HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի նախաձեռնությունները մերժվեցին

Ազգային ժողովը 43 կողմ 58 դեմ ձայներով մերժեց օրակարգ ընդունել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ  Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ռուբեն Գեւորգյանի, Մարտուն Գրիգորյանի ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ըստ հեղինակների`օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մակարդակը հեռու է բավարար լինելուց: Այդ խնդրի լուծումն ունի ոչ միայն կենսական եւ սոցիալական, այլեւ բարոյական մեծ նշանակություն: Այս անձանց տրվող պետական աջակցությունը պետք է կայուն եւ շոշափելի լինի, որին հասնելու լավագույն եւ վստահելի լուծումը օրենքով սահմանված պետական համապատասխան պարտավորության ստանձնումն է:

Բացի այդ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունը համահունչ է նաեւ կառավարության 2012-2017թթ. ծրագրում սահմանված բնակչության անապահով եւ սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման դրույթին:

Նախագծով սահմանվել էին զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական աջակցությունների տեսակաները՝

1) դրամական օգնությունը,

2) պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցումը,

3) ՀՀ բոլոր բժշկական հաստատություններում հետազոտումը եւ բուժումը,

4) առողջարանական բուժումը,

5) բնակարանային ապահովությունը,

6) կոմունալ վճարումների փոխահատուցումները,

7) ուսման վարձերի զեղչումը,

8) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցումը եւ այլն:

Սահմանվել էր նաեւ զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին տրվող դրամական օգնության նվազագույն շեմը` նվազագույն կենսապահովման զամբյուղին համարժեք (3-րդ կարգի հաշմանդամների համար):

44 կողմ 60 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով մերժվեց օրակարգ ընդունել նույն պատգամավորների ներկայացրած մեկ այլ օրինագիծ`«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Հեղինակները ներկայացրել էին հիմնավորում, ըստ որի` օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հիմնախնդրի լուծումը բարոյական եւ սոցիալական նշանակություն ունի: Ներկայումս մեր հանրապետությունում աշխատունակ եւ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անձինք դժվարությամբ են աշխատանք հայթայթում, իսկ հաշմանդամ, սակայն համապատասխան գիտելիքներ, փորձ եւ հմտություններ ունեցողների համար գրեթե բացակայում են աշխատանքային պայմանները եւ աշխատատեղերը, ուստի արդարացված է պետության նկատմամբ իրենց պարտքը կատարած անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափի ավելացումը:

Բուռն քննարկումներից հետո ԱԺ-ն մերժեց նաեւ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Նախագծի հեղինակ Հեղինե Բիշարյանն ասաց, որ առաջարկում են օրենքում տեղ գտած «գենդեր» բառերը փոխարինել «սեռ» բառով:

Պատգամավորը նշեց, որ հասարակության մոտ առաջացած «գենդեր» բառի  տարաբնույթ ընկալումները եւ տարաձայնությունները անհրաժեշտություն է առաջացել «Կանաց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով կամ նույնաբովանդակ այլ հայերեն բառով:

Պատգամովորները բուռն քննարկեցին առաջարկվող փոփոխությունը, նրանք առաջարկում էին նախագիծն ընդգրկել օրակարգ, որպեսզի լիագումար նիստում քննարկվի, սակայն ԱԺ-ն 20 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ ձայներով մերժեց օրակարգ ընդունել այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter