HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտ` լճի մոտ

Նինոծմինդայի բանտը (գտնվելու վայրը` Սաղամո լճի մոտ, ընդհանուր մակերեսը` տասը հեկտար, ստանդարտ նախագիծ) նախատեսված է երեք հազար բանտարկյալի համար։

Հիմնականում էթնիկ հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիում սա առաջին բանտն է, որը բանտարկյալներին կընդունի հաջորդ տարվա վերջին։

2007 թվականի 7 ամիսների ընթացքում Նինոծմինդայում դատապարտվել է ընդամենը 9 մարդ։ Նրանք բոլորն էլ ստացել են պայմանական ժամկետներ, այսինքն` նրանցից եւ ոչ մեկը բանտ չի ընկել։ Ըստ առաջին ատյանի դատարանների վիճակագրության` Նինոծմինդայում դատապարտվածների քանակն ավելի քիչ է, քան Վրաստանի որեւէ այլ վայրում։ Նման տվյալներ, այսինքն` 9 ամսվա ընթացքում 9 դատապարտյալ, արձանագրվել է միայն Ճիաթուրայի շրջանում։ Մնացած տեղերում այդ թիվը 9-ից շատ ավելի մեծ է։

Եթե հավատանք դատական վիճակագրությանը, ուրեմն` նաեւ քննչական օրգաններին, ապա Նինոծմինդան (Ճիաթուրայի հետ միասին) Վրաստանի ամենաանվտանգ շրջանն է։ Բացի այդ, այստեղ նախատեսում են հիմնել ազգային պարկ։ Ուրեմն ինչու՞ է Վրաստանի արդարադատության նախարարությունը որոշել հենց այստեղ կառուցել նոր բանտը։

Նոր բանտեր` նոր կալանավորներ

«Բոլորին հայտնի է, որ համակարգը գերբեռնված է։ Բացելով նոր հաստատություններ` մենք պատրաստվում ենք այդ խնդիրը լուծել ամենակարճ ժամանակահատվածում` միաժամանակ ապահովելով միջազգային չափանիշներով երաշխավորված նվազագույն պայմանները։ Դա փուլային գործընթաց է, որը պետության ընդհանուր նպատակաուղղված քաղաքականության մի մասն է»,- ասում է Վրաստանի արդարադատության փոխնախարար Գիվի Միկանաձեն։

Նախարարության խնդիրը բանտարկյալների թվի աճն է երկրի քրեակատարողական համակարգում։ Այդ աճն իսկապես դրամատիկ բնույթ է կրում։ Եթե 2003 թվականին իր պատժաժամկետն էր կրում կամ սպասում էր դատական վճռի մոտ 6 300 մարդ, ապա այս տարվա 9 ամիսների ընթացքում այդ թիվը կազմել է 19 500։ Այսինքն` վերջին հինգ տարիների ընթացքում բանտարկյալների թիվն առնվազն եռապատկվել է։ Իրոք, հիմա 5-րդ մեկուսարանում երեք անգամ ավելի շատ բանտարկյալ կա, քան ֆիզիկապես թույլ են տալիս նրա չափերը։ Պարզ ասած` այնտեղ մեկ մահճակալին հասնում է երեք բանտարկյալ։ Տարին դեռ չի ավարտվել, բայց Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի կանխատեսումն արդեն իրականություն է դարձել։ Տարվա սկզբին նա հայտարարեց, որ 2007-ի վերջին երկրում կլինի 18 հազար բանտարկյալ։ Այդ հայտարարությունն անելու պահին բանտարկյալների թիվը չէր հասնում 16 հազարի։

Հասկանալի է, որ այս տարիներին երկրում բանտերի թիվը չի եռապատկվել։ Գաղութների եւ մեկուսարանների եռապատկման գործընթացն իրականացվում է հիմա.

  • N 6 մեկուսարանը Ռուսթավիում` 600-800 բանտարկյալի համար նախատեսված նոր մասնաշենքը բացվեց այս տարվա նոյեմբերին,
  • խիստ եւ ընդհանուր ռեժիմի գաղութը Գեգութիում` նորոգվում է, նախատեսված է 1500-2000 բանտարկյալի համար, կբացվի փուլ առ փուլ` մինչեւ 2008-ի վերջը:
  •  
  • խիստ եւ ընդհանուր ռեժիմի գաղութը Գեգութիում` 1000 հոգու համար նախատեսված նոր մասնաշենքը կբացվի 2008 թվականին,
  • N1 գաղութը Ռուսթավիում` 1000 բանտարկյալի համար նախատեսված նոր մասնաշենքը կբացվի մոտ ապագայում,
  • խիստ եւ ընդհանուր ռեժիմի N2 մեկուսարանը` նորոգվում է 1000 հոգու համար նախատեսված հին մասնաշենքը, կբացվի 2008թ.,
  • N5 ուղղիչ հիմնարկը կանանց եւ անչափահասների համար` նոր մասնաշենքը նախատեսված է 300-400 կին բանտարկյալների համար,
  • մեկուսարան Գլդանիում (Թբիլիսիի շրջաններից մեկը - խմբ.)` նոր հիմնարկ է, նախատեսված է 4000 բանտարկյալի համար, հայտարարվել էր, որ բացումը տեղի կունենա մինչեւ այս տարեվերջ,
  • գաղութ Լիատուրի ավանում (Զեստաֆոնիի մոտ)` նոր հիմնարկ է, նախատեսված է 3000 բանտարկյալի համար, կբացվի 2008թ.,
  • գաղութ Նինոծմինդայում` նոր հիմնարկ է, նախատեսված է 3000 բանտարկյալի համար, կբացվի 2008 թվականի վերջին,
  • մեկուսարան Զուգդիդիում` նոր հիմնարկ է, շինարարությունը դեռ չի սկսվել, հայտնի չէ, թե քանի՞ բանտարկյալի համար կլինի այն։

Եթե ի մի բերենք, ապա կստացվի, որ այսօրվանից մինչեւ 2009 թ. բանտարկյալների թիվը Վրաստանում կաճի մոտ 16 հազարով։ Այսօրվա դրությամբ Վրաստանի կալանավայրերում գտնվում են ավելի քան 19 500 դատապարտյալներ եւ մեղադրյալներ։ Եթե աճի տեմպերը չնվազեն, ապա տարվա վերջին նրանց թիվը կանցնի 20 հազարը։ Ըստ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող Քրեակատարողական դեպարտամենտի տեղեկատվության` այդ բոլոր նոր հիմնարկները կառուցվում են, որպեսզի Վրաստանի քրեակատարողական համակարգը մոտեցվի «միջազգային չափանիշներին»։

Ըստ գոյություն ունեցող նախագծի` Նինոծմինդայի խիստ ռեժիմի գաղութը կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին Օզուրգեթիինն է, որն արժեցել է 40 միլիոն լարի (մոտ 25 մլն դոլար - խմբ.)։

Ինչո՞ւ Նինոծմինդան

Այս հարցի պատասխանները, որ մենք ստացանք համապատասխան երկու օրգաններից` Արդարադատության նախարարությունից եւ Քրեակատարողական դեպարտամենտից, փոխբացառող են։

Առաջին տարբերակ

«Ամբողջ հարցը փողն է։ Վրաստանի հարավում մենք չունենք եւ երբեք չենք ունեցել ոչ մի քրեակատարողական հիմնարկ։ Այս որոշման նպատակն է` հավասարակշռել բանտերի համակարգը տարածաշրջանային մակարդակով։ Սամցխե-Ջավախեթիի բնակիչները նախնական կալանքը կրում են Թբիլիսիում, իսկ դա արդեն սոցիալական խնդիր է. նրանց ընտանիքի անդամները ստիպված են հաղթահարել մեծ հեռավորություններ։ Այստեղ գլխավորը սոցիալական ասպեկտն է, որպեսզի կալանավորները որքան կարելի է մոտ գտնվեն ընտանիքին։ Համապատասխանաբար կպարզեցվեն դատավարական նորմերը եւ հետաքննությունը։ Դա ամբողջ համակարգի բարեփոխման բաղադրիչ մասն է»,- ասում է արդարադատության փոխնախարար Գիվի Միկանաձեն։

Տրամաբանական է հավասարակշռել բանտերի համակարգը տարածաշրջանային մակարդակով։ Հենց այդպիսի հավասարակշռության համար է կառուցվում, օրինակ, Գուրիի մեկուսարանը։ Բայց արդարադատության նախարարության երկրորդ, ամենագլխավոր փաստարկը հերքում են նրա ենթակայության տակ գտնվող քրեակատարողական դեպարտամենտում։

Երկրորդ տարբերակ

Հարցին, թե ինչու՞ են որոշել բանտը կառուցել հենց Նինոծմինդայում, Քրեակատարողական դեպարտամենտի նախագահի տեղակալ Ռեզո Չարբաձեն պատասխանում է այսպես. «Ուղղակի այդպես որոշել են` առանց ինչ-որ ծանրակշիռ հիմքերի եւ պատճառների»։ Նա ասում է, որ չկա այդպիսի նախապատվություն, որ Սամցխե-Ջավախեթիի բնակիչներն ընկնեին Նինոծմինդայի գաղութը։ 

«Առայժմ նրանց բաշխում են ըստ հանցագործության ծանրության։ Որքան ավելի հուսալի է բանտը, այնքան ծանր են հանցագործությունները, որոնց համար մեղադրվում են այնտեղ տեղաբաշխվածները»,- ասում է Ռեզո Չարբաձեն։ Եւ ավելացնում է, որ Նինոծմինդայի բանտը կլինի միանգամայն հուսալի` հինգ մետրանոց պատ, էլ ավելի բարձր աշտարակներ եւ այլ «միջազգային ստանդարտներ», որ այն կլինի զոնայի տիպի հիմնարկ, այսինքն` այնտեղ կլինի երկու զոնա` ընդհանուր եւ խիստ ռեժիմի, եւ «այս բանտ, ինչպես Ռուսթավիի գաղութ, կբերվեն մարդիկ երկրի տարբեր շրջաններից»։

Բացի այդ, Նինոծմինդայի բանտը նախատեսված կլինի միայն դատապարտյալների համար։ Նրանք, ում դատավճիռը դեռ չի կայացվել, ում գործերը դեռեւս գտնվում են հետաքննության փուլում, չեն կարող հայտնվել այնտեղ։ Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարարը շեշտը դնում էր հենց այն բանի վրա, որ Սամցխե-Ջավախեթիի բնակիչները նախնական կալանքը կրում են Թբիլիսիում, որ Նինոծմինդայի բանտի շինարարության ավարտից հետո ընտանիքների անդամներն այլեւս ստիպված չեն լինի նրանց տեսնելու համար հաղթահարել մեծ հեռավորություններ։

Արդարադատության նախարարությունը եւ Քրեակատարողական դեպարտամենտն իրար հետ չեն համաձայնեցնում ոչ միայն իրական նպատակները, այլեւ իրենց արտահայտությունները։ Ուստի, եթե ուզում ենք իմանալ, թե նոր բանտի կառուցման համար ինչու՞ են ընտրել հենց Նինոծմինդան, ապա ի պատասխան ստանում ենք երկու փոխբացառող պաշտոնական տարբերակ։

«Աչքի է զարնում ոչ թե բանտարկյալների մեծ թիվը, այլ այդ թվի արագ աճը»,- ասում է Ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին, թեեւ ընդգծում է, որ «պետությունը որոշել է իրականացնել խիստ քրեական-իրավական քաղաքականություն, եւ ես վստահ չեմ, թե դա ճիշտ չէ»։ Սուբարիի խոսքերով` բանտարկյալների թվի աճի պայմաններում նոր բանտերի կառուցումը պարզապես անհրաժեշտություն է։ Մեր զրույցի պահին Սուբարին չուներ Նինոծմինդայում բանտի կառուցման մասին որոշակի տեղեկատվություն։

Նինոծմինդայի բանտը պետք է կառուցեն Սաղամո գյուղի հարեւանությամբ, Վրաստանի ամենաաղի լճերից մեկի` Սաղամո լճի մոտ։ Նոր բանտի կառուցման համար այդ տարածքն ընտրել է արդարադատության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմնի աջակցությամբ։ Սակայն, քրեակատարողական համակարգում ոչինչ չգիտեն այն մասին, որ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մերձակա տարածքում պլանավորված է հիմնել ազգային այգի։ Հենց այդ տարածքում է գտնվում Սաղամո լիճը։ Բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության հայտարարած մրցույթում հաղթել է Բնության պահպանության համաշխարհային ֆոնդի կովկասյան ներկայացուցչությունը։ Այդ կազմակերպության կողմից իրականացվող կոնսերվացման ծրագրի տնօրեն Նուգզար Զազանաշվիլին նշում է, որ լճի մոտ խոշոր ենթակառուցվածքի ստեղծումը կարող է վնասել թե՛ լճին, թե՛ շրջակա միջավայրին, բայց կարելի կլինի նախապես խուսափել այդ վնասից։ Իսկ ինչ վերաբերում է ազգային այգուն, ապա դրա սահմանները դեռեւս որոշված չեն, եւ բանտի հարակից տարածքը չի ներառվի դրանց մեջ։

Եւ՛ արդարադատության նախարարությունը, եւ՛ Քրեակատարողական դեպարտամենտը խոստանում են, որ տեղի բնակիչները ոչ միայն կմասնակցեն բանտի շինարարությանը, այլեւ կարող են այնտեղ աշխատանքի տեղավորվել դրա ավարտից հետո։ «Առավելագույն չափով կօգտագործվեն տեղական ռեսուրսները` սկսած մարդկանցից, վերջացրած մթերքներով»,- ասում է Ռեզո Չարբաձեն։ Նրանք, ովքեր կցանկանան աշխատել որպես հսկիչ, պետք է բավարարեն մի քանի չափանիշների` ունենալ անհրաժեշտ տարիք, զինգրքույկ եւ հատուկ պատրաստություն անցնել արդարադատության նախարարությունում։ Քրեակատարողական դեպարտամենտի նախագահի տեղակալը հպարտությամբ նշում է, որ տեղի բնակիչները կկարողանան աշխատել բանտում, որտեղ կլինեն ոչ թե բարաքներ, այլ 4, 6, 8 եւ 12 մարդու համար նախատեսված խցեր։ Դրանք կունենան պատուհաններ, առանձնացված զուգարաններ, օդափոխման եւ ջեռուցման համակարգեր, որոնք կհամապատասխանեն բոլոր չափանիշներին, իսկ յուրաքանչյուր բանտարկյալի բաժին կհասնի այնքան քառակուսի մետր մակերես, ինչքան պահանջվում է։ Մի խոսքով, դուք ամերիկյան ֆիլմեր դիտե՞լ եք։

Հատուկ «Հետքի» համար

Հոդվածը պատրաստվել է վրացական «Ռեզոնանսի» թերթի պատվերով ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում

Սալոմե Ջաշի, Թբիլիսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter