
«Քննիչը կգա, ինձ տուն կտանի»
Հարևանների առանձնատներից գողություն անելու մեղադրանքով կալանավորված 21-ամյա Սերոբ Մխիթարյանը, ով 11 տարեկանից հոգեկան խնդիրներ ունի, «Անձի հիսթերիկ խանգարում» հոգեկան հիվանդությամբ է տառապում, սակայն փորձագիտական եզրակացությամբ մեղսունակ էր ճանաչվել, ցուցմունք պետք է տար Էրեբունի-Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն մեղադրյալը դարձյալ չկարողացավ պատասխանել դատավորի հարցերին: «Հիմա ինչ անենք, Մխիթարյան, նախաքննական ցուցմունքները հիմք ընդունե՞նք»,- դատավորի խոսքին հետևում է Սմբատի կցկտուր ու չկապակցված խոսքը, այն, ինչ դատարանը լսել էր մի քանի նիստ շարունակ. «Քննիչը կգա, ինձ տուն կտանի…»:
Հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանը միջնորդեց կրկնակի դատահոգեբանահոգեբուժական համալիր փորձաքննություն անցկացնել: Դատարանին նույն խնդրով դիմել էր նաև Սերոբի մայրը՝ տիկին Մարիետան, ով որդու ներկայացուցիչն է դատարանում: Դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց միջնորդությունը: Սերոբը կանցնի ամբուլատոր փորձաքննություն: Դատական նիստերը կվերսկսվեն փորձաքննության եզրակացության պատրաստ լինելուն պես: «Մնում է, որ իրական, օբյեկտիվ պատկեր ստանանք, քանի որ տղաս, իրոք, ունի լուրջ հոգեբանական խնդիրներ, դեռ մանուկ հասակից էր դա նկատելի: Հիմա պարզապես պետք է, որ Սերոբը բուժում ստանա, որովհետև իր մոտ պարբերաբար սրացումներ են լինում՝ ինքնավնասման հակումներով»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տիկին Մարիետան:
Հիշեցնենք, որ Սերոբ Մխիթարյանը Շուշիի բանտից տեղափոխվել էր Հայաստան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, ինքնախոստովանական ցուցմունքների հիմքով, թե 2009-2010 թթ.-ին գողություններ է արել հարևանների տներից: Սակայն նախաքննական մարմինը մի քանի դրվագներից հրաժարվել էր՝ ստուգելով Սերոբի տված տեղեկությունները ու հայտնաբերելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Ինչպես կարելի է հոգեկան խնդիրներ ունեցող մարդու ինքնախոստովանական բացատրությունները դնել մեղադրանքի հիմքում: Այս գործը նույնիսկ դատարան չպետք է հասներ»,- շեշտեց հանրային պաշտպան Աբրահամյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել