HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ խաղացողները չեն վստահում միմյանց

Իշխանություն-Հայ ազգային կոնգրես բանակցությունների առաջին «ռաունդը» կայացավ. հուլիսի 18-ին «Էրեբունի» հյուրանոցում տեղի ունեցավ Կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի կողմից նշանակված պատվիրակների առաջին հանդիպումը, որն ավելի շատ ճանաչողական նշանակություն ուներ եւ ուղղված էր փոխադարձ ակնկալիքների եւ լիազորությունների շրջանակի հստակեցմանը:

Սակայն երկու կողմի համար էլ էականը ոչ այնքան բանակցության բովանդակությունն էր, որքան բուն հանդիպման կայացումը: Իշխանությունն այդպիսով արտահայտեց երկխոսության գնալու իր պատրաստակամությունը, իսկ Կոնգրեսը ձեռք բերեց իր համար չափազանց կարեւոր` իշխանության պոտենցիալ իրավահաջորդի կարգավիճակը: Այս հանդիպումը խաղն ամբողջությամբ տեղափոխեց բացառապես իշխանություն-Կոնգրես շրջանակ` դրանից դուրս թողնելով գործնականում մնացած բոլոր ուժերին: Այսինքն՝ ՀԱԿ-ն իր համար առաջնային, ռազմավարական նշանակության հարց լուծեց` թերեւս անգամ իր համար անսպասելի լրացուցիչ դիվիդենտներով: Նախ` կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե իրենք, ստեղծված լինելով կոալիցիայի քաղաքական որոշման արդյունքում, ներկայացնում են գործադիր իշխանությունը, ինչպես նաեւ հանրապետության նախագահին` որպես կոալիցիայի ղեկավարի: Նման մանդատն, իհարկե, չի կարող ամբողջությամբ բավարարել Կոնգրեսի ակնկալիքները, սակայն գոնե կառչելու եւ բանակցությունները շարունակելու հիմքեր է ապահովում:

Խնդիրն այն է, որ իշխանական պատվիրակությունը ոչ թե ձեւավորել է հանրապետության նախագահը` իբրեւ բարձրագույն իշխանություն, այլ կոալիցիան: Դրանով, իհարկե, բանակցությունների նշաձողը նկատելիորեն ընկնում է, սակայն այն գործընթացը շարունակելու նախադրյալ է ստեղծում, որից Կոնգրեսը շտապեց օգտվել` հատուկ հայտարարություն տարածելով այն մասին, որ պատրաստ է այս ձեւաչափով շարունակել կոալիցիոն աշխատանքային խմբի հետ բանակցությունները:

Կոնգրեսի երկրորդ տակտիկական ձեռքբերումը կոալիցիոն պատվիրակության ղեկավարի հավաստիացումն էր, թե իրենք տաբուներ չունեն որեւէ հարց քննարկելու, ինչը նշանակում է, որ իշխանությունը չի մերժում նույնիսկ արտահերթ ընտրությունների հարցի քննարկումը: Իհարկե, դեռ հարկ կլինի պարզել` խոսքը վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմա՞նը, թե՞ դրա անհրաժեշտության կամ հնարավոր այլընտրանքային լուծումներով փոխարինելու հնարավորության խնդրի քննարկմանը: Հանրապետության նախագահն ավելի վաղ երկխոսության մասին իր անդրադարձում հասկացրել էր, որ կոալիցիոն պատվիրակությունը կարող է քննարկել քաղաքական բոլոր հարցերը, բացի արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներից:

Սա այնքան էլ անկարեւոր, երկրորդական խնդիր չէ: Որովհետեւ եթե կոալիցիոն աշխատանքային խումբն իսկապես լիազորվել է բանակցելու արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ, ապա դա նշանակում է, որ մի կողմից իշխանությունը տեսականորեն չի բացառում նման հեռանկարը, մյուս կողմից` որ իշխանությունը զիջումների է գնում իր համար ամենասկզբունքային հարցերում: Վերջինս կարող է ընկալվել որպես թուլության կամ խուճապայնության դրսեւորում:

Իսկ եթե Կոնգրեսը գնում է քննարկելու ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացման, այլ դրա հիմնավորվածությունը ներկայացնելու եւ այլընտրանքային լուծումներով փոխարինելու հնարավորությունը, ապա չի հասնում իր առանցքային պահանջի կատարմանը: Որովհետեւ դա հակասում է այն հիմնարար մոտեցմանը, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրությունների անցկացումն է: Չի կարելի մի կողմից նման անայլընտրանք ուղի առաջադրել, հետո գնալ բանակցելու այն շրջանցելու հնարավորությունների հարցը: Այսինքն՝ սա մի խնդիր է, որ չափելու է երկու կողմերի սկզբունքայնության ու հետեւողականության մակարդակը:

Ստեղծված այս իրավիճակի նրբությունն ու առանձնահատկությունը ՀԱԿ-ում շատ լավ հասկանում են: Թերեւս հենց դրան էր ուղղված երկու օր առաջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության վերաբերյալ Կոնգրեսի տարածած հայտարարությունը: Այն ավելի շատ արտահայտում էր Կոնգրեսի զգուշավորությունը, քան ներկայացնում բանակցություններից նրա ակնկալիքները: Այդ հայտարարությամբ Կոնգրեսը 4 նոր պահանջ է ներկայացնում իշխանությանը, որոնցից երկուսը երաշխիքային նշանակություն  ունեն ՀԱԿ-ի համար: Նախ` նրանք պահանջում են հետագա հանդիպումներն անցկացնել չեզոք վայրում: Ինչպես հայտնի է՝ առաջին հանդիպումը կայացել է նախագահին կից ստեղծված Հանրային խորհրդի վարչական տարածքում: Կոնգրեսն այս կառույցի նկատմամբ իր անվստահությունն արտահայտել էր դեռ նրա ստեղծման օրերին եւ, ըստ էության, իր այս պահանջով ցանկանում է վերացնել այն տպավորությունը, թե բանակցությունները տեղի են ունենում Խորհրդի, նույնն է թե` իշխանության հովանու ներքո:

Մյուսը հանդիպումները ուղիղ եթերով հեռարձակելու կամ ամեն հանդիպումից հետո Կոնգրեսի պատվիրակությանը Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջն է: Դրանով Կոնգրեսը ցանկանում է հնարավորություն ստեղծել օգտվելու եթերի ստեղծած քարոզչական ռեսուրսներից: Սակայն ամենահիմնական նպատակն այն է, որ հնարավորություն լինի չեզոքացնել բանակցությունների մեջ մտնելով իշխանության «դուդուկի տակ պարելու» մոտիվներով հանրային հնարավոր կասկածներն ու անվստահությունը: Կոնգրեսը պարզապես փորձում է ցույց տալ, որ կուլիսային պայմանավորվածությունների չի գնալու եւ իշխանության հետ սեպարատ պայմանավորվածություններ չի կայացնելու: Որքանով կբավարարվեն այս պահանջները, էական չէ: Կոնգրեսը դրանք չի ներկայացնում որպես վերջնագրեր կամ նախապայմաններ: Այդ հայտարարության մեջ ոչ մի տող չկա այն մասին, թե այդ պահանջները չկատարելու դեպքում ՀԱԿ-ն ինչ է անելու: Չի կարելի բացառել, որ նախապայմանների լեզվով չխոսելու այս եզակի դրսեւորումը պարզապես բուն բանակցությունների հաջող մեկնարկը չխափանելու նպատակ ունի: Եվ երկրորդ` այս հայտարարությունն ավելի շատ դիրքերը պաշտպանելու հարց է լուծում. եթե ներկայացված պահանջները չկատարվեն, ապա դա արդեն ոչ թե ՀԱԿ-ի, այլ իշխանության խնդիրը կլինի:

Ինչպես կընթանան հետագա զարգացումները, դժվար է ասել: Բոլոր դեպքերում Հայաստանում ստեղծված իրավիճակն իսկապես աննախադեպ է: Նախկինում երբեւէ չի եղել մի իրավիճակ, երբ իշխանությունը եւ արմատական ընդդիմությունը որեւէ հարցով նստեն բանակցությունների: Առայժմ այն ընկալվում է որպես խաղ, որպես մանեւրների, մարտավարական հնարանքների դրսեւորման միջավայր, սակայն առաջին իսկ արդյունքներից հետո կարող է լուրջ հասարակական կարծիք ստեղծել, նպաստել քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը: Դրա համար ընդամենը մեկ ատրիբուտ է անհրաժեշտ. կողմերի անկեղծությունը եւ իրական նվիրվածությունը իրական փոփոխությունների հասնելու անհրաժեշտության հարցում: Իսկ սա հենց այն դետալն է, որը պակասում է սկսված գործընթացում:                                          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter