HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն օսմանյան բանակում (XIV դարից մինչեւ 1918 թ.)

Անահիտ Աստոյան, Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

Հայերը ենիչերիական զորագնդերում

Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա ազգերը, որպես անվստահելի տարրեր, չէին զինվորագրվում բանակ, զրկված էին զենք կրելու իրավունքից եւ, որ ամենակարեւորն է, ըստ շարիաթի սկզբունքների` անհավատները չէին կարող կռվել հավատքի բանակում:

Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու եւ իրենց ռազմուժի հարաճուն կարիքները բավարարելու նպատակով սուլթանական իշխանությունները հպատակ քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեցին կիրառել մարդահարկ՝ դեվշիրմեն (մանկահավաքը կամ մանկաժողովը): Սուլթանական իշխանությունները քրիստոնյա բնակչություն ունեցող նահանգներից պարբերաբար բռնությամբ հավաքագրում էին ամենաուժեղ, բարետես, առողջ եւ խելացի մանկահասակ տղաներին եւ պատանիներին, որոնց կրոնափոխ անելուց հետո ուղարկում էին աջեմի օղլան կոչված զորամասերը: Այստեղ ձեռք բերելով ռազմական գիտելիքներ ու փորձառություն եւ ներշնչվելով կրոնական մոլեռանդությամբ` նրանք դառնում էին ռազմարուեստին քաջահմուտ, մահմեդականությանն ու սուլթանին հավատարիմ զինվորներ եւ ուղարկվում ենիչերիների զորամասեր:

Օսմանյան բանակի գլխավոր ուժը, նրա ընտրանին կազմող ենիչերիական զորագնդերը ստեղծվել են 1361-1363-ին սուլթան Մուրադ Ա.-ի օրոք եւ ամբողջապես կազմված էին բռնի մահմեդականացված քրիստոնյաներից: Ենիչերիական զորագնդերը սկզբում հավաքագրվում էին ռազմագերիներից: Օսմանյան կայսրության կողմից նվաճված քրիստոնյա բնակիչները համարվում էին ռազմագերիներ եւ պարտավոր էին վճարել փենջ-եք կոչված մարդկային հարկատեսակը, ըստ որի յուրաքանչյուր հինգ հոգուց մեկին պարտավոր էին հանձնել օսմանցիներին` բանակի շարքերը համալրելու համար: Գրավված տարածքների ամրագրումից հետո քրիստոնյաները դառնում էին օսմանjան հպատակներ եւ նրանց հանդեպ արդեն կիրառվում էր դեվշիրմե համակարգը: Ըստ հայ ժամանակագիրների տվյալների` Արեւմտյան Հայաստանում մանկահավաքները սկսվել են 1464 թ.: Դեվշիրմեի երեքդարյա ժամանակահատվածում մանկաժողովների պարբերականությունը հաճախակիանում էր հենց այն պահերին, երբ Օսմանյան պետությունը վարում էր իր նվաճողական պատերազմները:

Հայտնի չէ, թե ենիչերիների ծով բազմության մեջ որքան է եղել զուտ հայկական տարրը: Հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչների բազմաթիվ սերունդներ, խլվելով իրենց ազգային միջավայրից, ծառայել են հանուն օտար պետության եւ օտար կրոնի հաղթանակի: Հայկական ծագում ունեցող ենիչերիների մեջ գտնվել են անհատներ, ովքեր իրենց քաջության եւ ընդունակությունների շնորհիվ կարողացել են բարձրագույն դիրքեր գրավել օսմանյան ռազմական եւ վարչական համակարգում:

Հայկական ծագում ունեցող ենիչերիներից նշանավոր էր XVII դարի ծովակալ եւ մեծ վեզիր Խալիլ փաշան, որն իր սխրագործություններով փառապանծ էջեր է թողել օսմանյան տարեգրության մեջ: 1609 թ. միլիտացուոց դեմ ծովային մարտից հաղթական դուրս գալով` նշանակվել է մեծ վեզիր: Խալիլ փաշան վանել է ղազախների արշավանքը Սինոպից, նորոգել է խաղաղության դաշինքը Լեհաստանի եւ Ավստրիայի հետ: 1619 թ. կռվել է պարսիկների դեմ եւ Շահ Աբասին ստիպել հաշտություն կնքել:

Հայկական ծագում ուներ զորավար եւ պետական գործիչ Սուլեյման փաշա Էրմենին (1605-1680) իր բնատուր կարողությունների, ճարպկության եւ քաջության շնորհիվ կարողացել է հասարակ զինվորից բարձրանալ մեծ վեզիրի աստիճանի եւ դառնալ օսմանյան պատմության կարեւոր դեմքերից մեկը:

Սուլեյման փաշան ոչ առաջինն էր, եւ ոչ էլ` վերջինը բռնի մահմեդականացված հայերից, սակայն, թերեւս, միակն էր, որը չթաքցրեց իր ազգային ծագումը եւ Էրմենին որպես տիտղոս կրեց իր անվան կողքին ողջ կյանքում, անգամ` մեծ վեզիրի պաշտոնում:

Վստահ կարելի է պնդել, որ Խալիլ, Սուլեյման փաշաների նման բռնի մահմեդականացված շատ հայազգիներ են փայլել զինվորական ասպարեզում, սակայն ծառայելով թրքությանը` ճանաչվել են որպես թուրք: Նրանց անունները կամ մեզ չեն հասել, կամ թուրքական պատմությունը չի կամեցել արձանագրել նրանց ազգային ծագումը: Այդպես էր XVI դարի սուլթանության գլխավոր ճարտարապետ Սինան Մեծի պարագայում: Թուրքերը եւ նրանց հետ նաեւ մի քանի ազգեր երկար շրջան իրար ձեռքից փորձում էին խլել Սինանին ծնունդ տալու փառքը: Այն վերջապես վիճակվեց հայերին, երբ 1931 թ. թուրքական հանդեսներից մեկում հրատարակվեց մի փաստաթուղթ, որը հաստատեց նրա հայկական ծագման փաստը: Սինանը որպես սակրավոր ծառայել է քրիստոնեական ծագում ունեցող ենիչերիական զորագնդում: Մասնակցել է 1524 թ. Բալկանյան եւ 1534 թ. Բաղդադի պատերազմներին: Կառուցել է ռազմական նշանակություն ունեցող շինություններ, հիվանդանոցներ, կամուրջներ: Սինանը կատարելության է հասցրել իսլամական ճարտարապետությունը եւ համաշխարհային արվեստի պատմության մեջ տեղ գտել որպես մեծագույն ճարտարապետներից մեկը:

Հայ վարձկաններ

Թեեւ շարիաթի սկզբունքներին դեմ էր անհավատների մուտքը հավատքի բանակ, սակայն օսմանյան իշխանությունները, իրենց պետական շահերից ելնելով, անտեսել են կրոնական նորմերը եւ քրիստոնյաներին օգտագործել իրենց զինված ուժերում: Որպես վարձկաններ` հայերը ծառայել են օսմանյան բանակի հետեւակում եւ թեթեւ հեծելազորում: Հայերին օգտագործում էին նաեւ ճանապարհ բացող սալախորան կոչված զինյալ գնդերում: Նրանք գնում էին բանակի առջեւից եւ ռազմիկների ճանապարհը հարթում` անտառների ծառերը կտրելով եւ ճահիճները լցնելով: Ոտքից մինչեւ գլուխ զինված հայ ականահատների հոծ գնդեր են եղել օսմանյան բանակում, որոնք արշավանքների ժամանակ բանակի կարեւոր եւ խիստ անհրաժեշտ մեկ տարրն են համարվել: Ականահատների զորագնդերը կազմված են եղել կեսարացի հայերից: Քաղաքների պաշարման ժամանակ հայ զինվորները ռազմաճակատի առաջին գծում էին: Նրանք էին կատարում հարձակման խրամատ բացող կոչված գործողությունը: Զինյալ մեկ ուրիշ գունդ, որը կազմված էր գավառներից հավաքագրված հայ քարակոփներից, քաղաքների պաշարման ժամանակ բերդերի հիմքերը փորելով` փլում էին դրանք:

Հայերը որպես վարձկաններ ծառայել են նաեւ օսմանյան ռազմա-ծովային նավատորմում: Նրանց թիվն ավելացել է սուլթան Աբդուլ Համիդ Ա.-ի (1771-1788) հայազգի ծովակալ Ճեզայիրլի Հասան փաշայի ծովակալության շրջանում: Ռազմական նավերի թնդանոթաձիգների 75 տոկոսը հայեր եւ հույներ էին: Ռազմանավերի անձնակազմի մեջ կային նաեւ հայ դրոշակակիրներ եւ այլն: Հասան փաշա Ղազին Ռոդոսթոյի Ս. Խաչ թաղի աղքատ հայ ընտանիքի զավակ էր, որի ծնողները ստիպված են եղել փոքրիկ տղային որպես ստրուկ հանձնել օսմանցի մի վաճառականի, որ նրան Հասան անունն է տվել: Ծառայության մեջ է մտել օսմանյան ռազմա-ծովային նավատորմում եւ նշանավոր դարձել տերությանը մատուցած իր մեծ ծառայություններով: Մասնակցել է Մալթա կղզու պաշարմանը: Կրում էր ղազի (հաղթող) մականունը: Սուլթան Աբդուլ Համիդ Ա.-ի օրոք բարձրացել է վեզիրության աստիճանի եւ նշանակվել ծովակալ:

Հայերի տուրքն օսմանյան բանակին

Դարերի ընթացքում մեծ չափերի է հասել կայսրության քրիստոնյա հպատակների նյութական մասնակցությունը օսմանյան բանակի հզորացմանը: Դա արվել է հարկերի եւ տուրքերի տեսքով` ի տարբերություն մահմեդականների, որոնք նման տուրքեր չէին վճարում: Օսմանյան կայսրությունում ոչ մահմեդական հպատակներից բանակի ծառայությունից ազատվելու դիմաց իբրեւ փոխհատուցում գանձվում էր գլխահարկ կոչված հարկատեսակը: Օսմանյան կայսրության հպատակ ազգերի եւ առանձնապես քրիստոնյաների վրա էր ծանրացած ռազմական հարկերի բեռը: Պատերազմների ժամանակ քրիստոնյա հպատակները պարտավոր էին վճարել «պատերազմական ծախսեր» ընդհանուր անվան տակ գանձվող զանազան ռազմական հարկեր եւ տուրքեր: Խաղաղ ժամանակ, ի նպաստ բանակի, օսմանյան իշխանությունները քրիստոնյաներից գանձում էին տարբեր տեսակի ռազմական հարկատեսակներ: Այս հարկերի եւ տուրքերի չափերը հստակ սահմանված չէին, եւ դրանց գանձումը կախված էր տեղի պաշտոնյաների կամայականություններից: Ռազմաճակատի կարիքները հոգալու նպատակով օսմանցի զինվորները բռնագրավում ու վաճառում էին նաեւ հայկական վանքերի եւ եկեղեցիների խաչերն ու Ավետարանները, ավարի էին ենթարկում հայկական գյուղերն ու բնակավայրերը:

Բանակին սպասարկող հայ արհեստավորներ

Դարեր շարունակ Օսմանյան կայսրության ցամաքային զորքերում եւ ռազմա-ծովային նավատորմում մշտապես բանակին սպասարկող հայ արհեստավորների մի հսկա բազմություն է եղել: Բարձրորակ արհեստավորներ էին հայ զինագործները. նրանք պատրաստում էին սուր, հրացանի փող, նորոգում էին զենքի այլեւայլ տեսակներ: Զենքին եւ ռազմական գործողություններին, ինչպես եւ բանակի սպասարկմանն առնչվող արհեստավորները կազմում էին բանակի բաղկացուցիչ մասը եւ ուղեկցում էին նրան ամբողջ արշավի ընթացքում: Օսմանյան բանակում գործում էին ռազմական գործին առնչվող հազարավոր թամբագործներ, դերձակներ, երաժիշտներ եւ բազմաթիվ այլ արհեստավորներ:

Օսմանյան ռազմանավերի վարպետները հիմնականում հայեր եւ հույներ էին: Կայսրության նավարանի դարբնապետության պաշտոնը XVIII-XIX դարերում հանձնված էր Տեմիրճիպաշյան ընտանիքին: Գեւորգ Տեմիրճիպաշյանը XVIII դարերի կեսերին դառնում է արքունի նավատորմի նավայարդարապետը եւ թնդանոթարանի վերատեսուչը, որը նախկինում վարում էր հայազգի Մարտիրոս վարպետը: Գեւորգն է հնարել նավի այժմյան խարիսխը, որը եվրոպացիների կողմից գնահատվելով` գործածության մեջ է դրվել:

Օսմանյան կայսրության վառոդարանները (զինագործարանները), որոնք վառոդ էին պատրաստում օսմանյան ողջ բանակի համար եւ այդ օրերին բացառիկ կարեւորություն ունեին երկրի համար, շուրջ մեկ դար պատկանում էին Տատյան ամիրայական տոհմի անդամներին: Նրանք փայլեցին իրենց գյուտարարությամբ եւ մասնագիտական հմտությամբ եւ վառոդարանը վերածեցին երկրի լավագույն եւ օրինակելի պետական հաստատության:

Հայ զինագործ վարպետներն էին պատրաստում ենիչերիների զենքերը: Կ. Պոլսում մեծ հռչակ ունեին կարնեցի զինագործները: Զինագործ վարպետ Սարգիս Աճեմյանը արվեստի մակարդակի էր հասցրել զինագործությունը: Նա էր պատրաստում սուլթան Մահմուդ Բ.-ի սրերը: Սարգիս Աճեմյանի աշխատանքները ցուցադրված են Ստամբուլի Թոփգափուի պալատում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն եւ Աթենքի Բենաքի թանգարաններում:

Բանակի հայ մատակարարներ

Օսմանյան բանակի հիմնական մատակարարները հայ վաճառականներն էին: Աբրահամ չելեպի Ապրոյանը 1646 թ. Կրետեի գրավմանը մասնակցող օսմանյան բանակի մատակարարն էր: Մանուկ բէյ Միրզայանը (1769-1817) օսմանյան դանուբյան զորքի հրամանատար Մուստաֆա փաշա Բայրակդարի խորհրդականն էր: 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ օսմանյան զորքի պարենավորումը եւ ռազմական նշանակություն ունեցող կառույցների նորոգության գործը հանձնված էր Մանուկ բեյին: Բացի այդ, Բայրակդարը նրան էր լիազորել հաշտության բանակցություններ վարել ռուսների հետ: Այս մեծ դիվանագետի ջանքերի շնորհիվ են կայացել ռուս-թուրքական հաշտության բանակցությունները, որի արդյունքում 1812-ին կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, որով եւ ձախողվել են այս երկու պետություններին պատերազմի մեջ ներքաշելու` Նապոլեոն Բոնապարտի ծրագրերը: Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ խարբերդցի Հաջի Օհան Եաղճյանը ստանձնել էր օսմանյան բանակի պարենավորման գործը: Գրիգոր Շապանյանը 1865-ին վարել է արքունի զորքերի պետքերի եւ պարենի, ընդհանուր պաշարների մատակարարի պաշտոնը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին անդամակցել է օսմանյան ընդհանուր բանակի պետքերը հոգացող մասնաժողովին:

Հայ զինվորական բժիշկներ

Թե՛ Թանզիմաթի (1839 թ.) ընձեռած հնարավորությունների շնորհիվ, եւ թե՛ երկրում թուրք բժիշկների սակավության պատճառով Եվրոպայի համալսարաններում ուսանած հայ բժիշկները սկսեցին ծառայել օսմանյան բանակում: Կայսերական զինվորական բժշկական վարժարանի շրջանավարտ հայ բժիշկները եկան համալրելու օսմանյան բանակում հայ զինվորական բժիշկների թիվը: Հայ զինվորական բժիշկներից ավելի քան 170 բարձրաստիճան սպաներ արժանացել են փաշայի եւ բեյի տիտղոսների:

Փաշայի տիտղոսին էին արժանանում մարշալի եւ գեներալի տարբեր զինվորական աստիճաններ ունեցողները, իսկ բեյի տիտղոս կրում էին գնդապետները:

Հայ զինվորական բժիշկները մասնակցել են օսմանյան բանակի վարած պատերազմներին ու ռազմական գործողություններին, ծառայել են երկրի տարբեր զինվորական հիվանդանոցներում եւ իրենց մեծ ավանդը բերել բանակում բուժսպասարկման գործի կազմակերպանը:

Հայ զինվորական բժիշկներից շատերը դասավանդել են Կայսերական զինվորական բժշկական վարժարանում: Նրանք մեծ նպաստ են բերել երկրում բժշկական գիտության զարգացման գործին:

Նրանց նախաձեռնությամբ հիմնվել է Կայսերական բժշկական ընկերությունը, որն իր սկզբնավորման շրջանից ունեցել է 55 հայ անդամներ: Գաբրիել փաշա Սեւյանի, Հակոբ բեյ Տավուտյանի եւ ուրիշ հայ զինվորական բժիշկների նախաձեռնությամբ հիմնադրվել է օսմանյան Կարմիր մահիկը:

Զինվորական բժիշկներից զատ հայ դեղագործների եւ անասնաբույժների ստվար թիվ է եղել օսմանյան տարբեր զորաբանակներում:

Զինվորական կոչում ունեցող հայ պաշտոնյաներ

XIX դարի կեսերից հայերի առջեւ պետական գործունեության լայն ասպարեզ բացվեց: Ի թիվս մյուս գերատեսչությունների` հայերը պատասխանատու պաշտոններ զբաղեցրին նաեւ Նավատորմի եւ Ռազմական նախարարություններում: Նրանցից ոմանք իրենց գործունեության ընթացքում արժանացել են զինվորական բարձր կոչումների: Անտոն Եավեր փաշա Թընկըրյանն ծառայել է Բարձրագույն Դռան թարգմանչաց դիվանում, այնուհետեւ` շոգենավերի վարչությունում: Ղրիմի պատերազմի ժամանակ օսմանյան ընդհանուր զորքերի հրամանատար Էոմէր փաշայի քարտուղարն էր: Վարել է Շոգենավերի ընդհանուր վարիչի, արքունի նավարանի վերատեսչի, Ռազմական նախարարության օտար լեզուների թղթակցության դիվանի տնօրենի պաշտոնները: 1875 թ. հասել է Ռումելիի զինվորական հրամանատարի՝ պեյլերպեյի աստիճանի եւ ստացել փաշայի տիտղոս:

Հովսեփ փաշա Վարդանյանը 25 տարի զինվորական ծառայության մեջ է եղել օսմանյան նավատորմի նախարարությունում: 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ վարել է օսմանյան նավատորմի Ա. թարգմանի պաշտոնը եւ արժանացել փաշայի տիտղոսի:

Թորոս բեյ Գիսակը նույնպես օսմանյան ռազմածովային նավատորմի պաշտոնյա էր եւ ուներ գնդապետի աստիճան:

Լիբանանի հայազգի կառավարիչներ Կարապետ Արթին փաշա Տավուտյանը եւ Հովհաննես փաշա Գույումճյանն ունեցել են մարշալի կոչում:

Մինչ Լիբանանի կառավարչի պաշտոնի ստանձնումը, նրանք վարել են դիվանագիտական պաշտոններ եւ չեն ունեցել զինվորական կոչումներ: Թերեւս կարեւոր պայման էր, որ Լիբանանի կառավարիչներն ունենան զինվորական աստիճան, մանավանդ որ այս տարածաշրջանը գտնվել է ազգամիջյան զինված բախումների մեջ:

Օսմանյան բանակում ծառայած հայերից մարշալի զինվորական կոչում է ունեցել նաեւ օսմանյան ընդհանուր բանակի գլխավոր դեղագործ Ֆերդի փաշա Թերճիմանյանը:

Հայերի զինվորագրության հարցը

Հայ-թուրք համակեցության պատմության ընթացքում եղել են բացառիկ, եզակի դեպքեր, երբ օսմանյան իշխանությունները դիմել են հայերի ռազմական օգնությանը: Ջալալիների ապստամբության ժամանակ, երբ Դելի Հասանը 1600 թ. հարձակվել էր Սեբաստիայի վրա, տեղի կառավարիչ փաշան, չունենալով բավական չափով կանոնավոր զորք, զինում է քաղաքի բնակիչներին, այդ թվում` նաեւ հայերին:

1847 թվականին հայերը զինվորական ծառայության կանչվեցին կառավարության կողմից, երբ օսմանյան բանակը երկրի արեւելյան նահանգներում պայքարում էր քուրդ ինքնիշխան ցեղապետերի դեմ:

1877 թվականին ռուս-թուրքական պատերազմում մեծ կորուստներ կրելով` օսմանյան կառավարությունը հարկավոր համարեց զորք հավաքագրել նաեւ իր հպատակ քրիստոնյա ազգերից եւ դիմեց նրանց ներկայացուցիչ պատրիարքներին: Կ.Պոլսո Ազգային ժողովի 1877 թ. դեկտեմբերի 14-ի նիստի մասնակիցների ստվար մեծամասնությունը մերժեց գոհացում տալ կառավարության պահանջին:

1908 թվականին օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո հայերը երկրի մյուս քրիստոնյաների հետ միասին Օսմանյան խոհրդարանում պահանջեցին զինվորագրվել եւ հավասար իրավունքներով ծառայել օսմանյան բանակում: Հայերի պահպանողական տարրը դեմ էր զինվորագրությանը, իսկ երիտասարդությունը` կողմնակից: 1910 թվականին օսմանյան խորհրդարանի ընդունած օրենքից հետո երկրի բոլոր ազգերը ենթակա էին զինվորական ծառայության: 1910 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին հրատարակված զորակոչի հրամանը խանդավառությամբ ընդունեցին հայ երիտասարդները, որովհետեւ հպատակ, րայա, գերի ստորացուցիչ բառերի ծանր բեռը վերցվեց նրանց ուսերից:

Զինվորական ասպարեզը բացվեց հայերի համար: Օգտվելով ընձեռված հնարավորությունից` հայ երիտասարդները սկսեցին ուսանել Հարբիեի զինվորական վարժարանում եւ շատ շուտով իրենց դրսեւորեցին զինվորական ասպարեզում: Թուրք սպաները հայերի կարգապահությունը, հավատարմությունը, մաքրասիրությունը գնահատելով` սկսեցին թուրք զինվորներին փոխարինել հայերով: Շատերը շուտով զինվորական աստիճանի բարձրացում ունեցան: Թե՛ Բալկանյան պատերազմի, թե՛ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ զինվորականները կատարեցին բազում քաջագործություններ եւ թուրք բարձր զինվորականության կողմից գովեստի արժանացան` փաստելով, որ հայը ոչ միայն ճարտար առեւտրական եւ արհեստավոր է, այլեւ քաջ զինվոր:

Առաջին աշխարհամարտի առաջին օրերից օսմանյան բանակ զորակոչվեցին 18-45 տարեկան ռազմունակ շուրջ 60 հազար հայ տղամարդիկ: Նրանք միացան մինչ այդ օսմանյան բանակում ծառայության մեջ գտնվող հայ զինվորականությանը: Չնայած բանակում հայ զինվորների համար ստեղծված ծանրագույն պայմաններին` նրանք փութացել են կատարել իրենց զինվորական պարտականությունները եւ այնպես անձնվիրաբար, որ Կարնո ճակատում գերի ընկնելու վտանգից ազատել են Էնվերին: Դրանից հետո նա հայ զինվորների մասին գովեստի եւ շնորհակալության խոսք է ուղարկել Կ.Պոլսո Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանին:

Մյուս կողմից, սակայն, պատերազմի առաջին օրերից երկրում սկսվեց հայ զինվորների դասալքության մասին կեղծ քարոզչությունը: Դա միայն պատրվակ էր երիտթուրքական կառավարության` հայ ժողովրդի բնաջնջման կանխամտածված ծրագիրն իրականացնելու համար: 1915 թ. փետրվարի 12-ին սկսվեց օսմանյան բանակի հայ զինվորականության զինաթափումը, որից հետո նրանցից կազմվեցին բանվորական վաշտեր: Նույն ժամանակ սկսվեցին հայ սպաների մեկուսացումն ու ձերբակալությունները: Դրան հետեւեց ռազմական նախարար Էնվերի` օսմանյան բանակում ծառայող հայ զինվորների ոչնչացման մասին հրամանը: Ավելի քան 60 հազար հայ զինվորականներ թիկունքում խումբ-խումբ սպանվեցին անօրինակ դաժանությամբ:

Առաջին աշխարհամարտի առաջին օրերից զինվորական հիվանդանոցներում ծառայող հայ բժիշկներից շատերն ընկան պատերազմի դաշտում: Ոմանք մահացան իրենց պարտականությունները կատարու ժամանակ` բծավոր տիֆով վարակված թուրք զինվորներին խնամելիս: Իսկ շատերն անգթորեն խողխողվեցին պարզապես հայ ծնված լինելու համար: 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը ձերբակալվեց նաեւ բանաստեղծ եւ արձակագիր Ռուբեն Սեւակը, ով Առաջին աշխարհամարտի առաջին ամիսներից որպես զինվորական բժիշկ, հարյուրապետի աստիճանով ծառայում էր Մաքրիգյուղի զինվորական հիվանդանոցում: Նրան վիճակվեց անցնել մահվան դատապարտված հայ մտավորականների ուղով՝ աքսոր Անատոլիայի խորքերը, տառապագին սպասում եւ բարբարոս խոշտանգում:

Այսպես ոչնչացնելով արեւմտահայության մարտունակ ուժերը` թուրքական կառավարությունն իրականացրեց հայերի բնաջնջման իր կանխամտածված ծրագիրը:

Այս կերպ հատուցեցին թուրքերն օսմանյան բանակի զորացմանը հայերի դարավոր տքնության դիմաց: Նրանք իրենց «երախտագիտությունը» շարունակեցին հայտնել` հայերին ջնջելով օսմանյան զինված ուժերի պատմության էջերից եւ հայտարարելով, թե միայն թուրքերն ու մահմեդական այլ ազգերն են արյուն թափել Օսմանյան պետության համար, իսկ քրիստոնյաները, նրանց հետ` նաեւ հայերը, ազատված լինելով զինվորական պարտականությունից` հարստացել են եւ բարգավաճել: Սակայն անժխտելի պատմական փաստերը խոսում են այն մասին, որ հայերն իբրեւ զինվոր, արհեստավոր, մատակարար, բժիշկ ու պաշտոնյա դարեր շարունակ ծառայել եւ մշտապես ներկա են եղել օսմանյան զինված ուժերում եւ իրենց մեծ նպաստն են բերել բանակի հզորացմանը:

Մեկնաբանություններ (1)

Andras
Turks made harm in the Armenians and even self harm. Never trust them.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter