HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

89 կգ թմրանյութ. մաքսանենգությանն օժանդակելու համար պատժվել է մեկ մաքսային միջնորդ

Վարդան Մարտիրոսյանը մաքսային միջնորդ է աշխատել «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրում մինչ ձերբակալվելը: 2012-ին առանձնապես խոշոր չափերի թմրանյութի մաքսանենգությանն օժանդակելու մեղադրանքով առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը դատավճիռը բողոքարկել է վվեերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին: «Հետքի» հետ զրույցում փաստաբանը նշեց. «Իրավագիտության ֆակուլտետներում 1-ին կուրսից սովորեցնում են, որ օժանդակությունը ուղղակի դիտավորությամբ կատարվող արարք է: Այս պարագայում նաև դատավճռով հաստատվել է, որ մաքսային միջնորդ Վարդան Մարտիրոսյանը չի իմացել, թե գործարանային փաթեթավորման տեսք տված գազի վառարանի ստվարաթղթե արկղում, նաև էլեկտրոնային դաշնամուրի մեջ ավելի քան 44-ական կիլոգրամ հերոին են անցկացնում Իրանի երկու քաղաքացիներ՝ Սարգեզ Անդոունիանը և Վիգեն Նովասարտիանսը» (ԻԻՀ քաղաքացիները դատապարտվել են համապատասխանաբար 14 և 11 տարվա ազատազրկման-հեղ.): Ի դեպ, 2010 թ.-ին հիշյալ երկու անձինք դարձյալ էլեկտրոնային դաշնամուրի մեջ թաքցրած 8 կգ թմրանյութ են տեղափոխել Հայաստան, այստեղից էլ «Զվարթնոց»  օդանավակայանով Ավստրալիա: Այդ ժամանակ ևս մաքսային միջնորդ Վարդան Մարտիրոսյանն է բեռներն ուղարկել օդանավով, սակայն դարձյալ դատարանն ապացուցված է համարել, որ բեռների պարունակության մասին նա ոչինչ չի իմացել նաև այն պատճառով, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում:

2011 թ.-ին արդեն ավելի քան 89 կգ-անոց թմրանյութը, որը դարձյալ նույն զույգը անցկացրել էր Մեղրիի մաքսային կետով, սեփական մեքենաներով հասցվել էր Երևան «Զվարթնոց» օդանավակայան, բացահայտվել էր ԱԱԾ-ի կողմից: «Բայց դարձյալ քրեական գործերի նյութերում չկա գեթ մեկ ապացույց, որ բեռնափոխադրումներ իրականացնող մաքսային միջնորդը իմացել է բեռներում թաքցված թմրանյութի մասին: Հակառակը ապացույցները խոսում են հակառակի մասին: Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով դատարանը Վարդան Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել մաքսանենգության օժանդակելու համար: Դատախազը, կարծում եմ, պետք է ամբողջովին հրաժարվեր մեղադրանքից, քանի որ չապացուցվեց Վարդան Մարտիրոսյանի գործողությունների մեջ դիտավորության բաղադրիչը»,- շեշտում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Հայաստան մուտք գործող բեռների պարունակությունը ստուգելու պարտականությունը մաքսային պետական ծառայությանն է, որոշ դեպքերում նաև սահմանապահ ծառայությունն ունի: Նշված բեռները, սակայն, Մեղրիի մաքսային կետով անարգել անցել են սահմանը: Մաքսանենգության դեմ պայքարի ստորաբաժանումը չեն հայտնաբերել հսկայական քանակությամբ թմրանյութը: Մեղրիի մաքսային կետի աշխատակիցների նկատմամբ դեռևս նախաքննության փուլում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին այն պատճառաբանությամբ, որ նրան չեն իմացել, որ բեռներում թաքցված է թմրանյութ, այնինչ բեռների ստուգումը նրանց ուղղակի պարտավորությունն է:

«Ստացվում է, որ այն անձինք, ում ուղղակի պարտավորությունն է պայքարել մաքսանենգության դեմ, չեն ենթարկվել պատասխանատվության, փոխարենը Հայաստան մուտք գործած նախադեպը չունեցող չափերի թմրանյութի մաքսանենգությանն օժանդակելու գործով պատժվում է ընդամենը մեկ մաքսային միջնորդ»,- զարմանում է փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter