
ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը տապալեցին արտահերթ նիստը. ցուցարարները գնում են կառավարություն
Այսօր ԱԺ-ի ընդդիմադիր եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ պետք է տեղի ունենար արտահերթ նիստ՝ կուտակային կենսաթոշակին վերաբերող օրենսդրական փաթերթը քննարկելու եւ գործընթացը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ: Սակայն արտահերթ նիստը տապալվել է. կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորները չեն ներկայացել նիստին, եւ քվորում չի ապահովվել:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նիստը տապալելուն կանդրադառնան ավելի ուշ, քանի որ այս պահին ՀՀԿ խմբակցությունը նիստ է հրավիրել:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:
Նշենք, որ ԱԺ շենքի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելու պարտադիր կուտակային կենսաթոշակայային համակարգի ներդրման դեմ: Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի կառավարության շենք: Նշենք, որ Գալուստ Սահակյանը հավաստիացնում էր, որ կոալիցիան չի տապալի արտահերթ նիստը, և իրենք կմասնակցեն քննարկմանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել