Գերմանացի ճանապարհորդը միայն Վրաստանում է իմացել Հայաստանի գոյության մասին
«Քրիսը 23 տարեկան գերմանացի երիտասարդ ճամփորդ է, ով իրականացնում է շուրջերկրյա ճանապարհորդություն և ներկայումս իր հերթական երկրներից Հայաստան է եկել: Նա այս շաբաթ և կիրակի օրերի համար գիշերելու տեղ է փնտրում», - «Ֆեյսբուքում» գրել էր ընկերներիցս մեկը:
Քրիսն իր ճանապարհորդությունն իրականացնում է առանց փողի
Որոշեցի հանդիպել Քրիսին և իմանալ, թե ինչ ճանապարհորդություն է նախաձեռնել: 23-ամյա երիտասարդն արդեն 33-ամյա էր երևում, որովհետև մորուքը երկարել էր, իսկ դեմքի արտահայտությունն արդեն հոգնած էր և ավելի հասուն:
Պարզվեց` Քրիսը մասնագիտությամբ էլեկտրիկ է: Եվ երբ սեպտեմբերից իր տնօրենն իրեն թույլ է տվել մեկ տարով արձակուրդ գնալ, իհարկե, իր հաշվին, երիտասարդ էլեկտրիկը որոշել է իրականացնել իր երազանքը և ճանապարհորդել աշխարհով մեկ: Քրիսն իր ճանապարհորդությունն սկսել է առանց կոնկրետ ծրագրի` չնախատեսելով որտեղից ուր է գնալու և այն իրականացնում է առանց գումարի: Իր հետ վերցրել է մեծ ճամփորդական պայուսակ, որտեղ միայն առաջին անհրաժեշտության իրերն են: Կարևորը` միշտ ձեռքի տակ է հեռախոսը, որով միանում է ինտերնետին և կապ պահում ընկերների ու ծանոթների հետ: Իր իսկ խոսքերով` գնում է այնտեղ, ուր ոտքերը տանում են:
Երբ դեռ Գերմանիայում էր, գնում է այնտեղ, որտեղ դադար են առնում ճանապարհորդները: Հավաքվածների մի խմբին հարցնում է` ուր եք գնում, նրանք էլ, թե Շվեյցարիա, Քրիսն էլ` ես էլ ձեզ հետ: Այս ընթացքում Քրիսը հասցրել է լինել 11 երկրներում, և այդ ամենը ավտոստոպով: Ճանապարհորդության սկզբին անգամ նորմալ անգլերեն չգիտեր, ընկերներն ասում էին` այդ անգլերենով չես ձգի: Բայց հիմա այնքան է ստիպված եղել խոսել անգլերեն, որ սովորել է: Տարբեր իրավիճակներում է հայտնվել, բայց լուրջ խնդիրներ դեռևս չի ունեցել:
Այցելած երկրներից ամենաշատը հավանել է Մոլդովան, Ռումինիան և Վրաստանը: Այստեղ նրան դուր են եկել մարդկանց հետ շփումները և բնությունը:
Վրաստանում Քրիսին ասել էին, որ Հայաստանում մարդիկ զգացմունքներ չունեն
Ուկրաինայից հետո Քրիսը ցանկանում էր գնալ Ռուսաստան, բայց դրա համար վիզա էր անհրաժեշտ, որը չուներ: Եկավ Վրաստան, այնուհետև նաև Հայաստան: Երբ ընկերներից մեկը նրան հարցրել է, թե որքան է ճանապարհը Վրաստանից Հայաստանը, Քրիսը պատասխանել է` ընդամենը երկու մեքենա:
Երիտասարդ գերմանացին խոստովանում է, որ միայն Վրաստանում է իմացել Հայաստանի գոյության մասին: Վրաստանում նրան ասել էին, որ Հայաստանը լեռնային և մութ երկիր է, որտեղ մարդիկ զգացմունքներ չունեն: Քրիսն ասում է, որ իրականում Հայաստանն իրեն դուր է եկել, գեղեցիկ երկիր է: Բայց նկատել է, որ մարդիկ այստեղ տխուր են և քայլում են մռայլ դեմքերով:
«Եթե ինչ-որ մեկին որևէ բան հարցնես, նա սիրով կօգնի, բայց մինչ այդ մռայլ դեմքով է»,- զարմացած պատմում է Քրիսը` ցույց տալով հոնքերը կիտած մարդու դեմքի արտահայտությունը:
Քրիսը ծիծաղելով հիշում է, որ երբ առաջին անգամ մտել է երևանյան փաբերից մեկը, ներկաները զարմանքով նայել էին նրան` ասելով` միթե Քուրթ Քուբեյնը (ավելի շատ հայտնի է որպես «Nirvana» խմբի մենակատար) դեռ ողջ է:
Իսկ Հայաստանում Քրիսը ցանկանում էր ստանալ Իրանի վիզա: Բայց մի քանի օր դեսպանատուն գնալուց հետո, երբ պարզվեց, որ պետք է որոշակի գումար վճարի դրա համար, որը չունի, հրաժարվեց այդ մտքից:
Որևէ երկրում մնալու ժամանակահատվածը կախված է, թե որքան ժամանակ քնելու տեղ կունենա: Օրինակ` Մոլդովայում ստիպված է եղել մնալ ընդամենը 2 օր, իսկ Վրաստանում, որտեղ նրան մի ընտանիք էր հյուրընկալել, մնացել է շուրջ 3 շաբաթ:
Քրիսն ինձ հիշեցրեց Avicii «Wake me up» երգի հերոսին, ով երգում է, որ չգիտի, թե որտեղ կավարտվի իր ճանապարհորդությունը, հույս ունի տեսնել ամբողջ աշխարհը, բայց ծրագրեր չի կազմում: Քրիսը խոստովանեց, որ իրականում դա իր ճանապարհորդական երգն է: Իսկ ճանապարհորդությունից առաջ, երբ ընկերներով հավաքված էին և տարբեր գրություններով թղթեր էին քաշում, նրա թղթի վրա գրված էր. ուղեղը պետք է բացառապես ծառայի սիրուն:
Քրիսի խոսքով` դա դարձավ առաջնորդող խոսք, որը միշտ օգնում է նրան կողմնորոշվել` որ ուղիով գնալ կամ ինչ ընտրել: Միաժամանակ, նա հավատում է իր ճակատագրին. ինչը ճիշտ է իր համար, այդպես էլ կլինի:
«Ատում եմ կապիտալիզմը»
«Ես իմ մասնագիտությամբ կարող եմ շատ փող աշխատել, բայց ես չեմ սիրում փողը,- ասում է Քրիսը:- Չեմ հասկանում` ինչպես են մարդիկ այդքան շատ փողին տեղ տալիս»:
Նա խոստովանում է, որ չի կարողանում փող պահել, եթե փող ունի, միանգամից ծախսում է: Բայց և որոշել է խնայողություններ անել իր ճանապարհորդությունից հետո, որպեսզի իրականացնի իր հաջորդ երազանքը. գնի ճանապարհորդական ավտոբուս:
«Ատում եմ կապիտալիզմը»,- մի քանի անգամ կրկնում է Քրիսը:
Բացի ավտոբուսը՝ նա երազում է ընտանիք կազմել և տեսնել, թե ինչպես է «փոքրիկ Քրիսն իր աչքի առջև մեծանում»: Բայց դա՝ մի քանի տարուց:
Քրիսը երկու ձեռքերին ունի բազմաթիվ տարբեր թևնոցներ: Դրանց մի մասը ձեռք է բերել ճանապարհորդության ընթացքում, և պատմում է, թե դրանց վերաբերյալ հետաքրքիր պատմություններ են եղել: Այնուհետև ցույց է տալիս ամենաբարակ թևնոցը, որը գրեթե չի երևում մյուսների մեջ: Կարմիր, կանաչ և դեղին գույներով թևնոցը նրան նվիրել է իր ամենամեծ սերը, ումից բաժանվել է: Քրիսը զարմանում է, որ այդքան բարակ թելի վրա ամրացված թևնոցը մինչև հիմա չի կտրվել:
Նա ուրախ է, որ մինչև հիմա գրեթե առանց գումարի կարողացել է ճանապարհորդել, տեսնել տարբեր մշակույթներ, ծանոթանալ բազմաթիվ մարդկանց հետ: Բայց և ճանապարհորդելու ցանկությունը մոլուցքի է նմանվել. ուզում է գնալ ավելի շատ երկրներ, տեսնել ավելին:
«Անկեղծ ասած` այս ամբողջ ընթացքում այնքան խառն եմ եղել, որ կարոտելու ժամանակ չեմ ունեցել»,- ասում է Քրիսը:
Երբ զրույցի ընթացքում ընկերներիցս մեկը նշեց, որ գերմանացիները հայտնի են որպես խիստ պունկտուալ ազգ, Քրիսը լուրջ դեմքով պատասխանեց:
«Օ, այո, դա այդպես է, գերմանցիները շատ պունկտուալ են, ամեն ինչ պետք է կարգուկանոնով լինի: Բայց ես այդպիսն չեմ: Ես չգիտեմ` որ օրը որտեղ կլինեմ»,- ծիծաղելով հավելում է նա:
Այժմ նա շատ է ցանկանում Նոր տարին դիմավորել Հնդկաստանում, այնուհետև գնալ Շրի Լանկա, բայց չգիտի` ինչպես կդասավորվի: Այնուհետև երազում է լինել Աֆրիկայի երկրներում:
Հիմա Քրիսը Թուրքիայում է, բայց չգիտեմ վաղը որտեղ կլինի: Ոչ ոք չգիտի:
Լուս.՝ Քրիսի ֆեյսբուքյան էջից եւ արխիվից
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել