
Հայկական մեղրը չի կարողանում մտնել միջազգային շուկա
Այս տարի առաջին անգամ Հայաստանում արտադրված մեղրն ամենամյա միջազգային «Apimondia» (Ավստրալիա, Մելբուռն) ցուցահանդեսում համարվեց լավագույններից մեկը:
Արծաթյա եւ բրոնզե մեդալների արժանացավ Արմավիր մարզի Ս. Լուկաշին գյուղի մեղվաբույծ Գուրգեն Հյուսյանի մեղվաբուծական տնտեսությունում ստացված մեղրը: Ցուցահանդեսին մասնակցում էին 25 երկրներ, որոնք ներկայացրել էին 60 տեսակի մեղր:
«Այնտեղ ամեն մի մեղր ուներ իր անունը,- պատմում է մեղվաբույծը՝ ցույց տալով մրցանակները,- մենք էլ որոշեցինք մեր մեղրն անվանել ալպիական սարերի վայրի ծաղկի մեղր»: Անվանումը պատահական չէր, որովհետեւ ամեն գարնան սկզբին մեղվապահը սայլակներով Թալինի շրջան է տեղափոխում հազարի հասնող մեղվափեթակները: Այդ տարածքը գտնվում է 1800-2500 մետր բարձրության վրա, որտեղ կան ալպիական կլիմայի բոլոր պայմանները:
Հյուսյանների ընտանիքում մեղվաբուծությամբ զբաղվել է նրա պապը` Մկրտիչը, հետո հայրը` Ալբերտը, այնուհետեւ տնտեսությունը փոխանցվել էԳուրգենին, որը 2004 թվականին հիմնել է «ՄԱԳ» մեղվաբուծական տնտեսությունը: Այդ օրվանից որոշվեց, որ մեղրը պետք է փաթեթավորվի ինչպես հարկն է եւ մատակարարվի խանութներին: Այսօր «ալպիական վայրի ծաղկի» մեղրը մատակարարվում է Արմավիրի եւ Երեւանի խանութներին եւ մի քանի հայտնի հյուրանոցների:
«ՄԱԳ» տնտեսությունում կա 1100 մեղվաընտանիք, որից 700-ն աշխատում են մեղր ստանալու համար, մյուսները մայրերն են: Տարեկան արտադրվում է 12-20 տոննա մեղր. մեղրի քանակը հիմնականում կախված է եղանակից: Այս տարի «ՄԱԳ» տնտեսության արտադրանքը «Էկոգլոբ» կազմակերպության կողմից ճանաչվեց որպես «Հայաստանում առաջին էկոլոգիապես մաքուր մեղր»:
«Համագործակցության առաջարկներ շատ կան: Մարդիկ տարբեր երկրներից հետաքրքրվում են՝ որքա՞ն մեղր եմ ստանում, ի՞նչ տեսակի մեղրամթերքներ եմ արտադրում: 2002 թվականին 4000 կգ փաթեթավորված մեղր եմ արտահանել ԱՄՆ: Բայց հետո չենք շարունակել արտահանումը, որովհետեւ միջազգային շուկայում մեղրն էժան է, իսկ Հայաստանում այն կարելի է ավելի թանկ վաճառել: Այս տարի էլ Գերմանիայից ուզում էին ամսական 20 տոննա մեղր, բայց ստիպված հրաժարվել եմ համագործակցությունից»,- ասում է մեղվաբույծը:
Գործնական առաջարկից հրաժարվելու պատճառները մի քանիսն են. նախ՝ միջազգային շուկայում մեղրի գինը 5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում, բացի այդ՝ Հայաստանում մեղվաբուծական ոչ մի տնտեսություն չի կարող ապահովել այնպիսի ծավալների մատակարարում, որը պահանջում են արտերկրի գործարարները: Եվ երրորդ՝ խնդիրն այն է, որ Հայաստանի մեղվաբույծներն առայժմ իրավունք չունեն իրենց մեղրն արտահանել եվրոպական երկրներ:
«Մեղվաբույծներն անհիմն կարծում են, որ իրենց մեղրը միջազգային շուկայում պետք է վաճառվի 1կգ 25-30 ԱՄՆ դոլարով: Մինչդեռ մեղրի գինը միջազգային շուկայում 1.5-2.0 ԱՄՆ դոլար է 1կգ-ի համար: Միեւնույն ժամանակ, մեղվապահների մեծ մասը լսել անգամ չի ուզում նոր տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից բուժիչ կամ կանխարգելիչ միջոցների կիրառման մասին, ինչ նոր բան ասում ենք, ասում են՝ գիտենք»,- ասում է Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Ջիվան Ասլանյանը:
Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ մի մեղվաբույծ չի կարող ապահովել այնպիսի քանակ, որն իմաստ կունենա արտահանել: Հայաստանում դեռեւս չկան մթերող կազմակերպություններ, որոնք կհավաքեին մեղրը` քանակ ապահովելու համար:
Եվ երրորդ` Եվրոպան հատուկ պահանջներ է ներկայացնում գյուղմթերք արտադրողներին եւ արտահանողներին: Այդ պահանջներն ամփոփված են մի քանի հատորներում: Բացի այդ՝ Հայաստանում պետք է գործի Եվրոպայի կողմից ճանաչված լաբորատորիա, որտեղ պետք է ստուգվի Եվրոպա արտահանվող գյուղմթերքի որակը եւ տրվի համապատասխան փաստաթուղթ: Նման լաբորատորիա Հայաստանում առայժմ չկա:
«Այն պահանջները, որոնք վերաբերում են լաբորատորիայի ստեղծմանը, մենք գիտենք, ուսումնասիրել ենք եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանում կգործի Եվրոպայի կողմից ճանաչված լաբորատորիա: Մենք Լիտվայից հրավիրել ենք մասնագետներ, որոնք օգնում են մեզ այդ հարցում, իսկ մեր մասնագետները վերապատրաստման դասընթացների են մասնակցում: Այլ խնդիր է, որ այսօր գյուղմթերք արտադրող ոչ բոլոր տնտեսությունները կարող են բավարարել Եվրոպայի ներկայացրած պահանջներն արտահանողի նկատմամբ: Եթե նույնիսկ կա մեկ ֆերմեր, որն ուզում է արտահանել, ապա ես կարող եմ աջակցել նրան, որպեսզի նրա ապրանքը ստուգվի որեւէ եվրոպական երկրի լաբորատորիայում` արտահանելու թույլտվություն ստանալու համար, բայց այդ հարցով մեզ ոչ ոք չի դիմել»,- ասում է Հանրապետական ախտորոշիչ անասնաբուժական կենտրոնի տնօրեն Հովհաննես Հակոբյանը:
Հայաստան մեղր գրեթե չի ներկրվում եւ չի էլ արտահանվում, այլ կերպ՝ ներկրման եւ արտահանման ծավալները շատ աննշան են: Այս տարի մեղր արտահանվել է միայն Դուբայ` ընդամենը 80 կգ: Տեղական արտադրողները տարեկան արտադրում են 1500-2000 տոննա մեղր, եւ այն բավարար է ներքին շուկայի ապահովման համար: Իսկ ներկրումը չի գերազանցում պահանջարկի 2 տոկոսը: Նույնիսկ վերջին տարիներին մեղրի ներկրումը կրճատվել է 20-30 տոկոսով: Այն հիմնականում ներկրում են Ռուսաստանից եւ Գերմանիայից: Այս տվյալներն ամփոփված են «Հայաստանի մեղրի շուկան» հետազոտության մեջ, որն իրականացվել է USAID (ASME) փոքր եւ միջին գյուղատնտեսական ձեռնարկությունների աջակցության ծրագրի շրջանակներում:
Ուսումնասիրության մեջ նշվում է նաեւ, որ 90-ական թվականներին Հայաստանում մեղվաընտանիքների քանակը կրճատվել էր մոտ 60-70 տոկոսով: Դանդաղ վերակենդանացման գործընթացը սկսվեց 1997 թվականին:
Ի տարբերություն գյուղատնտեսական այլ ապրանքների, մեղրը Հայաստանում վաճառվում է շատ յուրահատուկ ձեւով. երկրում մեղր արտադրող գրեթե բոլոր (ավելի քան 3 հազար) մեղվապահներն ունեն իրենց մշտական սպառողները: Իրացման շրջանում կա՛մ մեղվապահն է գնում իր սպառողի մոտ, կա՛մ հակառակը: Մեղվապահների մոտ 70 տոկոսն այս ճանապարհով են վաճառում իրենց մեղրը: Ընդ որում՝ ապրանքն իրացվում է առանց որեւէ սերտիֆիկատի, ապակյա տարաների մեջ: Մնացած 20 տոկոս մեղրը սպառվում է կամավոր օգնականների` բարեկամների, ծանոթների, ընկերների միջոցով: 7-9 տոկոսը հանձնվում է մանրածախ առեւտրի կետերին կամ խանութներին: Մի հետաքրքիր իրողություն եւս. մեղրի գինը մշտապես մնում է անփոփոխ` 1կգ-ը 2500-3000 դրամ: Մեղվապահների տրամաբանությունը հետեւյալն է. «Եթե գինն իջեցնում եմ, մարդիկ մտածում են, որ վատ մեղր եմ վաճառում»:
«Հայաստանի մեղրի շուկան» ուսումնասիրության համաձայն՝ 5 ԱՄՆ դոլար 1 կգ-ը վաճառելու դեպքում մեղվապահի շահույթը կազմում է 60 տոկոս:
Մեկնաբանել