HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Եթե մասնագիտացում չես ստանում, վերացական քաղաքագետի կոչում ես ստանում»

«Ես համարում եմ, որ քաղաքագիտության 4 տարիների ուսուցումը պարզապես նպաստում է աշխարհայացքի ձևավորմանը, այլ ոչ թե մասնագիտացմանը»,- ասում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բասեղյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում քաղաքագիտության կրթությունը եթե սահմանափակվում է միայն բակալավրիատի 4 տարիներով, շատ թերի է, քանի որ ուսանողը մասնագիտացում չի ստանում: Ստացվում է, որ նա «ամեն ինչից ուսումնասիրում է քիչ-քիչ» և արդյունքում ուղղակի ընդհանուր պատկերացում է ունենում ամեն ինչի մասին:

«Եթե ուսանողները լավ են սովորում, կարող են դառնալ կիրթ քաղաքացիներ», - ասում է Աննան:

ԵՊՀ քաղաքագիտության բաժնում վարձավճարը 500-550 հազար դրամ է, պետպատվերի տեղեր էլ չկան

Այժմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բակալավրիատում սովորում է 239 ուսանող, մագիստրատուրայում՝ 112: 2013-2014 ուսումնական տարում 86 հոգի ընդունվել է բակալավրիատ, 59 հոգի՝ մագիստրատուրա: Այս ուսումնական տարում վարձավճարը բակալավրիատում 500 հազար դրամ է, մագիստրատուրայում՝ 550 հազար դրամ: Ֆակուլտետում անվճար (պետպատվեր) տեղեր այլևս չկան:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի քաղաքական ինստիտուտների և գործընթացներ ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը

հավաստիացնում է, որ այդ վարձավճարները հազիվ են բավականացնում նման խոշոր ուսումնական հաստատությունը պահելուն: Նրա կարծիքով՝ այդ գումարը մեծ է՝ համեմատած մարդկանց եկամուտների հետ, բայց քիչ է որակյալ կրթություն ապահովելու համար:

«Ելնելով ժողովրդի ստացած աշխատավարձից և վարձավճարներից՝ մեծ անհամապատասխանություն է առաջանում,- ասում է Գ. Քեռյանը:- Մարդու տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարող է 100-120 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդն իր երեխայի ուսման համար վճարել 500-600 հազար դրամ վարձավճար: Մյուս կողմից, եթե այդ գումարը չվճարվի, չի կարող ապահովվել այն աշխատուժի վերարտադրությունը, որն աշխատում է այդ մասնագիտությունների գծով»:

Նրա կարծիքով՝ դպրոցն ավարտած աշակերտների մեծ մասն ընդունվում է բուհ ոչ թե մասնագիտություն, այլ բարձրագույն կրթություն ստանալու համար:

«Բարձրագույն կրթություն ստանալը թելադրվում է ոչ թե հետագայում այդ մասնագիտությամբ աշխատելու մղումով, այլ մի քանի տարի որևէ բուհի պատերում բարձագույն կրթություն ստանալու և ժամանակ անցկացնելու պահանջով»,- ասում է Գ. Քեռյանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գևորգյանի կարծիքով՝ անգամ ճիշտ կլինի, որ ուսանողները քիչ լինեն բակալավրիատում, որտեղ հիմքը լավ կդրվի, քան մագիստրատուրայում, քանի որ բակալավրիատում մեծ թվով ուսանողների առկայությունը խանգարող հանգամանք է:

Գ. Քեռյանի խոսքով՝ բուհը որոշակի վարձի դիմաց պատրաստում է որոշակի քանակությամբ մասնագետներ: Եթե կա պահանջարկ, բուհին չի կարելի մեղադրել շատ ուսանողներ ընդունելու մեջ: «Չենք կարող ասել` աշխատանք չկա, մասնագետ չենք պատրաստում: Եթե պետական բուհերն այդպես մտածեն, ի հայտ կգան անորակ մասնավոր բուհեր, հոսքը կգնա այնտեղ, և արդյունքն ավելի վատ կլինի»,- ասում է Գ. Քեռյանը:

«Եթե լիներ իրական շուկա, քաղաքագիտության բաժին պետք է դիմեր տարեկան 5-10 մարդ»

Քանի որ բուհական կրթության ընթացքում մասնագիտացում չի ապահովվում, բուհն ավարտելուց հետո երիտասարդ քաղաքագետը բախվում է աշխատանք գտնելու խնդրին:

«Եթե մասնագիտացում չես ստանում, վերացական քաղաքագետի կոչում ես ստանում»,- ասում է Ա. Բարսեղյանը:

Գ. Քեռյանի կարծիքով՝ ոչ միայն քաղաքագիտության, այլ առհասարակ Հայաստանի աշխատաշուկան շատ վատ և անմխիթար վիճակում է: Բուհերում առկա մասնագիտությունները չեն համապատասխանում տնտեսության, պետական կառավարման պահանջներին:

«Երբ գալիս է այդ պահը, և շրջանավարտն ասում է՝ լավ, այսքան ինտելեկտուալ մակարդակի բարձրացումից հետո ես որտե՞ղ պետք է աշխատեմ, մենք արդեն ստիպված ենք մեր հայացքը հառել ներքև և խուսափել պատասխանից»,- ասում Գ. Քեռյանը: 

Նրա խոսքով՝ բուհի համար դժվար է իր արտադրանքը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին, այդ պատճառով էլ բուհը գործում է ընդհանուր հիմունքներով:

«Եթե լիներ իրական շուկա, քաղաքագիտության բաժին պետք է դիմեր տարեկան 5-10 մարդ, բայց քանի որ այդ իրական շուկան չկա, և կա պարզապես կրթություն ստանալու և ժամանակ անցկացնելու պահանջարկ, քաղաքագիտության բակալավրիատում 90-80 մարդ է նստում,- ասում է Գ. Քեռյանը:- Նրանցից ոչ ոք էլ չի պատկերացնում, թե ապագայում այդ կրթությամբ ինչ է անելու: Իսկ եթե կա պահանաջարկ, մենք իրավունք չունենք այդ պահանջարկը չբավարարել»:

«Տեսությունն առանց գործնականի քաղաքագիտություն չի դառնա»

ԵՊՀ-ն փորձում է «Քաղաքագիտություն» մասնագիտության մասնագիտացումն ապահովել մագիստրոսական ծրագրերի միջոցով: Այժմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում գործում է 4 մագիստրոսական ծրագիր՝ քաղաքագիտություն, ազգային անվտանգություն, քաղաքական տեխնոլոգիաներ և մարկետինգ, տարածաշրջանային քաղաքականություն:   

Քաղաքագետ, ԵՊՀ քաղաքագիտության բաժնի դասախոս Նարեկ Գալստյանի կարծիքով՝ ֆակուլտետում կրթական ծրագրերը համապատասխանում են չափանիշներին: Այլ հարց է, թե որքանով են ուսանողները տիրապետում այն գիտելիքներին և հմտություններին, որոնք անհրաժեշտ են տվյալ մասնագիտության տեր կոչվելու համար: «Չէի ասի, թե այս ոլորտում լուրջ առաջընթաց ունենք: Պարբերական ռեֆորմներ ԵՊՀ-ում իրականացվում են: Կա նոր ռազմավարական փաստաթուղթ, ըստ որի՝ բոլոր մասնագիտությունների գծով կունենանք նոր կրթական ծրագրեր, որոնք կլինեն նպատակաուղղված, պատահական, կրկնվող առարկաներ չպետք է լինեն»,- ասում է Ն. Գալստյանը, ով նաև ԵՊՀ քաղաքագիտության բաժնի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:  

Նրա կարծիքով՝ պետք է ավելանա մագիստրոսական ծրագրերի թիվը, քանի որ ոլորտը լայն է, և պետք է ուղղորդել ուսանողներին: Առավել ևս, որ այժմ ուսանողներն ավել շատ հետաքրքված են նեղ մասնագիտացումներով:

«Երբ պրակտիկան բացակայում է, չես կարողանում իրականում հասկանալ քաղաքական գործընթացները: Տեսությունն առանց գործնականի քաղաքագիտություն չի դառնա»,- ասում է ուսանողուհի Անահիտ Գևորգյանը:

«Գործնականի և տեսականի կապը լավ ապահովված չէ: Այն, ինչ ստանում ես տեսականորեն, չես կարողանում կիրառել գործնականում»,- ասում է Ա. Բարսեղյանը:

Գ. Քեռյանի կարծիքով՝ բուհն ավարտած ուսանողների մոտ 5-10%-ն է աշխատում իր մասնագիտությամբ, 50%-ը վերապրոֆիլավորվում է, իսկ 30-40%-ն իր մասնագիտությամբ չի աշխատում:

«Մենք պետք է պատրաստենք ոչ թե օդում սավառնող քաղաքագետներ, որոնք բարձր ինտելեկտ ունեն և շատ լավ պատկերացնում են, թե ինչ է քաղաքականությունը և քաղաքական հարբերությունները, այլ պետք է պատրաստենք արհեստավոր քաղաքագետներ, որոնք մի շատ նեղ ոլորտում, նեղ ուղղությամբ կարող են արհեստավարժ գործառույթներ իրականացնել, և այդ մարդիկ հստակ իմանան, թե իրենք որ ոլորտում կարող են աշխատել»,- ասում է Գ. Քեռյանը:

«Պատվեր չկա, իսկ քաղաքագետը պետք է պատվեր ունենա»

ՀՀ-ում քաղաքագիտություն ուսուանում են նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Այստեղ քաղաքագիտության բակալավրիատում մեկ տարվա ուսման վարձը 550 հազար դրամ է: Հայ-ռուսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում քաղաքագիտության բնագավառում շուկան դեռ կայացած չէ: Նրա կարծիքով՝ այսօր բուհի առջև գոյատևման խնդիր կա, այդ պատճառով էլ ընդունում է մեծ քանակությամբ ուսանող: Այս դեպքում որակի խնդիրը մղվում է երկրորդ պլան:

«Պրակտիկը կարևոր է, բայց դա չի կարելի անել մյուսի հաշվին. ամենակարևորը տեսական կրթությունն է,- ասում է Հ. Սարգսյանը:- Պետք չէ արհեստավորներ պատրաստել»:

Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանի խոսքով՝ ակադեմիայում քաղաքագիտության բաժնում մեծ թվով ուսանողներ չունեն, սակայն իրենց կադրերը հետագայում լուրջ գործունեություն են ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Այժմ Կառավարման ակադեմիայի քաղաքագիտության բաժնում առկա համակարգում սովորում է 7 ուսանող, հեռակայում՝ 14: Ընդ որում՝ ակադեմիայում միայն մագիստրոսական կրթություն է:

«Հաճախ են ասում, թե այստեղ խիստ են ու դժվար է սովորել, մենք ուղղակի ուզում ենք որակյալ մասնագետներ պատրաստել»,- ասում է Մ. Մարգարյանը:

 Նրա կարծիքով՝ պետք է միշտ փոփոխություններ փնտրել քաղաքագիտության ոլորտում և, հաշվի առնելով երկրի և արտաքին աշխարհի մարտահարվերները, այդ ոլորտի կադրեր պատրաստել: Քաղաքագիտությունը որպես գիտություն նոր է զարգանում, չնայած հիմա իրավիճակը շատ ավելի լավ է, քան տարիներ առաջ էր:

«Կրթության որակը պետք է փոխել, բայց և ուսանողները պետք է իրենց վրա շատ աշխատեն,- ասում է Մ. Մարգարյանը:- Պետք է նաև պետական քաղաքականություն և պատվեր լինի. պատվեր չկա, իսկ քաղաքագետը պետք է պատվեր ունենա»:

«Ավելի հեշտ է լրացնել տեսական բացը, քան փոխել մարդկանց մտածելակերպը»

Քաղաքագիտության ոլորտում մագիստրոսական մեկամյա կուրսեր է կազմակերպում նաև Կովկասի ինստիտուտը: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում է, որ իրենց մոտ հիմնականում գալիս են ԵՊՀ-ի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի շրջանավարտները: Նրա կարծիքով՝ այդ կադրերը ունեն երկու հիմնական խնդիր: Նախ՝ նրանք թույլ են տեսական գիտելիքների առումով: Երկրորդ՝ հաճախ գալիս են, այսպես ասած, փորձ ունեցող երիտասարդներ, ովքեր արդեն կոնկրետ գաղափարների և հայացքների կրողներ են: Վերջիններս քաղաքական վերլուծություններն անում են ոչ թե ելնելով օբյեկտիվ իրականությունից, այլ՝ իրենց տեսակետներից:

«Արդյունքում նրանք զբաղվում են ոչ թե քաղաքական վերլուծություն անելով, այլ քարոզչությամբ,- ասում է Ս. Մինասյանը:- Ընդ որում, սա դժվար լուծվող խնդիր է. ավելի հեշտ է լրացնել տեսական բացը, քան փոխել մարդկանց այդ մտածելակերպը»:

«Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանի կարծիքով՝ կրթական համակարգը նեղ մասնագետներ չի պատրաստում: Այդ բացը փորձում են լրացնել մագիստրատուրայում, ինչն այդքան էլ լավ չի աշխատում:

«Իմ կարծիքով` քաղաքագիտությունը կարող է լինել բազիսային՝ բակալավրիատի կրթություն, իսկ մագիստրատուրայի ուղղությամբ պետք է գնան միջդիսցիպլինար ուղղությամբ. մագիստրատուրայում ընտրել մեկ այլ մասնագիտություն, որպեսզի մասնագիտանան»,- ասում է Ս. Սարուխանյանը:

Ն. Գալստյանի կարծիքով՝ կոնկրետ ուղղություններով մասնագետներ պատրաստելու մեջ պետք է շահագրգռված լինեն ոչ միայն բուհն ու պետությունը, այլև մասնավոր ոլորտը, ինչպես, օրինակ, դա կա ՏՏ ոլորտում: Պետությունն էլ տալիս է պատվեր մասնագիտությունների ուղղությամբ, այլ ոչ թե նեղ մասնագիտացումների: Ն. Գալստյանը կարծում է, որ պետք է ապահովել նաև ֆակուլտետի և կրթական ծրագրերի միջազգայնացումը. ուսուցումը մատչելի դարձնել արտերկրի ուսանողների համար, և հակառակը` տեղի ուսանողները հնարավորություն ունենան ընդունվելով այս ֆակուլտետ՝ ուսումը շարունակել արտերկրում: Նա համոզված է, որ մի քանի տարի անց կունենանք որակյալ մասնագետներ, ուղղակի կրթական ռեֆորմները դեռ ընթացքի մեջ են: Սկզբնական փուլն է. արդյունքն այդքան տեսանելի չէ:

Նրա կարծիքով՝ արտաքին քաղաքականության ոլորտի գրեթե բոլոր հարցերում մասնագետների կարիք կա` կոնկրետ տարածաշրջանների և երկրների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ ընտրությունների, կուսակցությունների մասնագետներ: Ս. Սարուխանյանի կարծիքով՝ այժմ մեծ պահանջարկ ունեն տնտեսական հարցերով քաղաքագետները: Գ. Քեռյանի կարծիքով՝ կարիք կա քաղաքական տեխնոլոգների, վերլուծաբանների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter