HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն օսմանյան վարչական համակարգում

Լիբանանի հայ կառավարիչները

1859 թվականին Լիբանանում տեղի ունեցած քրիստոնյաների կոտորածները մեծ հուզում առաջացրին Եվրոպայում: Առաջինը օգնության հասավ Ֆրանսիան, որը 10.000 զորք իջեցրեց Լիբանանում՝ դրուզների եւ մարոնների միջեւ զինված բախմանը եւ քրիստոնյաների կոտորածներին վերջ տալու նպատակով: Կրքերի խաղաղվելուց հետո ֆրանսիական զորքն իր երկիրը վերադարձավ: Այնուհետեւ ստեղծվեց միջազգային հանձնաժողով, որը մշակեց Լիբանանի կարգավիճակի խնդիրը: 1861 թ. հունիսի 9-ին ներկայիս Լիբանանի մի մասը՝ Լեռնային Լիբանանը (Ջաբալ Լուբնան), ինքնավար, կիսաանկախ հռչակվեց եւ լոկ անվանապես մնաց Օսմանյան կայսրության կազմում:

Լեռնային Լիբանանին տրվեցին որոշ քաղաքական առաձնաշնորհներ, որոնցից մեկը եվրոպական պետությունների կողմից ընտրված քրիստոնյա կառավարիչն էր: Այդ կառավարիչներն ընտրվում էին Օսմանյան պետության վարչական համակարգում ծառայող քրիստոնյա պաշտոնյաներից:

Այդ շրջանում արդեն մեծ թվով հայեր պետական բարձր պաշտոններ էին զբաղեցնում օսմանյան վարչակառավարման համակարգում: 1861 թ.-ից մինչեւ 1913 թ. Լիբանանը ունեցավ յոթ կառավարիչներ, որոնցից երկուսը` առաջինը եւ վերջինը, եղել են հայեր` Տավուտ եւ Հովհաննես փաշաները:

Կարապետ Արթին փաշա Տավուտյանը (Տավուտ փաշա, 1816-1873) ուսումը ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ: Կրթությունը շարունակել է Բեռլինում:

Կ.Պոլիս վերադառնալով` պաշտոնի է անցել Արտաքին գործոց նախարարությունում: 1840-ական թթ. նշանակվում է Բեռլինում օսմանյան դեսպանատան թարգմանի եւ քարտուղարի պաշտոններում:

Այնուհետեւ դառնում է Վիեննայում օսմանյան ընդհանուր հյուպատոս: Եվրոպայի դիվանագիտական շրջանակներում վայելել է մեծ հեղինակություն: Ներկայացուցչական պաշտոններ է վարել Օսմանյան կայսրության ներքին եւ ֆինանսների նախարարություններում:

1861 թ. Եվրոպայի հինգ մեծ տերությունների եւ Օսմանյան կայսրության կողմից կազմված հանձնաժողովը Տավուտյանին նշանակում է ինքնավար Լիբանանի ընդհանուր կառավարիչ: Նրան շնորհվում է մյուշիրի (մարշալի) կոչում եւ փաշայի տիտղոս: Կայսրության մեջ նա առաջին քրիստոնյան էր, որն արժանացել է զինվորական այս բարձր կոչմանը:

Տավուտ փաշան իր պաշտոնին անցավ այդ երկրամասում տիրող քաոսային պայմաններում: Նա առաջին հերթին կարողացավ մեղմել հակամարտ ազգերի մոտ առկա կրոնական ատելությունը եւ երկրում ստեղծել հանդուրժողականություն մթնոլորտ:

Երկրի բնակչության կյանքի եւ ինչքի ապահովություն հաստատելուց հետո Տավուտ փաշան անցավ ժողովրդի վիճակի բարելավման խնդիրների լուծմանը:

Իրենից առաջ երկիրը համարյա զուրկ էր կանոնավոր ճանապարհներից: Գիտակցելով երկրի առաջադիմության համար ճանապարհների նշանակությունը՝ իր պաշտոնավարման առաջին շրջանում կազմակերպեց երկրի ճանապարհաշինարարական գործը:

Նրա կառավարման ընթացքում կառուցվել է ավելի քան 700 կմ ճանապարհ: Մեծ զարկ է տվել կրթական գործին: Այդ շրջանում Լիբանանում չկային կանոնավոր դպրոցներ: Եղածները խղճուկ մեդրեսեներ էին, որոնք տարրական գիտելիքներ էին տալիս աշակերտներին:

Կրթական կյանքի բարելավմանն ուղղված ձեռնակների իրականացման ճանապարհին Տավուտ փաշան հանդիպել է օսմանյան իշխանությունների հարուցած դժվարություններին, սակայն կարողացել է նյութական միջոցներ ձեռք բերել եւ դրանք հատկացնել կրթական գործին:

Նրա հիմնած դպրոցներից մեկը փաշայի անվամբ կոչվում էր «Տավուտիե Մեդրեսե»: Այն իր ժամանակի ամենաառաջնակագ կրթական հաստատությունն էր երկրում:

Տավուտ փաշան նվազեցրել է տուրքերի եւ հարկերի գանձումը: Նրա կառավարման շրջանում առաջընթաց է ապրել այս երկրամասի գյուղատնտեսությունը:

Կանոնավորել է երկրի դատական համակարգը: Լիբանանի կառավարական առաջին պաշտոնաթերթը սկսել է հրատարակվել նրա պաշտոնավարման շրջանից:

Երեք տարվա կառավարման պայմանաժամկետը ավարտվելուց հետո` 1864-ին, օսմանյան կառավարության եւ եվրոպական մեծ տերությունների որոշմամբ՝ հինգ տարվա պայմանաժամկետով Լիբանանի կառավարությունը կրկին հանձնվում է Տավուտ փաշային:

Անշուշտ, սա արդյունք էր երեք տարվա արդյունավետ պաշտոնավարման: Նրա գործունեությունը գնահատվել է թե՛ տեղի բնակչության եւ թե՛ եվրոպական տերությունների կողմից:

Որպես կարող քաղաքագետ՝ ջանացել է ամեն գնով պահպանել Լիբանանի քաղաքական կիսաանկախ վիճակը եւ անփոփոխ պահել նրա սահմանները: Տավուտ փաշան հետամուտ եղավ այս երկրամասի համար կենսական մեկ ուրիշ հարցի լուծմանը, սակայն նրան չհաջողվեց այն լուծել, որն էլ նրա հրաժարականի պատճառը եղավ:

Լիբանանը այդ շրջանում լեռներում ծվարած մի տարածք էր` զրկված աշխարհին կապող նավահանգստային ուղուց: Տավուտ փաշան օսմանյան իշխանություններին առաջարկեց Տրիպոլին կամ Բեյրութը միացնել Լեռնային Լիբանանին, սակայն մերժում ստանալով՝ ներկայացրեց իր հրաժարականը:

Կարապետ Արթին փաշա Տավուտյանը վեց տարի խղճմտորեն ծառայել է Լիբանանի ժողովրդին՝ այդ երկրամասին մատուցելով կարեւոր ծառայություններ: Լիբանանի կառավարությունը հավերժացրել է Տավուտ փաշայի անունը՝ Բեյրութի փողոցներից մեկը նրա անունով կոչելով:

Ահա այսքանը Տավուտ փաշայի լիբանանյան գործունեության մասին: Անշուշտ, ընթերցողը հարց կտա, թե ի՞նչ օգուտ եւ ի՞նչ ծառայություն մատուցեց նա իրեն ծնող ազգին:

Իր պաշտոնավարման շարջանում Տավուտ փաշան աշխատել է Լիբանանը եւ Կիլիկիան միացնել եւ մեկ միացյալ քրիստոնեական կիսաանկախ կառավարություն հաստատել: Իր քաղաքական ճանապարհին հանդիպել է մեծ խոչընդոտների:

Նույնիսկ տեղացիները չեն վարանել նրան մեղադրել` ասելով, թե հայկական պետություն է հիմնում: Իսկ հայերին Լիբանանում բնակեցնելու առիթով ասվում էր, թե Տավուտ փաշան Լիբանանը հայացնում է:

1869 թ. օսմանյան իշխանությունները Տավուտ փաշային վստահում են Օսմանյան կայսրության Հասարակական կառույցների նախարարի եւ Փոստ-հեռագրական վերատեսչի պաշտոնները, որոնք թափուր էին մնացել Գրիգոր Աղաթոնի մահվան պատճառով:

Ի թիվս մյուս օգտաշատ ձեռնարկների, Տավուտյանը Եվրոպայում վայելած իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով՝ կարողացել է կազմակերպել Ասիան եւ Մերձավոր Արեւելքը Եվրոպային կապող Ռումելիի երկաթուղու շինարարությունը, որը կայսրության տնտեսական եւ քաղաքական կյանքում բացառիկ նշանակություն է ունեցել:

Տավուտյանը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր:

Հին գերման ցեղերի օրենքներին նվիրված իր գիտական ծավալուն ուսումնասիրության համար Գերմանիայի կանցլերի կողմից ստացել է հատուկ մրցանակ եւ ընտրվել Բեռլինի Գիտությունների ակադեմիայի անդամ:

Որպես պետական բարձր պաշտոնյա եւ նշանավոր քաղաքագետ` նա արժանացել է շքանշանների. 1867 թ. Նապոլեոն Գ.-ն նրան շնորհել է Պատվո Լեգեոնի շքանշան: Օսմանյան կառավարությունից ստացել է տարբեր կարգի շքանշաններ եւ Օսմանիեի Մեծ ժապավենը, իսկ Հռոմի Պապը նրան շնորհել է Մեծն Գրիգորի ասպետության առաջին կարգի շքանշան:

Հովհաննես փաշա Գույումճյանը (1858-1933) սովորել է Կ.Պոլսի Վիեննական Մխիթարյանների վարժարանում եւ Փարիզի Հիսուսյանների հռչակավոր Vaugirard կրթական հաստատությունում: Կ.Պոլիս վերադառնալով` անցել է պետական ծառայության:

Պատասխանատու պաշտոններ է վարել արտաքին գործոց նախարարությունում: 1899-1908 թթ. եղել է Հռոմում օսմանյան դեսպանատան Ա. քարտուղարը, այնուհետեւ` Իտալիայում օսմանյան գործերի հավատարմատարը: Հռոմում պաշտոնավարելու տարիներին թե՛ իտալական եւ թե՛ միջազգային դիվանագիտական շրջանակներում վայելել է մեծ հեղինակություն:

1908 թ. վերադարձել է Կ.Պոլիս, ընտրվել Պետական խորհրդի անդամ եւ նույն թվականից վարել արտաքին գործոց փոխնախարարի պաշտոնը: 1912 թ. Գաբրիել Նորատունկյանը նշանակվում է կայսրության արտաքին գործոց նախարար:

Տեսնելով, որ արտաքին գործոց նախարարությունում հայերի բարձր դիրքը կարող է թուրքերի նախանձը գրգռել` այս երկու բարեկամները ցուցաբերում են փոխըմբռնում. Հովհաննես Գույումճյանը հրաժարվում է արտաքին գործոց նախարարությունում զբաղեցրած իր պաշտոնից եւ 1913 թ. ընդունում է Լիբանանի կառավարչի պաշտոնը, որը ժամանակ առաջ մերժել էր:

Նրա թեկնածությունը միաձայն ընդունվել էր եվրոպական մեծ տերությունների կողմից: Հովհաննես Գույումճյանին շնորհվում է մարշալի զինվորական կոչում եւ փաշայի տիտղոս: Այս պաշտոնը նա ստանձնել է քաղաքական խառնակ վիճակում:

Մեկ տարի պաշտոնավարելուց հետո սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը: Երեք տարվա պաշտոնավարության շրջանում իրականացրել է հինգ կարեւոր բարեկարգություններ` այդպիսով օգտակար լինելով Լիբանանի ժողովրդին:

Սիրիայում տեղակայված օսմանյան բանակի ընդհանուր հրամանատար Ջեմալ փաշան երբեք չդադարեց Հովհաննես փաշայի դեմ մեքենայություններ լարել: Քանիցս նրան ամբաստանել է որպես ֆրանսասեր: Ջեմալ փաշան ամեն կերպ փորձում էր զինաթափ անել լիբանանցիներին` քրիստոնյա բնակչությանը ոչնչացնելու համար:

Հովհաննես Գույումճյանն իր կյանքի գնով պայքարել է թուրքական կառավարության դեմ եւ կարողացել լիբանանցիներին փրկել այն ճակատագրից, որին արժանացավ արեւմտահայությունը:

Երեք տարի շարունակ Հովհաննես փաշան ամեն ջանք գործադրել է` իր դիրքը պահպանելու եւ խաղաղ կյանք ապահովելու իր վարչության տակ գտնվող ժողովրդի համար:

1915 թ. Բարձրագույն դուռը չեղյալ է հայտարարում Լիբանանի առանձնաշնորհյալ կառավարությունը: Հովհաննես Գույումճյանը պաշտոնանկ է լինում: 1916 թ. վերադառնում է Կ.Պոլիս եւ ճանապարհին ականատես լինում հայկական կոտորածներին: Կ.Պոլսում նա ընտրվում է Օսմանյան ծերակույտի անդամ, սակայն հրաժարվում է այս պաշտոնից` չցանկանալով առնչություն ունենալ այդ արյունոտ կառավարության հետ:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիո պարտությունից եւ Մուդրուսի զինադադարից (1918 թ., 27 հոկտեմբերի) հետո Հովհաննես փաշան կրկին օրվա մարդն էր: Օսմանյան կայսրության թագաժառանգ իշխան Աբդուլ Մեջիդը քաղաքական զանազան հարցերի մասին խորհրդատվության խնդրանքով ստեպ-ստեպ դիմում էր նրան:

Իշխանը ամեն կերպ փորձում էր հայերի միջոցով Թուրքիայի նկատմամբ եվրոպական երկրների խիստ վերաբերմունքը փոխել:

Եպարքոս Քյամիլ փաշան առաջարկում է Հովհաննես փաշային, Արամ բեյ Երամին եւ այլ ականավոր հայերի թուրքական պատվիրակության կազմում ընդգրկվել 1919 թ. Փարիզի Խաղաղության վեհաժողովին` այն պայմանով, որ նրանք հավաստեն, թե հայերի հետ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչինչ չի պատահել:

Հովհաննես փաշան մերժել է կատարել թուրքական կառավարության պատվերները եւ հայտարարել, թե չի ցանկանում ծառայել մի պետության, որը Հայաստանը վերածեց գերեզմանի: Հովհաննես Գույումճյանը հեռանում է երկրից եւ հաստատվում Հռոմում:

Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter