HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քիշնևի քաղաքապետը Մաքսային միության մասին. «Այն, ինչ կառուցվում է ուժով և ճնշմամբ, վաղ թե ուշ կկործանվի»

«Հետքի» հարցերին պատասխանում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն:

Ինչպե՞ս եք վերաբերում Եվրամիությանը և Մաքսային միությունը:  Ըստ ձեզ` որո՞նք են հիմնական տարբերությունները այս երկու կառույցների միջև:

Եվրամիությունը (ԵՄ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է դեմոկրատական հիմունքնեով: Այն առաջարկում է բոլոր հիմնարար ազատությունները, և մինչ այժմ ցույց է տվել, որ կարող է լինել ամենահաջողակ միջազգային նախագիծը ամբողջ աշխարհում և պատմության մեջ:

Եթե նայում ենք մյուս տարբերակին` Մաքսային միությանը (ՄՄ), ապա այն փորձում է ի հայտ գալ նախկին սովետական միության հիմքի վրա:  Սովետական միությունը ստեղծվել է ագրեսիվ, բռնի եղանակով` «օկուպացված» տարածքների վրա: Եվ այժմ Մաքսային միությունը փաստացի փորձում է վերականգնել նախկին սովետական միությունը:

Այս տեսանկյունից, ի սկզբանե չի կարելի համեմատել, քանի որ ԵՄ-ն խորապես միավորում է երկրներին: Ավելին, կան դժվարություններ` կապված մի քանի երկրների հետ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Ասիային, որը սովետական միության մասն էր կազմում: Բացի այդ` նրանք չունեն ընտրության մեծ հնարավորություն. մի կողմից Չինաստանն է, մյուս կողմից` Ռուսաստանը: Սա ավելի է բարդացնում պատկերը:

Միություն ստեղծելու համար նախ և առաջ դու պետք է ստեղծես դեմոկրատական համակարգ և կառավարություն  քո երկրի ներսում: Մինչ այդ` շատ դժվար է ստեղծել միություն, որովհետև այն, ինչ կառուցվում է ուժով և ճնշմամբ, վաղ թե ուշ կկործանվի: Մենք զոհերն ենք անկում ապրած սովետական միության և այլ կայսրությունների: Ճնշումները շարունակվում են (Ռուսաստանի կողմից): Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշումներ կան Ուկրաինայի վրա, մենք տեսնում ենք ճնշումը Հայաստանի, Վրաստանի նկատմամբ: Մենք տեսնում ենք ճնշում նաև Մոլդովայի նկատմամբ: Վերջին ամիսների ընթացքում մենք իմացանք, որ այլևս ոչ մի տեսակի սնունդ, բանջարեղեն, գինի չի թույլատրվելու փոխադրել Մոլդովայից Ռուսաստան, որովհետև մենք ցանկանում ենք միանալ ԵՄ-ին:

Ինչպիսի՞ն պետք է լինի խնդրի լուծումը նման իրավիճակում:

Խնդիր կա վիճելի տարածքների հետ, որոնք բաժանվել և օկուպացվել են ռուսական բանակի կողմից: Խնդիրը ճնշումն է և այն ձևը, թե ինչպես է Ռուսաստանը փորձում բարձրացնել հետաքրքրությունը ՄՄ-ի նկատմամբ: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունները, դա իրենց իրավունքն է, այն մեծ երկիր է: Բայց արդյունքում, 21-րդ դարում ցանկացած երկիր, ցանկացած ազգություն պետք է իրավունք ունենա որոշել իր ճակատագիրը: Եթե անգամ կա ճնշում, եթե անգամ նրանք (ռուսական կողմը) ցականում եմ մեկ այլ հեռանկար Մոլդովայի համար, նախ և առաջ Մոլդովան ինքը պետք է որոշում կայացնելու իրավունք ունենա:

Մենք ցանկանում ենք միանալ ԵՄ-ին, որովհետև ի սկզբանե մենք պատկանում ենք Եվրոպային: Անգամ սլավոնական որոշ երկրներ ԵՄ- կազմի մեջ են մտնում, ինչպես, օրինակ, Չեխիան, Բուլղարիան: Այս տեսանկյունից, եթե Ռուսաստանը ցանկանում է ստեղծել մեկ այլ միություն, որը մրցունակ կլինի ԵՄ-ի հետ, այդ նախաձեռնությունը պետք է իրականացվի դեմոկրատական եղանակով և հիմնված լինի ցանկացած ազգության և երկրի ազատ ընտրության իրավունքի վրա: Հակառակ դեպքում, դժվար կլինի միավորել այդ երկրներին, և վաղ թե ուշ, այն կկործանվի: Այն ամենը, ինչը ստեղծվում է բռնությամբ և ճնշմամբ չի կարող երկար դիմադրել:

Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ:

Դա 24 ժամում կայացված որոշում էր, քանի որ բոլորը սպասում էին, որ Հայաստանը Վիլնյուսում կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ինչպես Մոլդովան և Ուկրաինան: 24 ժամվա ընթացքում Հայաստանն այլ պատասխան տվեց, և բոլորն էին զարմացած: Անգամ հիմա Ուկրաինան շարունակում է մնալ դժվարին իրավիճակում:

Մոլդովան պատրաստվո՞ւմ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Մոլդովան շուտով կընդունի համաձայնագիրը և կստորագրի այն մյուս տարի: Մոլդովայի համար դա շարունակում է մնալ վճռորոշ որոշում` լինել եվրոպական ընտանիքի մաս: Մյուս կողմից` Մոլդովայի համար շատ դժվար է, որովեհտև այն փոքր երկիր է ոչ շատ մեծ ռեսուրսներով և դրսում աշխատող շուրջ մեկ միլիոն բնկաչությամբ: Այս տեսանկյունից, Մոլդովան կարիք ունի շարժվել դեպի ԵՄ, որպեսզի զարգանա և հնարավորություն ունենա լուծել իր սոցիալական, տնտեսական և մնացած խնդիրները:

 

Հ.Գ. Քիշնեւի քաղաքապետին հանդիպեցինք նոյեմբերի 14-15-ը Ստամբուլում տեղի ունեցած Քաղաքապետերի համաձայնագրի բարձր մակարդակի ֆորումի ժամանակ, որը կազմակերպել էր "Energy Cities"-ը (European Association of local authorities in energy transition):   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter