
Հովիկ Աբրահամյանը հեռախոսազանգով տեղեկացավ բերման ենթարկված ակտիվիստների մասին
ԱԺ պատգամավորները մտահոգված են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկվելու փաստով:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում նշեց, որ այսօր վաղ առավոտից ՀՀ ինքնիշխանության եւ պետական արժանապատվության համար պայքարող քաղաքացիներ, ակտիվիստներ բերման են ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ:
«Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ մտահոգված եմ այդ փաստով եւ դատապարտում եմ այդ փաստը: Ինձ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը: Արդյոք չարժե՞, որ Ազգային ժողովն անդրադառնա այս եւ այսօրինակ միջադեպերին, որովհետեւ մենք վերջին շրջանում երբեմն որոշ ժամանակահատվածներում նույնիսկ հաճախ ականատես ենք լինում, երբ ուղղակի ինչ-ինչ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ակտիվիստներին բերման են ենթարկում ոչ թե իրենց կատարած գործողությունների տրամաբանությամբ, այլ ուրիշներին ահաբեկելու եւ ՀՀ-ում քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար»,- հարցն ուղղելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահն ասաց, որ դատապարտում է յուրաքանչյուր ապօրինություն եւ անօրինականություն` անկախ նրանից, թե ում կողմից է դա իրականացվում: «Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշած փաստերին, ապա, ես կարծում եմ, եթե լինի որեւէ դիմում, բողոք, հարցադրում, որպես օրենսդիր մարմին՝ անպայման կկազմակերպենք քննարկում եւ կփորձենք ճշտել ճշմատությունը` օրինականությունը խախտվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ հանրության մի մասն էլ պահանջում է, որ հայտարարության ձեւով ԱԺ օրակարգ մտնի մի նախագիծ, որը վերաբերում է ոչ միայն այն անձանց, որոնք այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում, այլեւ այն քաղաքացիներին, որոնց պարտադրում են դրոշներով դուրս գալ փողոցներ եւ դիմավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Այդ մարդիկ համաձայն չեն նրան դիմավորելու, բայց քանի որ հանդիսանում են պետական ծառայողներ, նրանց ստիպել են, որ դուրս գան փողոցներ»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը կոնկրետ բողոք չի ստացել, սակայն համամիտ չէ այն նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին ստիպում են իրենց կամքից անկախ փողոցներում դիմավորել ինչ-որ մեկին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 9 քաղաքացի:
Հարցուպատասխանից հետո Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ նիստերի դահլիճից: Քիչ անց ետ վերադառնալով` պատգամավորներին տեղեկացրեց, որ այս պահին որեւէ քաղաքացի չի ձերբակալվել: Նրանց ոստիկանական բաժանմունքներ բերման են ենթարկել շենքերի վրա պաստառներ փակցնելու համար:
Մեկնաբանել