
Մաքսիմ Վենգերովին անձնական կյանքում «օգնել է» Երևանը
«Ես շատ եմ գնահատում ձեր անհավանական ներդրումը համաշխարհային մշակույթի, դասական երաժշտության մեջ: Դուք ունեք մեծանուն կոմպոզիտորներ` Խաչատրյան, Բաբաջանյան և այլք, անսահման քանակությամբ հանճարներ, որոնք այստեղ ծնվել, ապրել են և ձևավորել են մշակույթ»,- ասում է աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Մ. Վենգերովի երևանյան առաջին մենահամերգը: Եթե տարիներ առաջ նա Երևան էր ժամանել որպես դիրիժոր, ապա այժմ ներկայացավ առանձին ծրագրով: Վենգերովի համերգին հանդես եկավ նաև հայազգի դաշնակահար Վահագն Պապյանը: Երաժիշտներն արդեն քսան տարի է՝ համագործակցում են և մտերիմ են նաև արվեստից դուրս: Հետաքրքրական է, որ երկու երաժիշտներն էլ հետագայում դիրիժորություն են ուսանել: Ընդ որում, իր առաջին դասերը Մ. Վենգերովը վերցրել է Վ. Պապյանից:
«Ես՝ որպես ջութակահար և դիրիժոր, ինձ համարում եմ ռուսական լավագույն ավանդույթների շարունակողը,- ասում է ջութակահարը:- Որքան շատ եմ նվագում դասականների գործերը, այնքան ինձ համար ավելի շատ են բացվում այդ հանճարների (Բրամս, Շոստակովիչ, Խաչատրյան) սահմանները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային մշակույթի մեջ:
Մ. Վենգերովը պատմում է, որ փոքր ժամանակ երազում էր դիրիժոր դառնալ` ինչպես իր մայրը: Բայց նրան ասում են, որ նախքան դիրիժոր դառնալը պետք է տիրապետի որևէ երաժշտական գործիքի, և նա ընտրում է ջութակը: Սակայն 39-ամյա երաժիշտը միայն 2007-ին է սկսում լրջորեն զբաղվել դիրիժորությամբ:
«Կարծում եմ` դիրիժորությունը մասնագիտություն է ամբողջ կյանքի համար,- ասում է ջութակահարը:- Երեք մասնագիտությունները` դիրիժոր, ջութակահար և պրոֆեսոր լինելը, ինձ երջանիկ են դարձնում երաժշտության մեջ»:
Ջութակահարը խոստովանում է, որ 3-4 տարին մեկ կոմպոզիտորներին խնդրում է նոր ստեղծագործություններ գրել իր համար: Այժմ էլ բանակցությունների մեջ է մի շարք կոմպոզիտորների հետ:
«Ինձ համար շատ կարևոր է կատարել նոր երաժշտություն՝ չմոռանալով հինը,- ասում է Մ. Վենգերովը:- Ինչպես ասել է Բրամսը` ես պահպանում եմ հին և բարի ավանդույթները»:
Վերջինս հիշում է, որ դեռ 10 տարի առաջ ցանկանում էր նախաձեռնել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով համերգ Նյու-Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, սակայն որոշ հանգամանքների բերումով չստացվեց:
«Բայց միշտ դրա մասին մտածում եմ, այն շրջանցել չի լինի»,- ասում է երաժիշտը:
Նրա խոսքով` յուրաքանչյուր կոմպոզիտոր «խաղի իր կանոններն է թելադրում», ինչը երաժշտից պահանջում է նոր տեխնիկայի ուսուցում:
1997թ. Մաքսիմ Վենգերովը դարձել է դասական առաջին երաժիշտը, ում ՅՈւՆԻՍԵՖ-ը նշանակել է բարի կամքի դեսպան: Ջութակահարը նշում է, որ համերգներով, այդ թվում` բարեգործական, լինում է տարբեր երկրներում: Առաջիկայում ծրագրում է այցելել նաև Աֆրիկայի մի շարք երկրներ, որտեղ մի անգամ չէ, որ եղել է:
«Ջութակը սահմաններ չունի: Այն իմ հարազատ լեզուն է, որն ավելի եմ բացահայտում»,- խոստովանում է Մ. Վենգերովը:
Իսկ լսարան գրավելու նրա փորձված միջոցն ավանդույթներին հավատարիմ մնալն է: Նրա խոսքով` անգամ դասական երաժշտության ոլորտում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ավելի կարևոր է իմիջի ստեղծումը, քան ավանդույթը, «մեկ այլ խոսքով` գնում են զիջումների»:
«Եվ եթե մտածում ենք, որ գուցե Բախ նվագելը ձանձրալի լինի, դա արդեն զիջումների գնալ է, բացասական երևույթ»,- ասում է Մ. Վենգերովը:
Վերջինիս համար կարևոր է, որ լսարանը լինի որակյալ, այդ պատճառով էլ նախընտրում է, որ այն լինի քիչ, բայց կայուն: Նրա կարծիքով` պետք է զարգացնել մշակույթը, ինչպես նաև՝ մեծացնել սերը դրա նկատմամբ:
«Յուրաքանչյուր արտիստ պետք է իր պարտքը համարի պահել այդ հոգևոր վիճակը: Ես ինքս իմ պարտքն եմ համարում աճել որպես երաժիշտ,- ասում է Մ. Վենգերովը:- Երբ ես դուրս եմ գալիս բեմ, էներգետիկան բարձրանում է, դա մագնիսի նման է, ես հատուկ բան չեմ անում: Երաժշտությունը մեր հոգին է: Անսահման երջանկություն է կատարել դասական երաժշտություն»:
Խոսելով իր անձնական կյանքի մասին` Մ. Վենգերովը խոստովանում է, որ Երևանն իրեն «օգնել է» այդ հարցում: Հենց Երևանն է եղել այն քաղաքը, ուր առաջին անգամ եկել է իր սիրեցյալի` Օլգայի հետ: Այստեղ նրանք մնացել են մեկ շաբաթ: Երկու տարի առաջ նրանք ամուսնացել են:
«Շնորհակալություն ձեզ դրա համար,- ժպտալով ասում է Մ. Վենգերովը:- Կարևոր է մարդուն հանդիպել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում»:
Այժմ նրանք ունեն երկու աղջիկ` Լիզան և Պոլինան: Մ. Վենգերովը ցանկանում է, որ իր աղջիկները մեծանան երաժշտական մթնոլորտում և հետագայում որևէ երաժշտական գործիք նվագեն:
Մեկնաբանել