
Աղվան Հովսեփյանի որդիների ծաղկող բիզնեսը
Այս տարվա փետրվարի 22-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ավագանին արտահերթ նիստով փոքր հէկի խողովակաշարի կառուցման եւ սպասարկման նպատակով «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ին որոշել է տրամադրել մշտական սերվիտուտ՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.00085հա, 0.00330հա, 0.00353հա, 0.03207հա, 0.81245հա հողատարածքների նկատմամբ` տարեկան 300.000 դրամ ընդհանուր վարձավճարով:
Ավագանին հանձնարարել է համայնքի ղեկավարին «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի հետ կնքել սերվիտուտի նոտարական պայմանագիր:
«Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը պատկանում է նախկին գլխավոր դատախազ, հանրապետության նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանի կրտսեր որդուն՝ Միսակ Հովսեփյանին:
Նշված ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին, եւ տնօրենը հանդիսանում է հենց Միսակ Հովսեփյանը:
Միսակ Հովսեփյանը «Թիվ 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը:
Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Միսակ Հովսեփյանը 2011թ-ին հայտարարագրել էր 57 մլն 117 հազար դրամի եկամուտ, որից 767 հազարը աշխատավարձն է եղել, 9 մլն 350 հազարը` շահաբաժինը, իսկ 47 մլն դրամի եկամուտ նրան բերել էր գույքի օտարումը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Միսակ Հովսեփյանը հայտարարագրել էր 60 մլն դրամ:
2012թ. Միսակ Հովսեփյանն ունեցել է 25 մլն 715 հազար դրամ, որից 716 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 25 մլնը` շահաբաժինը: Պակասել է նաեւ դրամական միջոցները` նախորդ տարվա 60 մլն դրամից դառնալով 4 մլն դրամ: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ նա նշված տարում 78 մլն 750 հազար դրամ արժողության հողամաս է գնել:
Մ. Հովսեփյանը հիմնադիր եւ բաժնետեր է մի քանի այլ ընկերություններում եւս:
Նրա ավագ եղբայրը՝ Նարեկ Հովսեփյանը, 50 % բաժնեմաս ունի 2007թ. հիմնադրված «Տրանս-Սիստեմ» ՍՊԸ-ում: Նույն ընկերությունում 10% բաժնեմաս ունի նաեւ Երեւանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Աշոտ Զալինյանի որդին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Միքայել Զալինյանը:
Նարեկ Հովսեփյանին է պատկանում նաեւ «Կոնցեռն-Էներգիա-ԳԷՍ» ՍՊԸ-ում 25% բաժնեմասը:
Նարեկ Հովսեփյանը 2011թ-ին հայտարարագրել է 51 մլն 792 հազար դրամի եկամուտ, որից 2 մլն 328 հազարը աշխատավարձն է եղել, իսկ 49 մլն 464 հազարը` շահաբաժինը: Ինչ վերաբերում է դրամական միավորներին, ապա նրա հաշվին եղել է 128 մլն դրամ:
2012թ. Ն. Հովսեփյանին եկամուտ է բերել միայն շահաբաժինը` 26 մլն 865 հազար դրամ: 135 մլն դրամն էլ նրա հաշվին եղած գումարն է:
Եթե նկատի ունենանք, որ հայտարարագրերի ուսումնասիրությունն այսօր թույլ մակարդակի վրա է եւ գրեթե չի ստուգվում պատկան մարմինների կողմից, չի բացառվում, որ ինչպես Աղվան Հովսեփյանի որդիները, այնպես էլ շատ պաշտոնյաներ ու նրանց զավակներ ավելի պակաս հայտարարագրեն իրենց գույքն ու եկամուտները, քան իրականում ունեն:
Տեղեկացնենք, որ 2011թ. Աղվան Հովսեփյանն ունեցել է 7 մլն 889 հազար 525 հազար դրամ, որը աշխատավարձն է: Իսկ հաշվին եղել է 12 մլն դրամ եւ 135 հազար եվրո:
Մեկ տարի անց 2012թ. հայտարարագրով` գլխավոր դատախազի ֆինանսական միջոցներն ավելացել են: Եկամուտը եղել է գրեթե նույնը` 7 մլն 853 հազար դրամ, իսկ ֆինանսական միջոցները` 14 մլն դրամ եւ 135 հազար եվրո:
Համեմատության համար նշենք, որ 2010թ.-ին գլխավոր դատախազը հայտարարագրել էր միայն եկամուտը` 7 մլն 818 հազար դրամ:
Ա. Հովսեփյանի կնոջ` Աստղիկ Հովսեփյանի 2011թ. միակ եկամուտը դարձյալ աշխատավարձն է եղել` 720 հազար դրամ, որը նույնությամբ պահպանվել է նաեւ 2012թ-ին:
Մեկնաբանել