HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ պլաստիկ վիրաբույժը ցանկանում է օգնել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց

Արթուր Սալիբյանը պլաստիկ վիրաբույժ է, ով վերջերս Հայաստանում մասնակցում էր պլաստիկ վիրաբուժության միջազգային համաժողովին: Ա. Սալիբյանն արդեն 38 տարի աշխատում է Կալիֆոռնիայի Իրվայն (Irvine) քաղաքի համալսարանում: Սալիբյանը մասնագիտացել է դեմքի և կրծքագեղձի քաղցկեղի վերականգնողական վիրահատության (reconstructative surgery) ոլորտում: Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո անընդունելի է կուրծքը հեռացնելը, կրծքի մաշկը կարելը, ինչը կնոջ մոտ առաջ է բերում հոգեբանական խնդիր: Նա Հայաստանի պլաստիկ վիրաբույժներին առաջարկել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց կրծքի վերականգնողական վիրահատություն, որի դեպքում կուրծքը պահպանում է իր արտաքին տեսքը:

-Վերականգնողական վիրահատությունից հետո կուրծքը պահպանում է իր արտաքին տեսքը, և չես կարող ասել, թե որն է եղել հիվանդ կուրծքը: Երբ շոշափես այդ նոր վիրահատված կուրծքը, նույն զգացումն ես ունենում: Սա է նյութը, որի մասին խոսեցի համաժողովին: Փորձեցի աշխատել Հայաստանի բժիշկների հետ, ցույց տալ, թե ինչպես պետք է անել գործողությունը:

-Ձեր նշած վերականգնողական վիրահատությունը կատարվո՞ւմ է Հայաստանում:

-Ոչ, գոյություն չունի:

-Իսկ տեղյա՞կ եք, թե կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ինչպես են կատարում այդ վիրահատությունը:

-Այստեղ 100-ից 70-ի դեպքում կրծքի մորթը կհանեն, քով քովի կբերեն, կկապեն, որի հետևանքով գիծ, սպի է առաջանում: Այստեղ դրան ընդհանրապես կարևորություն չեն տալիս, բայց նման վիրահատական միջամտության դեպքում կանանց մոտ սթրես է առաջանում: Ցավոք, այդ հոգեբանության մասին ոչ ոք չի խոսում: Թե ինչպես է կինն իրեն զգում վիրահատությունից հետո, հոգ չէ նրանց համար: ԱՄՆ-ում աջակիցների խումբ կա, որտեղ քաղցկեղ ունեցած կանայք հավաքվում են, պատմում են իրենց պատմությունները, խոսում են իրար հետ: Գիտեք, ձևերը շատ են, բայց պետք է մեկը ցույց տա այդ արդյունքը:

-Երբ ներկայացրեցիք Ձեր առաջարկը համաժողովին, ի՞նչ արձագանք ստացաք:

-Շատ ուրախ են: Բժիշկներն ընդունում են դա: Դրամական դժվարություններ կան, բայց, իմ կարծիքով, կարելի է ստեղծել հիմնադրամ, իմպլանտները բերենք Հայաստան և մի ձևով, զեղչով այդ գորոծղությունն անենք, շատ կանայք կդիմեն, վստահ եմ:

-Իսկ դա թա՞նկ վիրահատություն է:

-Այս վերականգնողական վիրաբուժությունը կատարվում է մասնատումի ժամանակ, երբ օնկոլոգիկ վիրաբույժը կրծքի մեջը հանում է: Հիվանդանոցում հիվանդը երկար չի մնում, հիվանդանոցի ծախսը այդքան էլ շատ չէ, միայն պլաստիկ վիրաբույժի և իմպլանտի ծախսերն են:

Այստեղ շատ բժիշկների գիտեմ, ովքեր հոժար են սկզբից առանց վարձատրության անել: Հիմա ես եկել եմ, անում եմ այդ վիրահատությունները: Ինչ վերաբերում է իմպլանտին, դա մի քանի հարյուր դոլար է: Ծախսն այդքան էլ մեծ չէ: Իսկ վիրահատական գործողությունը դյուրին է: Այստեղ աշխատեցի մի քանի վիրաբույժների հետ: Նրանք շատ հեշտությամբ սովորեցին: Մասնավոր սարքավորումների անհրաժեշտություն չկա: Ռիսկ էլ չի պահանջում, պարզապես պետք է ճիշտ անել վիրահատությունը, հակառակ դեպքում մորթը կմեռնի:

Այդ վիրահատությունն անելու համար մեծ ֆոնդ հարկավոր չէ: Այդ ֆոնդի նպատակն այն պետք է լինի, որ հայթայթի սիլիկոն իմպլանտներ և առանց վճարի տրամադրի հիվանդներին: Իսկ հիվանդը վճարի միայն հիվանդանոցային ծախսերը: Կարծում եմ՝ գոնե սկիզբը այդպես պետք է լինի, հակառակ դեպքում շատ դժվար կլինի:

-Այդ հիմնադրամն ինչպե՞ս պետք է ձևավորվի, ի՞նչ միջոցներով:

-Մի քանի միջոցներ կան: Սկզբից կարող եմ այդ իմպլանտներն առնել անվճար և այստեղ ուղարկել: Բայց, վերջիվերջո, կան կազմակերպություններ, որոնք հոժար են ֆոնդ ստեղծել դրա համար:

-Ունե՞ք համեմատական պատկեր՝ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվը Հայաստանո՞ւմ է շատ, թե՞ ԱՄՆ-ում:

-Չեմ կարծում, թե շատ տարբերություն կա, միակ տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ում ամեն կին տարին մի անգամ մամոգրաֆիա է անցնում, և քաղցկեղները փոքր լինելու ժամանակ կարողանում են հայտնաբերել: Իսկ Հայաստանում կանայք մամոգրաֆիա չեն ուզում անցնել, նրանց պետք է ստիպել, ինչի հետևանքով քաղցկեղներն արդեն առաջացած են լինում, և երբ տեսնում են դա, դիմում են բժշկի: Սակայն այդ դեպքում արդեն ազդված է լինում մորթը:

-Բայց կա՞ բուժում:

-Անշուշտ, կա: Եթե կանուխ հայտնաբերես, բուժումը շատ արդյունավետ է: Վերջնական կարելի է բժշկել: Ամենակարևորը քաղցկեղը չտարածված բռնելն է:

-Հիմա ի՞նչ գործնական քայլեր են արվելու կրծքագեղձի քաղցկեղի վերականգնողական վիրահատության ուղղությամբ:

-Ես կապ եմ պահելու այստեղի բժիշկների հետ: Ինքս հետևողական եմ լինելու այդ հարցում: Մինչ ֆոնդի ստեղծումը այստեղի բժիշկները պետք է սկսեն այս գործողությունն անել: Եթե տեսնեմ, որ դա արվում է, այդ ժամանակ կանեմ մյուս քայլերը: Այսինքն՝ եթե սկզբից ֆոնդ ստեղծենք, բայց որևէ մեկը չդիմի այդ վիրահատությունն անելու, անիմաստ է ստեղծել այդ ֆոնդը: Այդ ֆոնդը կարող է նաև պլաստիկ բժշկին մի փոքր գումար տալ: Ֆոնդի ստեղծումը նրա համար է, որ դրամական ձևով փոքր-ինչ օգնեն, քանի որ պետությունը հեչ հետաքրքրություն չունի, հիվանդանոցները հետաքրքրություն չունեն, որովհետև մեջը դրամ չկա: Երբ մի բանում դրամ է լինում, ամեն մարդ նետվում է դրա մեջ: Եթե սա, ասենք, նոր կոսմետիկ վիրահատություն լինի, և բժիշկներն իմանան, որ այդտեղ կանխիկ գումար կա, ամենն էլ կընդունեն և կսկսեն անել այդ գործողությունները: Այստեղ չեն ուզում խոսել այդ մասին, իսկ կանայք էլ քաշվում են այդ թեմայից: Ի վերջո, իմ նպատակն է ստեղծել հիմնադրամ և բուժել այդ հիվանդներին, քանի որ, ինչպես գիտեք, դրա հիմքում տնտեսական խնդիրն է, և հիվանդանոցներն ու բժիշկները չեն հետաքրքրվում այնպիսի վիրահատություններով, որոնք չեն վճարվում: Այդ կանանց իրավունքն է՝ իրենց ամբողջական զգալ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter