրիկոտաժի վերամշակման բոլոր փուլերի համար անհրաժեշտ արտադրամասերը` գործող, լվացող, ներկող, կարող: Գործող մասն արդեն երկու տարի չի աշխատում, քանի որ բիզնեսի տեսանկյունից ձեռնտու չէ: Բայց կարվում է ամեն ինչ, ինչ հնարավոր է պատկերացնել, բացատրել եւ պատվիրել` մանկական հագուստ, շապիկներ, գիշերանոցներ, ներքնաշորեր, համազգեստներ, սրբիչներ եւ այլն: 

Խորհրդային շրջանից ձեռնարկությունում պահպանվեցին արտադրամասի պատերը, մեքենասարքավորումները եւ մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, սակայն փոխվեցին աշխատանքի պայմանները: 

«Դժվար շրջանը 1992 թվականից մինչեւ հիմա է,- ասում է «Տոսպ» ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին,- եւ ամենավատն այն է, որ ես մինչեւ հիմա չեմ կարողանում նախագուշակել, թե ի՞նչ կլինի հետո»: Այս առումով մի փոքր վիճակագրություն, այնուամենայնիվ, կա. 1992 թվականին Հայաստանում գործում էր մոտ 40 տրիկոտաժի արտադրամաս, այսօր` 10 կամ ավելի քիչ: Փակվեցին, որովհետեւ այս բիզնեսում շահութաբերություն ապահովելու համար պետք էր շատ արտադրել, բայց որտե՞ղ վաճառել:

Ինչպես նշեց տնօրենը. «Ավելի հեշտ է արտադրել, քան վաճառել»: «Լավ, բերեցինք կտոր, շոր կարեցինք: Հետո ի՞նչ անենք: Արտահանումը թթվածնի պես անհրաժեշտ է մեզ: Հայաստանը շատ փոքր է, եւ մենք չենք կարող մեր ներսում այնքան շատ վաճառել, որ գոնե ծավալների հաշվին շահութաբերություն ապահովենք»,- ասում է գործարարը:

Արտահանմանը խոչընդոտում է դրամի շարունակական արժեւորումը. այս տարեսկզբին դոլարն արժեր 367 դրամ, իսկ տարեվերջին` 306: Այս պայմաններում շահույթ ստանալու տեսակետից արտահանումը դառնում է անիմաստ: 

Հիմա «Տոսպ»-ն աշխատում է մի իտալացի գործընկերոջ հետ, որը վարձում է ձեռնարկության աշխատուժը եւ արտադրանքն արտահանում Իտալիա: Իտալացիների հետ համագործակցությունը սկսվեց, երբ 1 եվրոն արժեր 700 դրամ, հիմա այն արժե 450 դրամ: Կոպիտ ասած՝ սկզբում ընկերությունն իր աշխատուժի ծառայությունը վաճառում էր 700 դրամով, հիմա` 450: «Նրանց վճարած եվրոյով չեմ կարողանում բանվոր պահել, ստիպված դիմում եմ ծառայության գինը բարձրացնելու քայլին: Վերջին անգամ ծառայության գինը 5-6 տոկոս բարձրացնելու համար մենք բանակցել ենք 2 ամիս: Իտալացիները զգում են, որ այս պայմաններում չեմ կարող երաշխավորել կայունություն: Հիմա նրանք Վրաստանում ուրիշ գործընկեր են փնտրում եւ չեն էլ թաքցնում»,- ասում պրն Բեկիրսկին: 

Դրամի արժեւորման պատճառով ընկերությունը միայն իտալացիների հետ համատեղ բիզնեսում 6 ամսվա ընթացքում կորցրել է 12 մլն դրամ: 

Այդ ընթացքում արտադրանքի ծավալները նվազել են 30 տոկոսով, իսկ բիզնեսի շահութաբերութունը՝ մինչեւ 5-6 տոկոս: Սա լուրջ խնդիր է, քանի որ բիզնես վարկերի տոկոսադրույքը 13-14 տոկոս է: Արտադրամասերում աշխատող մարդկանց աշխատավարձը 2003 թվականից չի փոխվել` միջինը 35-40 հազար դրամ: 400 դերձակուհիներից 200-ն աշխատում են իտալացիների համար: 

«Տոսպ»-ի արտադրանքն արտահանվում է Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստան եւ Իտալիա: Իտալիայում, սակայն, ապրանքի հայկական ծագումը չի նշվում: Դա նշանակում է, որ եվրոպական շուկան «Տոսպ»-ի համար կմնա բաց այնքան, որքան կշարունակվի համագործակցությունը իտալացիների հետ:

ԱՄՆ-ում ընկերությունն աշխատում է ամերիկահայ գործարարի հետ: Հայկական տրիկոտաժի թանկացումն այդ երկրներում մեղմելու համար ընկերությունը փորձում է առաջարկել նոր տեսականի:

Կտորը բերվում է Միջին Ասիայից, Թուրքիայից, Պարսկաստանից, Չինաստանից: 

Ամենալավ տարիներին ընկերության արտադրանքի միայն 15- 20 տոկոսն է սպառվել ներքին շուկայում: Ուստի տրիկոտաժի այս եւ մյուս ընկերությունների գոյությունը կախված է միայն արտահանումից: 

«Ուզում են խելոք երկրի ղեկավարներին նմանվել եւ խոսում են տեղեկատվական տեխնոլոգիաներից, տուրիզմից եւ մոռանում, որ Հայաստանում կան 30-55 տարեկան քաղաքում բնակվող կանայք, որոնք չեն կարող ծրագրեր գրել, չեն կարող տուրիզմի ոլորտում աշխատել, բայց կարող են կարել: Թեթեւ արդյունաբերության ոլորտում կարելի է ապահովել շատ աշխատատեղեր, բայց ես չեմ զգում, չեմ տեսնում, չեմ կարող ցույց տալ, որ այս հանգամանքը կարեւորվում է պետության կողմից: 2004 թվականին ես ստիպված էի 140 հոգու ազատել աշխատանքից: Բայց ոչ ոք չեկավ եւ չասաց՝ ինչու՞ այդ մարդիկ զրկվեցին աշխատանքից»,- հարցնում է գործարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter