
Հերմինե Նաղդալյանը կենաց ասաց
Այսօր ԱԺ-ի նիստը վարում են խորհրդարանի երկու փոխնախագահները` Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ինչպես լինում է նման դեպքերում, ԱԺ-ի նիստն անցնում է «տնավարի»: Նախագահողներին չեն ենթարկվում ոչ միայն պատգամավորները, ովքեր անդադար աղմկում են, կատակներ անում, այլեւ քվեարկության համակարգը: Քվեարկությունների պահին պարզվեց, որ համակարգը չի աշխատում, եւ մոտ 5 րոպե անց աշխատակազմը շտկեց թերությունը:
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է: Նիստն այնքան անմիջական մթնոլորտում է անցնում, որ Հերմինե Նաղդալյանը նույնիսկ կենաց ասաց: «Եկեք միասին շնորհավորենք մեր գեղեցկուհի պատգամավոր ընկերուհուն: Ցանկանում ենք առողջություն, երջանկություն եւ ամենալավ բաները»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Հերմինե Նաղդալյանը, չկարողանալով պահել նիստի բնականոն ընթացքը, «մուռը» հանում է ընդդիմադիր պատգամավորներից, ովքեր վարման կարգի վերաբերյալ խոսք են խնդրում, իսկ Հ. Նաղդալյանը հրահանգում է անջատել նրանց խոսափողները` պատճառաբանելով, թե բովանդակային քննարկումներ են ծավալում:
Մեկնաբանել