Տրայան Հրիսթեա. «Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին»
«ԵՄ-ը հարգում է Հայաստանի` ինքնիշխան պետության իրավունքը` միանալու Մաքսային միությանը», - այսօր «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում Հայաստան և Վրաստան» քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Նա նշեց, որ Արևալյան գործընկերությունը (ԱլԳ) նախատեսում է շարժունակություն ԵՄ և ԱլԳ անդամ երկրների միջև: Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ պետք է արձանագրիվի երկու կարևոր հանագամանք. ինչ զարգացումներ են եղել վերջին երկու տարիների ընթացքում, և ինչ անելիքներ կան առաջիկա երկու տարիների համար: Իսկ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո կորոշվեն այն ձևաչափերը, որոնց միջոցով կիրականացվի համագործակցությունը ԵՄ-ի Հայաստանի միջև:
«ԵՄ-ը շարունակում է մնալ ՀՀ-ի հետ համագործակցող կազմակերպություն, - հայտարարեց դեսպանը, - ԵՄ-ը շարունակելու աջակցել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանության և կառավարման համակարգի ոլորտում: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում լսելի դառնա քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ձայնը»:
Քննարկաման ժամանակ ներկայացվեց ԱլԳ ճանապարհային քարտեզի 2012-2013 թթ.-ի մշտադիտարկման արդյունքները Հայաստանում և Վրաստանում: Ներկայացված զեկույցները «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Վրաստան»-ի համագործակցության արդյունքն է:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ զեկույցը պատրաստվել է նախքան սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու մասին: Նրա կարծիքով` ժողովրդավարական ինստւտուտների կայացած չլինելը ճնշումների ենթարկվելու տեղիք է տալիս: Արդյունքում, նրա խոսքով, ընդունվում են այնպիսի որոշումներ, որոնք բացասական արդյունք կարող են ունենալ երկրի հետագա զարգացման համար:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, անրադառնալով զեկույցի ընտրական ստանդարտներ հատվածին, նշեց, որ քաղաքական կոռուպցիան առավել ցայտուն դրսևորվում է ընտրությունների ժամանակ: Զեկույցում դիտարկվել են 2012-2013 թթ.-ի Հայաստանում անցկացված ընտրությունները: Նրա խոսքով`եթե ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների դեպքում հիմնականում արձանագրվել էին «փափուկ խախտումներ», ապա նախագահական ընտրությունների ժամանակ այդ խախտումները «կոպիտ» էին:
Նա հատկանշական համարեց այն հանգամանքը, որ բոլոր երեք ընտրությունները տեղի են ունեցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում: Վ. Հոկտանյանի խոսքով` այդ ժամանակ եվրոպական կառույցները աչք փակեցին ընտրական մի շարք խախտումների վրա, իսկ մյուս կողմից էլ` այդ խախտումների ժամանակ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում հայտնեին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը նշեց, որ իրենք ակնկալում են Հայաստանում դատական համակարգի անկախություն և ընդունված օրենքների գործնական կիրառում:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, անրադառնալով զեկույցի` մամուլի ազատության հատվածին, նշեց, որ Հայստանում տոտալ վերահսկողություն կա մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ի վրա: Իսկ այս ոլորտում բարեփոխումներ արվում են այնքան, որպեսզի դրանք չխանգարեն իշխանությունների վերարտադրմանը: Նրա խոսքով` հինգ տարի առաջ կային ավելի շատ հեռուստաընկերություններ, քան այժմ, սակայն դրանց թիվը ավելի կնվազի 2015 թ.-ի թվայնացումից հետո: Իշխանությունների համար որքան քիչ ԶԼՄ, այնքան մեծ վերահսկողություն` ասաց նա:
Հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանի բոլոր տպագիր թերթերի մեկ օրվա տպվող քանակը միասին կազմում է 30 հազար օրինակ, ինչը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի վրա: Լ. Բարսեղյանի կարծիքով` այժմ ինտերնետը լուրջ մարտահրավեր է իշխանությունների համար, այդ պատճառով էլ խոսակցություններ են գնում այս ռեսուրսի սահմանափակումների շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել