Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետին
Պարոն Վարչապետ
Հարգելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, պետք է արձանագրել, որ Դուք անձնական հատկանիշներով իբրև բարձրակարգ կառավարիչ, որ կոչված է ղեկավարելու մի այնպիսի բարդ սոցիալ-տնտեսական մեխանիզմ, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, չեք համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին:
Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար, ստիպված եմ մի շարք օրինակներ բերել Ձեր գործունեությունից, որոնց հետևանքով ունեք այն, ինչ ունենք, այսինքն` թույլ և անմրցունակ տնտեսություն, համատարած աղքատություն, կիսագրագետ երիտասարդություն, սոցիալական լարվածություն հասարակության ներսում և այլ բացասական երևույթներ, որոնց գագաթնակետը կարելի է համարել երկրի բնակչության արտագաղթի կայուն հոսքը:
Այսպես.
- 2008 թվականին ստանձնելով Վարչապետի պաշտոնը, Դուք «անզգուշություն» ունեցաք պնդելու, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը այնքան էլ ուժեղ չի հարվածի Հայաստանին, քանի որ մեր տնտեսությունը փակ է արտաքին բացասական ազդեցություններից, իսկ Ձեր կաբինետի ֆինանսատնտեսական քաղաքականությունը հնարավորություն կտա ունենալ անգամ ՀՆԱ-ի մոտավորապես 8-10 տոկոս աճ: Տնտեսության մեջ այդ քաղաքականության հետևանքով 2009 թվականին Հանրապետությունում գրանցվեց ՀՆԱ-ի 14,4 տոկոս անկում, իսկ Հայաստանը համաշխարհային ցուցանիշային աղյուսակում գրավեց նախավերջին տեղը: Մինչ օրս մենք չենք կարողանում դուրս գալ այդ «փոսից»:
- Ձեր կաբինետը գլխավորեց «լայնամասշտաբ» պայքարն ընդդեմ կոռուպցիայի: «Մշակվեցին» զանազան ծրագրեր այդ երևույթի դեմ պայքարում, նշանակվեցին տարբեր հանձնաժողովներ և անցկացվեցին (անպայման օտարերկյա մասնագետների մասնակցությամբ) սեմինարներ ու համաժողովներ, իսկ արդյունքում` Հայաստանը կոռուպցիայի մակարդակով գրավում է համաշխարհային ցուցանիշային աղյուսակի «պատվավոր» տեղերից մեկը, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած հետազոտության համաձայն, Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35 տոկոսը:
- Ձեր կաբինետի գործունեության մեջ առանձնակի խորհրդանշական տեղ է գրավում պայքարն ընդդեմ աղքատության: Դարձյալ նույն իրավիճակն է. ծրագրերի զանազան տարբերակների մշակում, բոլոր հնարավոր հանձնաժողովների և խորհուրդների ստեղծում, սեմինարներ և համաժողովներ: Որպես հետևանք, ըստ պաշտոնական վիճակագրության, երկրի բնակչության 32.4 տոկոսը գտնվում է աղքատության գծից ցածր: Սրանք պաշտոնական վիճակագրության թվերն են, իսկ իրականությունն ավելի քան սարսափելի է: Ձեզ և Ձեր նախարարներին` Հանրապետության տարբեր մարզեր այցելելիս, խնդրում եմ մտնել հասարակ մարդկանց տները հեռավոր գյուղական համայնքներում, հատկապես Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում: Ավելին, անգամ անիմաստ է հեռավոր գյուղեր գնալը, պարզապես այցելեք Երևանում գտնվող հանրակացարանները, որտեղ ապրում են հայ փախստականները:
Ավելի քան 20 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք ամբողջությամբ լուծել երկրաշարժից տուժածների բնակարանային հարցը:
- Առողջապահության համակարգի անվերջ բարեփոխումը փաստացի հետապնդում է միայն մեկ նպատակ` պետական և բարեգործական միջոցների հաշվին ստեղծել կյանքի բարենպաստ պայմաններ առողջապահության բարձրաստիճան չինովնիկների և նրանց կամակատարների համար` Հայրենիքին նրանց մատուցած «ծառայությունը» ավարտելուց հետո: Որպես հետևանք, առողջապահական ծառայություններն այնքան հեռու և անհասանելի են բնակչության լայն շերտերի համար, ինչպես անցյալ դարի 90-ական թվականներին: Անհասկանալի է, թե ինչպես կարելի է իրականացնել հասարակ քաղաքացու համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող սրտի վիրահատություն (անոթների շունտավորում) ավելի քան 3 մլն դրամ արժողությամբ` 300 հազար դրամ կազմող պետպատվերի դեպքում, կամ մոտ 20 հազար միջին կենսաթոշակի դեպքում կենսաթոշակառուն ինչպես կարող է վճարել մոտ 40-60 հազար դրամ դեղամիջոցների համար: Չնայած առողջապահության իրար հաջորդող նախարարների զվարթ զեկույցներին` այս ոլորտում շորթումներն ինչպես եղել են, այնպես էլ մնացել են:
- Ձեր ելույթներում բազմիցս բարձրացրել եք կադրերի պատրաստման հարցը` սկսած տարրական դպրոցներից մինչև երիտասարդ գիտնականների պատրաստում: Մի՞թե ամենամյա պետական միասնական քննությունների հանձնումը Ձեզ և Ձեր գործընկերներին չի հուշում, որ Հանրապետությունը տարեցտարի կորցնում է իր ապագան: Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների մոտ 47 տոկոսը ցուցաբերում է ցածր առաջադիմություն: Ըստ արտաքին թեստավորման տվյալների` 19 ավագ, 41 հանրակրթական դպրոցների և երեք պետական գիմնազիաների տասնմեկերորդ դասարանի 4111 աշակերտների շրջանում պետական ստանդարտի Ա մակարդակով (նվազագույն մակարդակ) հայոց լեզվի միջին գնահատականը կազմել է 5.1 բալ, իսկ մաթեմատաիկայինը` ընդամնեը 3.8 բալ, 10-բալանոց համակարգում («Голос Армении», 28.11.2013 թ.): Ձեռքբերումների այն ծիլերը, որոնք պրոպագանդում են որոշակի լրատվամիջոցներ, եղանակ չեն ստեղծում այս ոլորտում: Հայաստանը միշտ ուժեղ է եղել իր նպատակասլաց երիտասարդությամբ: Ցավոք, մենք` մեծահասակներս, փչացրել ենք նրանց` ագահության, կաշառակերության, ամենաթողության, գռեհկության և անպատժելիության մեր սեփական օրինակով: Ավելին, տարեցտարի պայմաններ ենք ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության կրճատման համար: Իսկ հայրենական գիտությունը հոգեվարքի մեջ է:
Կարող ենք բազմաթիվ օրինակներ բերել մեր տնտեսության տարբեր ճյուղերից, սակայն այս նամակի նպատակը դա չէ, այլ երկրի ոչ ճիշտ կառավարման վերլուծությունը:
Ահա, խնդրեմ, միայն վերջին ամիսներին Ձեր կաբինետի որոշումները.
- Գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացում,
- Երկրի բուհերում ուսման վարձի ավելացում,
- Քաղաքային տրանսպորտում ուղեվարձի թանկացման փորձ,
- Պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրում,
- Ատոմեքենաների համար կարմիր գծերի և վճարովի ավտոկայանատեղիների ներդրում,
- Անօրինականություն և ամենաթողություն քաղաքաշինության մեջ, հատկապես մայրաքաղաքում,
- Բնական ռեսուրսների գիշատիչ օգտագործում,
- Փոքր ՀԷԿ-երի շինարարություն և ամենուրեք բնապահպանական նորմերի խախտում,
- Գործազրկության նպաստի վերացում,
- Եվ այլն:
Դուք իրավացիորեն կարող եք ասել, որ վերոնշյալ խնդիրներից մի քանիսը չեն մտնում Ձեր իրավասության շրջանակի մեջ, սակայն դա փաստարկ չէ Ձեր մակարդակի պետական գործչի համար:
Եթե Դուք ի զորու լինեիք դիտարկել Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգն ամբողջությամբ և Ձեզ չխանգարեր Ձեր բանկային անցյալը, ապա մեր երկիրն ու ժողովուրդը միգուցե նման անհուսալի վիճակում չհայտնվեին:
Տարօրինակ է, որ պատերազմում հաղթանակած և անկախություն ձեռք բերած ժողովրդի և այդ երկրի Կառավարության միջև, որպես կանոն, կանգնած է ոստիկանության շղթան:
Դուք և Ձեր կաբինետը վախենում եք ժողովրդից:
Հոգեբանորոն շատ դժվար է մշտապես ապրել վախի մթնոլորտում:
Այնպես է ստացվել, որ Կառավարության պետական գործիչը չունի խիստ համոզմունքներ, որպես կանոն, չի ասում ճշմարտությունը և գործնականում իր գործողություններով «ձայնակցում» է մեր հասարակության շփացած և անկիրթ որոշակի հատվածին, որն ուզում է կյանքի բոլոր բարիքներին տիրել երկրի բնակչության ճնշող մեծամասնության կենսական անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակման միջոցով:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հրապարակած նոր զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը շուկայի մոնոպոլիզացման մակարդակով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: Հայ մոնոպոլիստները վերահսկում են երկրի տնտեսության 60 տոկոսը: Այստեղից էլ, որպես հետևանք՝ 18 տոկոս գործազրկություն:
Դիմելով Ձեզ, չեմ կարծում, որ Ձեզ համար որևէ նորություն եմ բացահայտել:
Ուզում եմ պարզապես հասկանալ, թե ինչու է մեր հասարակական քաղաքական վերնախավն այդպես ջանադրաբար «կտրում այն ճյուղը, որի վրա նստած է»: Մի՞թե հարստության տիրանալու տենչն ու թվացյալ մեծարումը մթագնում են Հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը:
Խնդրում եմ հիշել, որ բնության մեջ և հասարակության սոցիալական հարաբերություններում գործում է «հավասարակշռության պահպանման» օրենքը:
Լևոն Ներսիսյան
Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ գործադիր տնօրեն
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել