Արման Նավասարդյան. «Պարզապես նեղացած են, որովհետև չորս տարի նրանց ասել են այո, հետո` ոչ»
«Հետքի» հարցերին պատասխանում է դիվանագետ, նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը
- Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցության մասին, դեկտեմբերի 2-ին Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս համատեքստում ի՞նչ է տալիս Հայաստանին Վիլնյուսի գագաթնաժողովին մասնակցությունը:
Այստեղ կան երկու ծայրահեղ կարծիքներ: Նրանք, ովքեր Մաքսային միության կողմնակիցներ են, համարում են, որ դա ոչինչ չի տվել մեզ, և մենք լրիվ տապալվել ենք այնտեղ: Նրանք, ովքեր կողմնակից են ԵՄ-ին, այն կարծիքին են, որ ճիշտ է` մենք հիմա չենք ստորագրում այդ փաստաթուղթը, բայց դրանով չեն ավարտվում մեր փորձերը:
Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ մի քիչ չափազանցնում է: Համոզված եմ, որ ԵՄ մտնելու մեր պատմությունը վերջացած չէ: Եթե դա այդպես լիներ, լավ չէր լինի:
Ես կարծում եմ` չանդամակցել ՄՄ-ին սխալ կլիներ, և չփորձել մտնել ԵՄ՝ կլիներ երկրորդ մեծ սխալը: Մեր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, ռազմավարական իրավիճակը խոսում է այն մասին, որ մենք հավասարապես պետք է աշխատենք երկու բլոկներին այս կան այն ձևի հարել կամ ինտեգրվել: Ինտեգրացիոն գործընթացները 21-րդ դարի բրենդն են, մենք չենք կարող դրանից հեռանալ: Դուրս մնալ ինտեգրացիոն գործընթացներից՝ նշանակում է իսկապես մնալ պատմության լուսանցքում:
Այսօր ունենք այն, ինչ ունենք: Արդյոք կարո՞ղ էր սեպտեմբերի 3-ի հայտարարությունը չլինել: Կասկածում եմ, որ հնարավոր էր՝ չլիներ: Մենք գտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, ունենք այնպիսի հարաբերություններ Ռուսաստանի հետ և այնպիսի հարևաններ, որ միակ ճիշտ լուծումը, թերևս, դա էր: Առաջին հերթին անվտանգության հարցն էր:
Շատ է ասվում, որ նախագահի վրա ճնշում գործադրվեց: Չեմ կարծում, թե ճնշում չի գործադրվել, որովհետև գերտերությունները միշտ տանում են իրենց քաղաքական գիծը: Եթե փորձում են այդ գիծը կանգնեցնել, նրանք անպայման այս կամ այն ձևի ուժ են գործադրում:
Եվրոպան առանց Հայաստանի չի կարող, որովհետև Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, կարևոր երկիր է այս տարածաշրջանում, իսկ Եվրոպան ունի իր ստրատեգիական խնդիրները:
- Ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր Եվրոպային:
Իր աշխարհագրական դիրքով, քաղաքական ստատուսով, որ Ռուսաստանի հետ լավ է, Ադրբեջանի հետ պրոբլեմներ ունի, կան նաև հայ-թուրքական հարցերը: Այստեղ Եվրոպան չի կարող շրջանցել իր հետաքրքրությունները:
Հարցն այն է, թե ինչպես կընթանան գործընթացները: Շատ բան կախված է մեզնից: Պետք է կարողանալ ճիշտ աշխատել և «մանեւրել» այս երկու ուժերի մեջ: Այդ հնարավորությունը մեզ տրված է, որ մենք կարողանանք այստեղ կապող օղակի դեր խաղալ Արևմուտքի և Արևելքի միջև: Պետք է շարժել և՛ Արևմուտքի, և՛ Արեելքի, և՛ Ռուսաստանի հետաքրքրությունը, գտնել այն թույլ կետերը, որոնք նրանց հետաքրքրում են, կապող օղակի դեր խաղալ` հաշվի առնելով նրանց հակասությունները, և շահագրգռել նրանց մեզ հետ համագործակցության հարցում:
- Կրկին ծայրահեղ կարծիքներ կան, որ ՀՀ-ն ընդհանրապես հետաքրքիր չէ Եվրոպային, և ինչպես Դուք նշեցիք` Եվրոպան առանց Հայաստանի չի կարող: Ո՞րն է միջին և օբյեկտիվ իրավիճակը:
Կա այսպիսի հետաքրքիր ֆենոմեն. որքան ուժեղ է երկրի ներուժը, այնքան թույլ է նրա դիվանագիտությունը, և հակառակը` որքան ներուժը փոքր է, դիվանագիտությունը ճկուն է և ուժեղ: Կարող եք հարցնել` ինչո՞ւ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ունեն հաջողություն: Անշուշտ, ունեն, բայց դա ուժի քաղաքականության շնորհիվ է: Փոքր երկրները հաճախ խաղում են առանցքային դեր միջազգային հարաբերություններում:
- Որքանո՞վ է Հայաստանին հաջողվում խաղալ այդ առանցքային դերը:
Առայժմ չի հաջողվում: 20 տարվա երկիր է: Բայց սխալներ շատ են կատարվում մասնավորապես կադրային հարցերում: Դիվանագիտությունն այն մասնագիտությունն է, որը երբեք չի հանդուրժում դիլետանտիզմը:
- Դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ի՞նչ փոփոխություն կբերի քաղաքական դաշտում:
Չեմ կասկածում, որ այն համընկեցրել են Վիլնյուսի հետ: Պուտինի այս այցելությունը ես դիտարկում եմ ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում` Արևմուտք-Արևելք լարված իրավիճակում:
Ամենակարևորը ինտեգրացիոն գործընթացներն են և դրանց միջև ընթացող սուր պայքարը: Այն, որ Պուտինը շատ լուրջ զբաղվում է այս հարցով, միանշանակ է: Աշխարհի կարևոր խնդիրները հնարավոր է լուծել միայն ինտեգրացիոն ճանապարհով: Պուտինը համառ կերպով գնում է դրան: Երևի հետին մտքով նա նույնիսկ կուզենար վերականգնել Խորհրդային Միությունը: Բայց ես կարծում եմ, որ դա անհնար է. պատմության անիվը հետ չեն պտտում:
Ռուսաստանն ատամներով պահում է Սիրիան, որովհետև եթե Ասադն ընկնի և սուննիզմը հաղթի, դա նշանակում է շղթայական ռեակցիա դեպի Կովկաս, այնտեղից էլ՝ Թաթարստան և այլն: Եթե Հայաստանը Ռուսաստանի համար կարող է ռազմական պատվար հանդիսանալ Մերձավոր Արևելքի իրադրությունում, ապա Իրանը շիիզմի պատվար է Ռուսաստանի համար ընդդեմ սուննիզմի: Այս այցելությունը ես դիտում եմ այս ենթատեսքտում:
- Գոյություն ունեն ինտեգրման տարբեր մակարդակներ: ԵՄ և Ռուսաստանի դեպքում Հայաստանը ո՞ր մակարդակները պետք է ընտրի:
Դա այնպիսի հարց է, որ դժվար է բանաձև գտնել: Որքան հնարավոր է՝ շատ:
- Երկու կողմի դեպքու՞մ էլ:
Իհարկե, եթե կարողանանք: Բայց ես կասկածում եմ: Ինտեգրացիան արտաքին քաղաքականության ֆենոմեն է, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Պետք է կարևորել ներքին քաղաքական իրավիճակը: Եթե երկրում կոռուպցիա է, տնտեսությունը վատ վիճակում է, եթե գործազրկություն կա, ինտեգրացիան չի կարող տալ այն արդյունքները, որ ուզում ես:
Դժվարանում եմ ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, որովհետև մեր տնտեսությունն այնքան բաների միջով է անցել: Շատ բաներ տվել ենք Ռուսաստանին, հիմա այս պայմաններում ինտեգրացիան ինչպե՞ս է լինելու:
- Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ մեծ ուշադրություն էր դարձվում Մոլդովային, Ուկրաինային, Վրաստանին, Հայաստանը կարծես ստվերում լիներ:
Դիվանագիտությունը մարդկային հարաբերություններ են. պարզապես նեղացած են, որովհետև չորս տարի նրանց ասել են՝ այո, հետո հանկարծ ասացին` ոչ: Ես կարծում եմ՝ իրավիճակը կշտկվի: Սրանք շարունակական պրոցեսներ են, իսկ մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի միանգամից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը չի նախաստորագրել Ասոցացման Համաձայնագիրը: Միաժամանակ, ԵՄ-ը և Հայաստանը հանձնառու են զարգացնել համագործակցությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել