
Գորիի քաղաքապետ. «Հիմա քաղաքականությունն այնպիսին է, որ չի կարելի վատ բան ասել ռուսների հասցեին»
«Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանի Գորիի շրջանային խորհրդի (սակրաբուլո) նախագահ Դավիթ Ռազմաձեն:
- Հոկտեմբերի 27-ին Վրաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները:
- Ընտրություններն այնպիսին էին, որ անգամ եվրոպացիները չէին սպասում: Ամեն ինչ անցել է խաղաղ, առանց «կարուսելների»: Ասում են «հայկական կարուսել» էր. Սահակաշվիլու օրոք մի մեծ խումբ նստում էր մեքենաներում, որոնց ձեռքին կային մեծ թվով կեղծ անձնագրեր: Շուրջ 300 հազար հատ գտել են:
- Դա ե՞րբ է եղել:
- Հիմա: Դրանք ազգայնականներն էին, որոնք Սահակաշվիլու կողմից էին: Ընտրություններին մասնակցել է 1 մլն 600 հազար հոգի, դե դրան ավելացրեք կեղծ 300 հազարը:
- Ի՞նչ սպասումներ ունեք նորընտիր նախագահից:
- Մեր նախագահը շատ զարգացած, արևմտյան մտածելակերպ ունեցող անձնավորություն է, շփվող և ոչ ամբիցիոզ: Մենք շատ ակնկալիքներ ունենք նրանից:
- Ի՞ նչ փոփոխություններ եք ուզում, որ լինեն:
- Ամենակարևորը, որ ամենուր ճշմարտություն լինի: Դրա մասին երազում են բոլոր վրացիները: Որ չլինի կոռուպցիա, որը շատ է մասնավորապես «վերևներում»: Օրինակ` կան փաստաթղթեր, որ Դավիթ Բակրաձեն (նախագահի թեկնածու էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից) մեկ օրվա ընթացքում, երբ նրա կինը մեկնել էր Եգիպտոս, պետբյուջեից ծախսել է 10 հազար լարի (2 մլն դրամ): Ասում են` կազինոներում:
Սահակաշվիլին կարծես կայսր, թագավոր լիներ: Ինչ ուզում, այն էլ անում էր, իսկ իր շրջապատի մարդիկ գլխով հա էին ասում` համաձայնելով նրա արածների հետ: Մեզ մոտ առաջ կոռուպցիան միայն վերին օղակներում էր, որովհետր մարդիկ արդեն սովորել են, որ ամեն ինչ պետք է արվի օրինական ճանապարհով: Իսկ դա լավ հանգամանք է զարգանալու համար: Հիմա, կարծում եմ, այդ կոռուպցիան այլևս չի լինի: Մեր արևմտյան բարեկամներն այդ ամենը շատ լավ գիտեն և ասում են, որ այժմ մենք մեծ հնարավորություն ունենք իրենց հետ միասին լինել ԵՄ-ում: Իսկ նախկինում նման բան չէին ասում:
Դուք գիտեք, որ մեր հարևաններն աննորմալ են, հաստատ բան եմ ասում: Ռուսաստանն այդքան մեծ հողատարածքներ ունի, բայց դա նրանց չի բավականացնում:
- Բայց երբ Իվանիշվիլին իշխանության եկավ, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները, կարծես թե, որոշակիորեն բարելավվեցին:
- Մեր հարաբերությունները փոքր-ինչ հանդարտվեցին, հիմա քաղաքականությունն այնպիսին է, որ չի կարելի վատ բան ասել ռուսների հասցեին: Հիմա սպասում ենք միջազգային հարաբերությունների զարգացմանը: Եվրոպան, ԱՄՆ-ը Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցի հետ կապված նշում են, որ դա Վրաստանի տարածքն է, բայց ռուսներն այդպես չեն կարծում: Սահակաշվիլին ամեն օր բարկանում էր, քննադատում այդ քաղաքականությունը (Ռուսաստանի-հեղ.): Բայց քաղաքականությունն այլ պետք է լինի. մենք ուզում ենք վերադարձնել այդ տարածքները: Այդ մարդիկ (աբխազները, օսերը) նույնպես դա են ցանկանում:
- Դուք կարծում եք, որ աբխազներն ու օսերը ցանկանո՞ւմ են միանալ Վրաստանին:
- Այո, շատերը: Ես անձամբ շատ եմ հանդիպել նման մարդկանց, մանավանդ օսերը: Այս երկու ժողովուրդները` վրացիներն ու օսերը, շատ կապված են միմյանց հետ, խառնուրդները շատ են: Գորիից Ցխինվալ 25 կմ է: Մեր քաղաքում էլ շատ օսեր են ապրում: Նրանք բոլորն էլ ասում են, որ դա քաղաքականություն է, մենք վրացիների դեմ բան չունենք: Սահակաշվիլիից առաջ խաղաղ ապրում էինք, նման դրություն չկար: Առաջ ես կարող էի հանգիստ անցնել Ցխինվալ, այնտեղ կային վրացական գյուղեր: Հիմա կարծեմ դրանք վերացել են: Ես կարծում եմ, որ Սահակաշվիլին այդ ամենը վաճառել է:
- Ո՞ւմ է վաճառել:
- Ռուսներին: Աստված չանի, եթե Օսիան չմիանա Վրաստանին, 20-30 տարի անց այդ տարածքում այլևս օսեր չեն լինի:
- Այժմ էլ Վրաստանը ցանկանում է մտնել ԵՄ, այնպես չէ՞:
- Այո, դա մեծ առաջընթաց կլինի, բարեփոխումներ կլինեն նաև ՏԻՄ համակարգում: Շուտով կլինի նաև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Առհասարակ, եվրոպացիներն ու ամերիկացիները մեզ համար շատ բան են անում: Մանավանդ պատերազմից հետո խոշոր գումարներ են տվել վերականգնողական աշախատանքներ իրականացնելու համար:
Հ.Գ. Վրաստանի Գորիի շրջանային խորհրդի (սակրաբուլո) նախագահ Դավիթ Ռազմաձեին հանդիպեցինք նոյեմբերի 14-15-ը Ստամբուլում տեղի ունեցած Քաղաքապետերի համաձայնագրի բարձր մակարդակի ֆորումի ժամանակ, որը կազմակերպել էր "Energy Cities"-ը (European Association of local authorities in energy transition):
Մեկնաբանել