
7 մլն դրամանոց զուգարանը ծառայում է որպես պահեստ
Դեռ 2007թ. Ալավերդի համայնքի բյուջեի 7,2 մլն դրամ ներդրումով Սանահին գյուղի վանական համալիրի մուտքի մոտ զբոսաշրջիկների համար զուգարան էր կառուցվել: Զուգարանի կառուցման համար անհամեմատ շատ գումար էր ծախսվել: Սակայն 7 տարի անց այցելելով Սանահինի վանական համալիր՝ պարզեցինք, որ զուգարանը չի ծառայում իր նպատակին:
Ամեն օր վաղ առավոտյան Սանահինի վանական համալիրի շրջակայքը ջանասիրաբար մաքրում էր տարեց մի կին`Սիրամարգ Սիմոնյանը: Վերջինս հաստիքային աշխատող չէ եկեղեցում, ուղղակի որպես հավատացյալ եկեղեցու շրջակայքը մաքուր պահելու համար օգնում է այնտեղ աշխատող իր քրոջը`Սոխակ Սիմոնյանին:
Երբ եկեղեցու բակում հանդիպեցինք տիկին Սիրամարգին եւ գովեցի նրա շնորհակալ աշխատանքը, նա բարի ժպիտը դեմքին դժգոհեց եկեղեցու շրջակայքի սանիտարական վիճակից. «Եկեղեցի այցելող զբոսաշրջիկները իրենց բնական պահանջները բավարարում են եկեղեցու հետևի տարածքում, մոմի վաճառքի փոքրիկ տնակի կողքին և որտեղ պատահի: Հաճախ է պատահում, որ եկեղեցուց դուրս գալիս բախվում ենք դեմքով դեպի եկեղեցու պարիսպները շրջված զբոսաշրջիկ տղամարդկանց: Այդ ժամանակ շատ անհարմար վիճակում ենք հայտնվում զբոսաշրջիկը և մենք»:
Սիրամարգ Սիմոնյանին հարցրինք եկեղեցու մուտքի մոտ գտնվող զուգարանի մասին: «Զբոսաշրջիկների մեծ մասը չի մտնում էդ զուգարան, քանի որ հենց եկեղեցու մուտքի մոտ՝ աստիճանների վրա, մանրավաճառությամբ զբաղվող կանայք հաճախ սուրճ են խմում, հաց են ուտում հենց զուգարանի առաջ, այդ դեպքում զբոսաշրջիկները անհարմար են զգում օգտվել զուգարանից»,- ասաց Սիրամարգ Սիմոնյանը: Զուգարանը մանրավաճառների կողմից որպես պահեստ օգտագործելու կապակցությամբ դժգոհեց Սանահինի վանական համալիրի մերձակա հրապարակում գտնվող մթերային խանութի վաճառողուհին: Սիրամարգ Սիմոնյանը հույս է փայփայում, որ գոնե եկող գարնանը զբոսաշրջիկների համար նախատեսված զուգարանի նպատակային օգտագործման հարցը կքննարկվի Ալավերդու քաղաքապետարանում:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել