
Արտագաղթ եւ ինքնասպանություններ. «Երկրում հոռետեսական տրամադրություններ են տիրում»
«Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 40-45%-ը իր ապագան Հայաստանի հետ չի կապում, ավելին՝ այսօր մտեք ցանկացած գյուղ եւ ձեզ ցույց կտան անկետաներ, որոնք հուշում են, թե ինչպես գնալ Ռուսաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտագաղթի թեմային անդրադառնալով՝ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բանախոսը թեեւ նշեց, որ չի կարելի ասել, որ այսօր դիտվում է զանգվածային արտագաղթ, բայց յուրաքանչյուր հեռացող մեծ ազդեցություն է թողնում, թեկուզ այն առանցքով, որ բնակչության մեջ տպավորություն է ստեղծվում, որ երկրում իշխանությունների կողմից խրախուսվում է արտագաղթը:
Օրեր առաջ մի խումբ մտավորականներ, այդ թվում եւ՝ Կարինե Դանիելյանը, համատեղ հայտարարությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել արտագաղթի խնդրի վերաբերյալ: Բանախոսը նշեց, որ իրենց գործողությունը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի. «Մենք կառավարությանը մեծ պատրաստակամությամբ առաջարկում ենք մեր օգնությունը՝ խնդրի լուծմանն ուղղված հայեցակարգի մշակման համար: Մենք նույնիսկ այս խնդրով դիմել ենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, եւ նա պատրաստակամություն է հայտնել այս կարեւոր հարցի շուրջ լսումներ կազմակերպել»:
Հաջորդ քայլը լինելու է հանդիպում երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Բանախոսը հույս է հայտնում, որ երկրի ղեկավար մարմինները լրջորեն կզբաղվեն այս խնդրով եւ իրենց առաջարկությունները հաշվի կառնվեն:
Կարինե Դանիելյանը նշեց, որ երկրում վատատեսական տրամադրություններ են տիրում, եւ այդ պատճառով են շատերը լքում Հայաստանը: Նրա կարծիքով նույն վատատեսական տրամադրություններից էլ շատացել են ինքնասպանությունների դեպքերը. «Մենք չենք հասցնում մեզ վերարտադրել, պետք է փոխվի այս ամենը»,-մտահոգվում է բանախոսը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել