Պատրաստ են քննարկել արտահերթ ընտրությունները, սակայն դրանք բացառում են
«Դա իսկապես կարևոր նոր մշակույթ է, և մենք բոլորս, հարկ է, որ ներկայացնենք մեր հանրությանը այդ նոր մշակույթի մասին, և յուրաքանչյուրս անենք մեզնից կախվածը, որպեսզի այն իսկապես կայանա»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Վերջինս նաև իշխանության և Կոնգրեսի միջև ընթացող երկխոսությունում իշխանությունը ներկայացնող պատվիրակության անդամ է: Նա նշեց, որ քաղաքական գործչի կյանքում միշտ չէ, որ ինքն է որոշում` ինչ անել:
«Ես իմ ցանկություններն ունեմ, բայց այստեղ կարևոր է այն կուսակցության որոշումը, որը ես ներկայացնում եմ»,- հավելեց Մինասյանը:
Նա երկխոսության առաջին հանդիպման արդյունք համարեց ՀԱԿ-ի պատրաստակամությունը` քննարկելու երկրում առկա խնդիրները: Երկու կողմում էլ կա այն գիտակցությունը, որ այս տարբերակն ավելի ճիշտ է. միմյանց ներկայացնել իրենց տեսակետները, այլ ոչ թե գնալ հակամարտությունների ճանապարհով, որը ոչ մի առաջընթացի չի նպաստելու: Եվ երկխոսության նպատակը, ըստ Գ. Մինասյանի, պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրներն արդյունավետ լուծելն է:
«Իհարկե, դեռ կլինեն շատ հանդիպումներ, և այդ հանդիպումների ընթացքում կլինեն նաև սուր քննարկումներ, սակայն եթե մեզ հաջողվի պահպանել դրական լիցքը, որ կար առաջին հանդիպման ընթացքում, ես կարծում եմ, որ մենք կհաջողենք»,- նշեց Գ. Մինասյանը:
Հիշելով մարտի 1-ի դեպքերը` Մինասյանն ասաց, որ եթե այն ժամանակ լիներ նման ըմբռնում իշխանության և ընդդիմության միջև, որի արդյունքում նրանք գային ընդհանուր լուծումների, ապա այդ դեպքերը տեղի չէին ունենա: Եվ այդ դեպքերից հետո բոլոր կողմերը` իշխանություն, ընդդիմություն, հասարակություն, հասունացել են` «խելքի են եկել»:
Երկխոսության վերաբերյալ Մինասյանը նշեց, որ հնարավոր են տարբեր զարգացումներ, և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այդ գործընթացն անպայման կհաջողվի: Սակայն պետք է, որ երկու կողմերն էլ ներկայացնեն իրենց տեսակետները, դրանք քննարկվեն, և ըստ այդմ՝ լուծվի կամ չլուծվի տվյալ հարցը: Մինասյանն այս կարծիքին է նաև արտահերթ ընտրությունների հետ կապված:
«Մեր դիրքորոշումը շատ հիմնավոր է, և որևէ վտանգ չենք տեսնում այդ քննարկումներից»,- նշեց պատգամավորը:
«Արտահերթ ընտրությունները բացառում եք, բայց պատրաստ եք քննարկմա՞ն»,- հնչեց լրագրողներից մեկի մեկնաբանությունը: «Իհարկե»,- պաստախանեց Մինասյանը:
Խոսելով երկխոսության ժամկետների մասին` Մինասյանն ասաց, որ դրական արդյունքների դեպքում գործընթացը կլինի տևական:
«Եթե մինչև սեպտեմբեր մեր աշխատանքի փորձը մեզ համոզի, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով, ապա այդ արհեստական ժամկետները կտեղաշարժվեն»,- հավելեց Մինասյանը:
Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ի վերջո հանդիպեն և հարցերը քննարկեն հենց Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, Մինասյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ եթե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ հանդիպում խնդրի հանրապետության նախագահի հետ, հանրապետության նախագահը մերժի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել