HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավատը մարդու էության հիմքում է

Հարցազրույց DEVAMM ընկերության նախագահ, «Ջումա» մզկիթի իմամ-ջամաաթ Հաջի Իլգար Իբրահիմօղլուի հետ

- Ի՞նչ տեղ է զբաղեցնում կրոնը ժամանակակից ադրբեջանական հասարակության կյանքում:

- Չեմ կարծում, թե հնարավոր է մեկ բառով պատասխանել այդ հարցին. «մեծ», «միջին» եւ այլն: Ավելի շուտ կարելի է ասել` տարբեր: Ամեն ինչ կախված է այն հարթությունից, որի վրա դիտարկվում է հարցը: Եթե խոսքն ամենօրյա ծեսերին հետեւող հավատացյալների մասին է, ապա նրանք կազմում են բնակչության 10-15%-ը: Եթե առաջնորդվենք նրանով, թե քանիսն է իրեն համարում հավատացյալ, կստացվի մոտ 99%, իսկ հիմնական ծեսերը (նշանադրություն, թաղում եւ այլն) կատարվում են գրեթե բոլորի կողմից: Բայց եթե խոսենք այն մասին, թե որքանո՞վ են կրոնական արժեքները պայմանավորում մարդու արարքները, ապա կտեսնենք, որ գործ ունենք համամարդկային ճգնաժամի հետ:

Եւ մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը մարդկանց կրթել-լուսավորելն է, որպեսզի օգնենք նրանց` վերագտնել խորհրդածության վիճակը: Իսկ որոնումը վաղ թե ուշ կհանգեցնի Արարչին: Չէ՞ որ մտածող մարդը վաղ թե ուշ ինքն իրեն տալիս է հարցեր. «Ո՞վ եմ ես», «Որտեղի՞ց եմ», «Որտե՞ղ եմ», «Ո՞ւր եմ գնում»: Այս հարցերն անպայման նրան կհանգեցնեն «Ի՞նչ պետք է անեմ» հարցի պատասխանին: Մարդը կմտածի իր առաքելության մասին, Արարչի, շրջակա աշխարհի եւ մյուս արարածների հետ իր հարաբերությունների մասին: Այդ մտքերը կմոտեցնեն նրան կատարելության ճանապարհին: Նա ինքը կկատարելագործվի եւ կձգտի կատարելագործել շրջակա աշխարհը: Այսպիսով, հիմնական խնդիրը, որ պետք է լուծեն հասարակական կյանքը որակապես փոխելու ցանկություն ունեցողները, հետեւյալն է` նպաստել հասարակության մեջ մտքի, մտածողության պարադիգմի զարգացմանը:

- Գործնականում մեր երկրում կա՞ դավանանքի ազատություն, ինչպե՞ս է դրան վերաբերվում հասարակությունը, ինչպե՞ս է այդ ազատությունն արտացոլված օրենսդրության մեջ:

- Դավանանքի ազատությունն ամենահիմնարար ազատություններից մեկն է: Դրա ապահովվածության աստիճանը խոսում է մարդու իրավունքների ընդհանուր վիճակի մասին: Ցավոք, պաշտոնյաները հաճախ հակված են սահմանափակելու իրավունքներն ու ազատությունները: Այս կամ այն չափով դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որոնցում լիովին ապահովված են մարդու իրավունքները: Հիմնականում Սկանդինավյան երկրներն են եւ էլի մի քանի ուրիշ երկիր: Սկզբունքորեն, մարդու իրավունքները սահմանափակելու փորձը գալիս է պաշտոնյաների գործառության էությունից: Ուղղակի այդպես ավելի հեշտ է կառավարել: Բայց դրան ամենուրեք հակադրվում են քաղաքացիական հասարակության կառույցները: Սկսած արհմիություններից, կուսակցություններից, նոր հասարակական եւ քաղաքական կազմակերպություններից, վերջացրած տարատեսակ ոչ ֆորմալ միավորումներով, ինտերնետային ֆորումներով: Պաշտոնյաները վերահսկում, քննադատում եւ սահմանափակում են քաղաքացիական հասարակության ողջ սպեկտրը, թույլ չեն տալիս, որ այն գործնականում ընդլայնի օրենսդրությամբ սահմանված իշխանության ոլորտները: Եւ որքան ավելի զարգացած է քաղաքացիական հասարակությունը, այդքան ավելի  ապահովված են մարդու իրավունքները, օրինականությունը եւ իրավակարգը:

Կարելի է օրենսդրության մեջ որքան ասես իրավունքներ ամրագրել, բայց եթե հասարակության յուրաքանչյուր անդամ չտոգորվի սեփական իրավունքների համար պատասխանատվության զգացումով, իրական փոփոխություններ չեն լինի: Եւ մեծ է գայթակղությունը` մտցնելու նաեւ օրենսդրական ուղեփակոցներ, որոնք թույլ կտային ըստ իրադրության օրենքները մեկնաբանել այնպես, ինչպես ձեռնտու է պաշտոնյաներին: Բայց խնդիրն այն է, որ եւ օրենքների ընդունումը, եւ դրանց գործադրման պրակտիկան կախված են հասարակության` այդ ամենը մարսելու կարողությունից: Առայժմ, ողջ հետխորհրդային տարածքում, բացառությամբ Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի, հասարակությունները բավական «հաջողությամբ» են մարսում մարդու իրավունքների հետ կատարվող` առաջին հայացքից «դժվարամարս» փորձերը:

- Ադրբեջանում որքանո՞վ է իրապես եկեղեցին անջատված պետությունից, ո՞րն է դրա պատճառը, միայն պետության աշխարհիկությո՞ւնը:

- Վերջին շրջանում աշխարհիկության հարցը հատուկ հրատապություն է ստացել ոչ միայն Ադրբեջանում եւ մյուս հետխորհրդային երկրներում, այլեւ գլոբալ մասշտաբով: Մենք տեսնում ենք, թե ինչ վիթխարի սպեկուլյացիաներ են կատարվում այդ թեմայով: Չգիտես ինչու, աշխարհիկության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք է արգելել մինարեթների (մզկիթին կից աշտարակ, որտեղից մուսուլմանական հոգեւորականները կանչում են աղոթքի - խմբ.) կառուցումը, սահմանափակել հիջաբը դպրոցում, արգելել նիգյաբը (մուսուլման կնոջ հանդերձանքի պարագաներ` գլխաշոր եւ դեմքը ծածկող քող - խմբ.): Մինչդեռ մյուս կողմից` Ղուրանի այրումը եւ զազրելի ծաղրանկարները դառնում են ինքնարտահայտման ազատություն, իսկ Հոլոքոստի իրական մասշտաբների քննարկումը` բացարձակապես անթույլատրելի գործողություն: Այս ամենը հուշում է, որ հիմքեր չունենք խոսելու աշխարհիկության հետ կապված օբյեկտիվ հանգամանքների մասին: Ցավոք, այս հարցում կրկնակի ստանդարտներն առավել մեծ դրսեւորումներ են ունենում, եւ սա լուրջ կասկածի է ենթարկում այս թեմայի շուրջ նույնիսկ հղացքային քննարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը:

Ինչ վերաբերում է պետությունից կրոնի առանձնացմանը, ապա, ըստ էության, խոսքը պետությունից եկեղեցու անջատման մասին է: Այսինքն, եկեղեցին, որպես ինստիտուցիոնալ հաստատություն, չի ներառվում պետական կարգավորման շրջանակի մեջ, եկեղեցու սպասավորները պետական պաշտոնյաներ չեն: Եկեղեցին չի մասնակցում օրինաստեղծ գործունեությանը եւ պետական կառավարմանը: Իսկ պետությունն էլ չի խառնվում եկեղեցու ներքին փոխհարաբերություններին, չի հաստատում աստիճանակարգ, ենթակայություն, հաշվետվություն, միջեկեղեցական փոխհարաբերությունների կազմավորում: Իսկ իրականում մենք տեսնում ենք ներկրոնական փոխհարաբերությունները կարգավորելու փորձեր` խղճի ազատությունը սահմանափակելու փորձերի հետ միասին: Երբեմն դա արդյունք է ոչ անկեղծ մոտեցման, երբեմն` մտքի կուրության, որոշ դեպքերում էլ` հասկացությունների նենգափոխման: Ու երբեք այդ բանը չի կատարվում օրենսդրական եւ սահմանադրական նորմերի իրականացման շրջանակում:

Ավելին, կրոնը, որպես հասարակական կյանքի մի մաս, չի կարող գտնվել մեկուսացված վիճակում: Դա չպետք է շփոթել կրոնական պրակտիկայի բուն կարգավորման հետ: Կրոնի առանձնացումն առավել ընդհանուր իմաստով նշանակում է, որ կրոնական հանձնարարականները չեն այն տիրապետող տեսական հիմքը, որով օրենսդրական ակտերի ընդունման ժամանակ պիտի առաջնորդվեր օրենսդիրը: Պետք է մեծացնել կրթական-լուսավորական գործունեության ծավալը, որպեսզի մարդիկ տեսնեն, թե որքան կործանարար է այս մոտեցումը, տեսնեն դրա բացասական հետեւանքները մարդու իրավունքների հետ կապված ընդհանուր իրադրության համար:

- Ինչպիսի՞ն է կրոնի նկատմամբ հասարակության հետաքրքրության դինամիկան վերջին տարիներին, ինչո՞վ է այն պայմանավորված:

- Խոսելով կրոնի նկատմամբ հասարակության հետաքրքրության դինամիկայի մասին, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք ապրում ենք հետխորհրդային ժամանակաշրջանում: Բոլշեւիկները հայտարարեցին կրոնը օրենքից դուրս, արգելեցին կրոնական պրոպագանդան, հետապնդում էին հավատացյալներին: Բայց, ինչպես արդեն ասացի, հավատն ընկած է մարդու էության հիմքում: Անկարելի է այն արմատախիլ անել մարդու միջից: Պատահական չէ, որ խորհրդային իշխանությունը փորձում էր մարդկանց ներարկել շինծու հավատի նման մի բան` կոմունիզմ եւ այլ բաներ: Բայց երբ մարդիկ վերջնականապես հասկացան այդ ամենի կեղծ լինելը, ամեն բան արագորեն փլուզվեց: Առաջ եկած հոգեւոր վակուումն անմիջապես սկսեց լցվել կրոնով: Ճիշտ է, այդ գործընթացը ոչ միշտ եւ ոչ ամեն տեղ կատարվեց պատշաճ ձեւով: Մի շարք դեպքերում տեղի ունեցողը ոչ թե կրոնական լուսավորչություն էր, այլ` որոշակի ինքնագործունեություն: Բայց չնայած բոլոր սխալներին, վերջին հաշվով կատարվեց զանգվածային վերադարձ հավատի գիրկը: Եւ այս գործընթացը դեռ չի հասել իր գագաթնակետին: Այժմ անցում է կատարվում քանակից դեպի որակ: Տարեցտարի ավելանում է հավատացյալների թիվը, եւ դրա հետ միասին աճում է կրթական մակարդակը, հավատացյալների ընդհանուր պատրաստվածությունը: Որակապես փոխվում է հասարակական կյանքին հավատացյալների մասնակցության աստիճանը: Հետաքրքրական է, որ այդ գործընթացը միաժամանակ տեղի է ունենում ամբողջ հետխորհրդային տարածքում: Եւ մեր երկիրն այդ առումով բացառություն չէ: Այդ համատեքստում մեծ նշանակություն է ստանում պաշտոնյաների կողմից սեփական դերի ըմբռնումը հավատացյալներին ներդաշնակ ձեւով հասարակական կյանքի մեջ ներգրավելու գործում: Ցավոք, կան  հավատացյալներին մարգինալ դարձնելու, հասարակությանը նրանց ինտեգրումը խոչընդոտելու փորձեր: Անհրաժեշտ է բոլորին բացատրել նման դիրքորոշման արդյունավետ չլինելը, նման մոտեցման քայքայիչ լինելն ու բացասական ներուժը: Չէ՞ որ թե անհատի, թե ընդհանրապես հասարակության զարգացումը կախված է այն բանից, թե ինչ չափով են ապահովվում նրա իրավունքներն ու ազատությունները, որքա՞ն ներդաշնակ են գոյակցում բնակչության տարբեր խմբերը:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter