HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ենոքավանն իսկական գանձ է հնագետների եւ պատմաբանների համար»

Ենոքավան ժամանելիս ասացի, որ ուզում եմ խոսել գյուղի տարեցների հետ՝ գյուղի պատմության ու ներկա իրավիճակի վերաբերյալ։

Շուրջս միանգամից գոյացավ գյուղի երիտասարդներից բաղկացած մի շքախումբ, որը սկսեց հանդիսավոր կերպով ինձ տնից տուն ուղեկցել։ Գրեթե յուրաքանչյուր այցելությանը նախորդում էր հետեւյալ ծիսակարգը. թակում էինք դուռը, տանտերը բացում էր, ուշադիր լսում էր, թե ով եմ եւ ինչու եմ եկել, դուռը փակվում էր, հինգ-տասը րոպեից կրկին բացվում էր, եւ տանտերը, տնային հագուստը փոխած, կոկիկ, գրեթե տոնական հագուստով, լայն ժպիտը դեմքին ներս էր թողնում մեզ։

Ոչ ոք իրեն թույլ չէր տա հյուրի առաջ հայտնվել կարկատած տաբատով կամ, ասենք, կեղտոտ շապիկով։ 
Շուտով հայտնաբերվեց ենոքավանցիների մեկ այլ առանձնահատկություն՝ յուրահատուկ հյուրընկալությունը։ Սա առհասարակ հայերի ազգային հատկանիշն է, բայց ենոքավանցիների դեպքում դա այն աղմկոտ, հաճախ նույնիսկ ճնշող հյուրընկալությունը չէ, այլ զուսպ, երախտագիտություն չպահանջող ու աննկատ հյուրընկալություն։

Ենոքավան գյուղի բնակիչները չափազանց հպարտանում են իրենց գյուղով եւ պնդում են, որ այն իսկական գանձ է հնագետների համար։

Գյուղում կան մի քանի հնագույն եկեղեցիներ եւ չորս ամրոցի ավերակներ, - ասում է աշխարհագրության եւ պատմության ուսուցիչ Հրայր Ջաղայանը։- Մեզ մոտ շատ են եկել Երեւանից, պեղումներ են կատարել, գտել են բրոնզի դարին պատկանող կահ-կարասի եւ մարդու ոսկորներ։

Ամրոցներից գյուղացիները հատկապես առանձնացնում են գյուղից 10կմ հեռու Աստղի բլուրը։ Այս ամրոցը տեղակայված է այնպես, որ այդտեղից երեւում են մնացած բոլոր ամրոցները։ Գյուղացիները պատմում են նաեւ 1965-66 թթ. հնագետ Եսայանի կատարած պեղումների մասին, որոնց արդյունքում հայտնաբերված գտածոներն, ըստ գիտնականի, պատկանում են մ.թ.ա. X - VIII դդ.։

Գյուղը, կարծում են գյուղացիները, նաեւ շատ հետաքրքիր է պատմական տեսանկյունից։ ՙՎատն այն է,- ասում է Ջաղայանը,- որ գյուղի տարեգրությունը ոչ մի տեղ ամրագրված չէ։ Հայտնի չէ, թե ով եւ երբ է կառուցել ամրոցները, գյուղի պատմությունն էլ սերնդեսերունդ փոխանցվել է բանավոր կերպով՚։

Ենոքավանը միշտ չէ այդպես կոչվել։ Նախկինում գյուղի անունը եղել է Քրդեւան։ Այս անվան վերաբերյալ մի քանի վարկածներ կան։

Վարկածներից մեկի համաձայն՝ գյուղի շրջակայքում մինչեւ տասներկուերորդ դարը քրդեր են բնակվել։ Դրա համար էլ գյուղը կոչվել է Քրդեւան՝ քրդերի ավան։ Թամար թագուհու գահակալման տարիներին տարածքն անցել է Վրաստանի իշխանության տակ, եւ քրիստոնեություն չդավանող քրդերը լքել են տարածքը` բնակություն հաստատելով Արագած լեռան փեշերին։

Գյուղապետ Ալիբեկ Բաբայանը ժամանակին մեծերից այսպիսի պատմություն է լսել. երբ մոնղոլ-թաթարներն արշավել են դեպի այս կողմերը, նրանց զորապետը հայ փահլեւանին առաջարկել է ուժերը չափել իրենց փահլեւանի հետ։ Քուրդ անունով հայ փահլեւանը հաղթել է մենամարտում, եւ նրա ուժով ու հմտությամբ հիացած զորապետը ձեռք չի տվել տարածքին, իսկ երախտապարտ գյուղացիները գյուղն անվանել են խիզախ փահլեւանի պատվին։

Գյուղական դպրոցում արդեն հիսուն տարի պատմություն եւ աշխարհագրություն դասավանդող Հրայր Ջաղայանն ասում է, որ իրականում «Քրդեւան» նշանակում է  «քարե դիվան» (բազմոց), քանի որ գյուղի դիրքը քարքարոտ սարի վրա ունի բազմոցի ձեւ։ 

Իսկ գյուղի յոթանասուներկուամյա բնակիչ Օնիկ Օրդինյանն ասում է, որ «ՙքարե դիվան» նշանակում է «ՙքարե դատարան»։ Ըստ  առասպելի՝ անազնիվներին ու մեղավորներին նետում էին քարե անդունդը։ 

Հայտնի չէ՝ որն է այս վարկածներից ճիշտ, սակայն ներկայիս տեսքով գյուղը հիմնվել է տասնիններորդ դարում Ջաղայան, Չիբուխչյան, Փաշինյան, Օրդինյան մելիքական տոհմերի կողմից, որոնք Ղարաբաղից տեղափոխվել են Սեւքար գյուղ, հետո էլ բարձրացել են դեպի սարերը (Ենոքավանն ունի 1000-1300 մ բարձրություն ծովի մակարդակից)։

Գյուղում պահպանվել է կիսավեր Սուրբ Սարգիս եկեղեցու հին գերեզմանը, որտեղ առաջին հուղարկավորությունը տեղի է ունեցել 1840 թվականին։ 

Ենոքավան գյուղը վերանվանվել է 1930 թվականին՝ գյուղում ծնված հեղափոխական Ենոք Մկրտումյանի պատվին, ով պայքարում էր դաշնակների դեմ։ 1920 թվականին` Մայիսյան ապստամբության ժամանակ, դաշնակներին հաջողվում է բռնել նրան եւ բանտ նետել։ Նրան դատապարտում են 101 տարվա ազատազարկման, բայց նույն տարի սպանում են եւ թաղում Դիլիջանում։ 

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Ենոքի հայրը գտնում է որդու գերեզմանը եւ նրա դիակը տեղափոխում հայրենի գյուղ։ Կոլտնտեսության հասարակական խորհուրդը 1930 թվականին որոշում է գյուղը վերանվանել Ենոք Մկրտումյանի պատվին։ 

Հրայր Ջաղայանը պատմում է, որ գյուղում գործում էր Ենոք Մկրտումյանի անվան տուն-թանգարանը, բայց այժմ այդ տանն ուրիշ մարդիկ են ապրում, եւ թանգարանն այլեւս չկա։

Ջաղայանը տասնհինգ տարի զբաղեցրել է գյուղական դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այդ տարիներին նա դպրոցում մի փոքրիկ թանգարան է հիմնել՝ այնտեղ տեղափոխելով պեղումների արդյունքում հայտնաբերված որոշ գտածոներ եւ Ենոքի որոշ իրեր։
ՙՍակայն նույնիսկ այդ թանգարանը բարվոք վիճակում չէ ու առանձնապես հետաքրքրություն չի առաջացնում դպրոցականների մոտ,- ասում է նա։- Սրտները չի ցավում իրենց պատմության համար՚։ 

ՙԱռհասարակ, աշակերտներն արդեն էն չեն,- առիթը բաց չի թողնում ցավոթ թեմային անդրադառնալու,- մտածում եմ` եկող տարի թողնեմ դպրոցը, արդեն հոգնել եմ։ Տասնհինգ տարի տնօրեն եմ եղել, ամեն մի դասարանում մի չորս-հինգ գերազանցիկ ունեինք, հիմա ամբողջ դպրոցում էդքան չես գտնի։ Հեռուստացույցը շատ է նրանց փչացրել։ Բոլորը սերիալների վրա են նստած՚։ 

Դպրոցը տասնամյա է դարձել վերջին երեք տարիներին, իսկ մինչ այդ ութամյա էր։ Գյուղը հեռու է, եւ շատ ՙլավ ուսուցիչներ՚ խուսափում են այստեղ գալ, այնպես որ դպրոցի ուսուցիչները ստիպված են նաեւ ոչ իրենց առարկաները դասավանդել։ Դպրոցում չկան երաժշտության, կերպարվեստի, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ։ 

Չնայած` աշակերտներն առանձնապես չեն բողոքում այդ կապակցությամբ։ ՙՍովորենք, ի՞նչ պիտի անենք, մեկ է աշխատանք չկա՚։ Սա ասում են մի տեսակ ուրախ անտարբերությամբ։ Առույգության ու իներտության հետաքրքիր համադրությունն էլ ենոքավանցիների առանձնահատկություններից է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter