HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խնձոր կամ ինչպես որոշվեց հարսանիքի օրը

0. Մայրը

Սեղանի շուրջ նստածները սկսեցին տեղափոխվել՝ տեղ ազատելով նորեկների համար:

Դրանից հետո հաստատված շփոթված դադարի ժամանակ կանայք գցեցին գնահատող, տղամարդիկ` հեգնական հայացք օվալաձգգ արծաթյա սկուտեղի կենտրոնում գտնվող մեծ, կարմիր խնձորին:

Տարեց կինը, ում բոլորը Բաբուլյա էին կոչում, ակնթարթորեն գնահատեց սկուտեղի հին արծաթը եւ նրա վրայի մրգերի ու ընծաների քանակն ու որակը, եւ նրա ձյունաճերմակ արհեստական ատամները պսպղացին գոհունակ ժպիտի մեջ: 

Սկուտեղը բերած նորեկները, որ փոքր-ինչ տագնապալից նայում էին նրա կնճռոտ դեմքին, շունչ քաշեցին եւ իրենք էլ ժպտացին:

Մայրը լավ թաքցրած հուզմունքով հարցրեց.
- Դե, ինչպե՞ս է աղջիկս, իրեն լա՞վ է պահում:
- Խանեն հրաշք է,- բացականչեց սկեսուրը:- Այսօր առավոտյան մտնում եմ հյուրասենյակ, իսկ նա փոշիներն է սրբում: Ասում եմ` աղջիկս, հարսանիքդ երեկ էր ընդամենը, հանգստացիր, ես ինքս կանեմ, իսկ նա թե՝ ոչինչ, մամ, տանել չեմ կարող անգործ նստել:

Մայրը հազիվ զսպեց քմծիծաղը. տանել չի կարող անգործ նստել: Այդ երբվանի՞ց: Չէ՞ որ նա ամեն օր հենց այդ էլ անում էր, եթե, իհարկե, նրան կարելի լիներ տանը բռնացնել:

Ու միանգամից հպարտություն զգաց իր ճարպիկ աղջկա համար. տես, թե ինչպես է իրեն ներկայացնում: 

- Իսկ Նելսն արդեն ղեկավարության հետ պայմանավորվել է արձակուրդի համար, - ասաց Սկեսուրը:

- Այնպես որ, վաղը նրանք մեկնում են: 
- Ծով, - ավելացրեց նա՝ թատերական հայացք գցելով հարսի բարեկամների կողմը:

Մայրը միայն հոգոց հանեց: Ըստ սովորույթի` աղջիկը մորը չպիտի տեսնի ամուսնանալուց հետո մեկ շաբաթ, իսկ փեսայի ընտանիքն, ակնհայտորեն, պատրաստվում է պահպանել բոլոր սովորույթները, հետո էլ նրանք երկու շաբաթով կմեկնեն մեղրամսի...

Նա մտածեց, որ այսուհետ իր դուստրը ողջ կյանքն է անցկացնելու ուրիշի տանը, իրենից հեռու եւ տխրեց:
Մայրը նայեց սկեսրոջը: Արդյո՞ք Խանեն յոլա կգնա նրա հետ: Մայրը լավ գիտեր իր դստեր կամակոր ու ըմբոստ բնավորությունը եւ անհանդուրժողականությունը «մարդկանց հանդեպ, ովքեր համոզված են, որ աշխարհում կա երկու կարծիք՝ մեկն իրենցը, մյուսը՝ սխալ»:

Մայրը մտածեց, որ սկեսուրն, ամենայն հավանականությամբ, կվարժեցնի իր աղջկան նույնպես, ինչպես իր սեփական սկեսուրը՝ Բաբուլյան, ժամանակին վարժեցրել է իրեն:

Նա թեթեւակի ցնցվեց այդ «դաստիարակչական գործընթացը» հիշելիս: Սակայն հպանցիկ հայացքն արծաթյա սկուտեղին, որի կենտրոնում խոյանում էր իր դստեր անաղարտության ապացույցը, հարթեցրեց հոնքերի միջեւ առաջացած ծալքը եւ նույնիսկ սպիտակեցրեց անքնությունից առաջացած սեւ շրջանակներն աչքերի տակ:

Հարսանիքին նախորդող վերջին գիշերները մայրը վատ էր քնում: Չէր օգնում նույնիսկ կատվախոտի թուրմը: Նա չէր համարձակվում խոստովանել նույնիսկ ինքն իրեն, բայց նա, իրոք, վախենում էր: Իրենք՝ Խանեի ծնողները, միշտ էլ ազատամտորեն, եթե չասել անուշադիր են վերաբերվել Խանեի դաստիարակությանը՝ ամեն կերպ երես տալով իրենց միակ դստերը: Խանեին ծանոթ չէին ծնողների պատեհ եւ անպատեհ հսկողությունները, «ու՞ր էիր այսքան ժամանակ եւ ու՞մ հետ» տեսակի հարցերը:
Նախորդ գիշեր անկողնում անքուն շուռումուռ գալիս մայրը հանկարծակի մտածեց, որ երբեք չի «դաստիարակել» Խանեին: Երեխան մի տեսակ ինքն իրեն է մեծացել, վատի ու լավի, պետքականի ու անպետքի իր ուրույն ընկալումներով:

- Դա քո կյանքն է, ու դու պետք է այն ապրես,- դա էր մոր սկզբունքը, որը նա ներշնչում էր աղջկան դեռ փոքրուց:- Միշտ վարվիր այնպես, ինչպես ճիշտ ես համարում ինքդ, այլ ոչ ուրիշները: Արա, ինչ ուզում ես, բայց աշխատիր այնպես ապրել օրդ, որ գիշերը հանգիստ խղճով քնես:

Խանեն դա մտապահեց: Խանեն գեղեցիկ էր ու միշտ շրջապատված տղաներով:

Մայրն իրեն համարում էր լայն հայացքների տեր կին, սակայն նույնիսկ նրա «լայնարձակ» ուղեղում չէր կարող տեղավորվել այն միտքը, որ իր աղջկա սեռական կյանքում կարող էին լինել մեկից ավելի տղամարդիկ: Ինչ վերաբերում է աղջկա ամուսնուն եւ սկեսրոջը, նրանք ուղղակի դուրս կշպրտեն իր «մաքրությունը» չպահպանած աղջկան:

Մոր եւ աղջկա միջեւ ընդունված չէր զրուցել այդ «նուրբ թեմայի» շուրջ: Եվ կնոջը միայն մնում էր հուսալ, որ իր դուստրը ողջամիտ աղջիկ է, եւ հանգստացնել անհանգիստ բաբախող սիրտը կատվախոտի կաթիլներով:

Սակայն բոլոր մտահոգություններն անտեղի էին: Աղջիկը պահպանել է իր պատիվը: Եվ մայրը ժպտաց մեծ, փայլփլող կարմիր խնձորին՝ իր դստեր անմեղության խորհրդանիշին, որն իր փեսայի բարեկամներն այդքան հանդիսավոր բերեցին իր տուն...

- Ժամանակը չէ՞ անցնեք աղանդերին,- լսեց կինն ամուսնու շշուկը եւ անմիջապես ոտքի թռավ՝ հյուրերից ներողություն խնդրելով իր անուշադրության համար:

1. Առաջին գիշերը
Մեկ օր առաջ

- Միայն ջուր խմեմ ու գամ: Շուտ կլինեմ,- ասաց Նելսոնը եւ դուրս եկավ ննջասենյակից:
Խանեն գիտեր, որ նա չի լինի առնվազն 10-15 րոպե: Այդ հնարքով նա նրբանկատորեն ժամանակ տվեց իրեն բարոյապես եւ ֆիզիկապես նախապատրաստվելու:
- Ի՜նչ լավն է,- մտածեց Խանեն: Եվ իր կամքին հակառակ՝ ի՜նչ ծիծաղելին է:

Նա սկսեց շտապողաբար հանել հարսանեկան զգեստը: Բաց մանուշակագույն գիշերանոցը խնամքով դրված էր մահճակալին:

Խանեն հագավ այն: Գիշերանոցը երկար էր ու փափուկ՝ թափանցիկության ու սեքսուալության անորսալի միտումով: Խանեն սողոսկեց վերմակի տակ եւ այն քաշեց մինչեւ քիթը: 

«Հուսով եմ՝ նման եմ դժբախտ, վախեցած հավի»,- մտածեց նա:

Ձեռքերի դողը եւ անհանգստությունն աչքերում կարիք չկար ձեւացնելու. դրանք այնպես էլ առկա էին:

«Կարծում եմ` եթե ես հիմա լինեի անմեղ հիմարիկ, ավելի հեշտ կլիներ»,- հոգոց հանեց Խանեն:

Նա ավելի շուտ զգաց, քան լսեց Նելսոնի դանդաղ, փոքր-ինչ ծանր քայլերը եւ քչացրեց լուսամփոփի լույսը: Նելսոնը մտավ սենյակ, չափազանց դանդաղ փակեց դուռը, չափազանց դանդաղ հանեց փողկապը, չափազանց դանդաղ ծալեց այն եւ խնամքով կախեց աթոռի թիկնակին: Հետո նույն տեմպով անցավ բաճկոնին: Դրանից էլ ազատվելով՝ տեղավորվեց մահճակալի եզրին, մտածկոտ հայացք գցեց Խանեի վրա ու հանկարծ ծիծաղեց.

- Իսկ տատդ համա՜ թե ուրախանում էր հարսանիքին: Նա այնպես եռանդուն էր պարում, որ հայրս մորս պատվիրեց ամեն դեպքում սրտային կաթիլներ ունենալ ձեռքի տակ: Իսկ մորեղբայրս...

Աստվա՜ծ իմ, մի՞թե նա պատրաստվում է ողջ գիշեր հարսանիքը հիշել: Ինքը՝ Խանեն, այն հիշում էր աղոտ, չնայած հարսանիքն իր սեփականն էր եւ ավարտվել էր ընդամենը երկու ժամ առաջ: Նա զբաղված էր ամուսնական առաջին գիշերվա ընթացքում իր պահվածքը մշակելով:

Մինչդեռ Նելսոնը մտաբերում էր նորանոր մանրամասներ հարսանիքից՝ հետաձգելով այն պահը, երբ կազատվի մնացած հագուստից եւ նույնպես կմտնի անկողին: Նելսոնը Խանեից պակաս չէր հուզվում: Նա պատրաստվում էր կնոջը զրկել կուսությունից` ինքը կույս լինելով: Երիտասարդն ինչ-որ կերպ հաջողացրել էր դառնալ քսանյոթ տարեկան՝ առանց ճանաչելու կանանց: Սակայն կանանց հանդեպ իր քամահրական-հեգնական վերաբերմունքի պատճառով շատերը համոզված էին, որ նրա անկողնու միջով անցել է Երեւանում բնակվող իգական սեռի ներկայացուցիչների առնվազն կեսը: Մինչդեռ նա սաստիկ վախենում էր կանանցից, իր հավանական անհաջողությունից նրանց հետ:

Խանեն առաջինն էր, ում նա չէր ձգտում անմիջապես կոպտել կամ ծաղրել՝ իր երկչոտությունը թաքցնելու համար: Նրա հետ այնքան պարզ է ու թեթեւ, որ Նելսը տենչում է վստահել նրան, պատմել, որ սիրո հարցերում նա նույնքան անփորձ է, որքան ինքը՝ Խանեն, ծածուկ խնդրել ներողամիտ լինել իր հանդեպ: Սակայն նա չի համարձակվում փշրել Խանեի հոգում ենթադրաբար արմատացած Լովելասի իր կերպարը, ով բոլոր կանանցից՝ այնքան գեղեցիկ, ցանկալի, մատչելի, իրեն է ընտրել:

Նելսոնը տենչում էր լինել հասուն տղամարդ, ով ղեկավարելու է այս հիասքանչ երեխայի առաջին քայլերը մեծ կյանքում: Եվ հարսանիքի մասին հուշերով նա անընդհատ հեռացնում էր որոշիչ պահը: Խանեն ինքն ընդհատեց նրա պերճախոսության հոսքը: Նա ցուցադրաբար հորանջեց եւ ձգվեց բարձի վրա՝ կարծես հասկացնելով, որ հոգնած է եւ չի բացառվում, որ կարող է եւ քնել:

Նելսը համարձակվեց: Ազատվեց հագուստից եւ պառկեց նրա կողքին: Նա գրկեց Խանեին եւ սկսեց համբուրել նրա դեմքը, մազերը, ուսերը: Նա ուզեց շշնջալ աղջկան քնքուշ խոսքեր, ասել, որ սիրում է, միշտ հոգ է տանելու իր մասին, խոստանալ, որ շատ զգույշ կլինի ու չի ցավեցնի: Բայց չասաց: Պարզապես չգիտեր՝ ինչպե՞ս ասել: Սովոր չէր: Խանեն միաժամանակ պատասխանում էր նրա համբույրներին եւ ջանում էր երկչոտ լինել: Այդ պատճառով նրա բոլոր շարժումները ծանր էին ստացվում: Նելսոնը դրանում տեսնում էր նրա անփորձության ապացույցը եւ ավելի մեծ քնքշությամբ էր լցվում նրա հանդեպ: Նա զգուշորեն վեր բարձրացրեց Խանեի գիշերանոցի փեշը` չհամարձակվելով այն ամբողջովին հանել:

Նրա առաջին իսկ շարժման հետ Խանեն կամաց տնքաց: 
- Ոչինչ, հարազատս, դա միայն վայրկյան է: Հետո էլ չի ցավա:
Խանեն ծածուկ ժպտաց մթության մեջ: Իսկ բարձրաձայն շշնջաց.
- Սպասիր, այդքան արագ չէ: Թող սովորեմ:
Նելսը գլխով արեց՝ ծանր շնչելով:

Որոշ ժամանակ անց նա կրկնեց շարժումները: Մի քանի զգույշ շարժումներից հետո իր տաք ու թաց մարմնում` Խանեն ճչաց, եւ Նելսոնը շունչ քաշեց: Կատարվեց: Նա կարողացավ:

Խանեն կրծում էր շուրթերը, որ չճչա հաճույքից: Նելսին թվում էր, որ նա դա սաստիկ ցավից է անում, սակայն էլ ի վիճակի չէր կանգ առնելու: Նրա շարժումներն արագացան, դարձան համառ, մարմնով դող անցավ: Մի ալիք գրկեց նրան ու սրընթաց տարավ դեպի վայելքի գագաթը:

Երբ Խանեն արթնացավ վաղ առավոտյան, Նելսոնը դեռ քնած էր: Խանեն կամաց բարձրացրեց վերմակի ծայրը եւ նայեց սավանին: Տեսածը գոհունակ ժպիտ առաջացրեց նրա դեմքին: Խանեն ծածուկ դուրս եկավ սենյակից: Կարծես բոլորը դեռ քնած են: Նա սողոսկեց լոգարան, լվացվեց, իրեն կարգի բերեց եւ վերադարձավ ննջարան:

Երբ Նելսոնն արթնացավ, Խանեն պառկած էր իր ձեռքերի մեջ եւ ժպտում էր: Նա, դեռեւս կիսաքնած, սկսեց համբուրել կնոջ կիսաբաց շուրթերը:

- Խնդրում եմ, հիմա չէ,- շշնջաց Խանեն,- դեռ ցավում է: Ապա մեղավոր ժպտաց. «Դու կսպասե՞ս մի երկու օր»:

Նելսոնը համաձայնեց: Նա խղճի խայթի նման մի բան էր զգում իր երեկվա երջանկության համար, որի դիմաց վճարված էր Խանեի ցավով:

- Քեզ բոլորովին դուր չեկա՞վ,- ուզեց հարցնել նա, բայց որոշեց, որ ավելի ուշ կհարցնի:

Նա վեր կացավ անկողնուց՝ դիտավորյալ լայն բացելով վերմակը եւ ձեւացնելով, թե բոլորովին էլ չի նայում ներքեւ: Եվ, այնուամենանիվ, նկատեց մուգ կարմիր արյան հետքը սավանի վրա:

Երբ Նելսը մտավ խոհանոց, մայրը նախաճաշ էր պատրաստում: Նա գլուխը բարձրացրեց գազօջախից եւ նայեց որդուն: Նելսոնը թեթեւակի գլխով արեց, եւ ժպիտ անցավ մոր դեմքով:

2. Որոշվում է հարսանիքի օրը

Մեկ ամիս առաջ

- Ես ամուսնանում եմ,- ասաց Խանեն:
- Եվ ո՞վ է երջանիկը,- հարցրեց ընկերուհին:
- Իհարկե, Նելսոնը:
- Նելսոնը...,- ձգեց ընկերը,- չէի սպասում քեզանից:
Խանեն ծիծաղեց.
- Ինչու՞ ոչ: Ես ինքս էլ չեմ հավատում, բայց կարծես սիրում եմ նրան:
- Դու միշտ տարօրինակ ես եղել,- ժպտաց ընկերը:
- Իսկ լավ դաստիարակության մասին խոսել սիրող խիստ բարոյական տիկի՞նը: Նա քո դաստիարակությունը բավարա՞ր է համարում իր ընտանիքի համար,- հարցրեց ընկերուհին։

Խանեի ապագա սկեսուրը նրա ընկերների կատակների անվերջ թեման էր: Խանեն հոգոց հանեց. ինքն էր սկիզբ դրել նրանց սրամտությանը՝ անընդհատ նմանակելով հավերժ բարոյականության դասախոսություններ կարդացող ու «այն ժամանակների» կարոտով ապրող կնոջը:

Խանեի սկեսուրն «այն, իր ժամանակներում» դասավանդում էր համալսարանում: Արագ ընթացող ժամանակը չէր դիպչել ոչ միայն նրա խնամված արտաքինին, այլեւ ոչ պակաս խմնամված գիտակցությանը: Նա դեռ ապրում էր այն չափողականության մեջ, երբ երիտասարդները հարգում էին մեծերին, դասախոսներն ուսանողների համար գրեթե աստծո առաքյալներն էին, որոնք իրենց գիտելիք էին բերում ի վերուստ: Երբ երկրում կարգուկանոն էր, գործազրկություն չկար...

Իսկ հիմա՞: Սանձարձակություն: Անօրինություն: Ամենուր ժողովրդավարություն, ազատություն, հավասարություն: Ծնողներն իրավունք չունեն նկատողություն անել իրենց երեխաներին, չէ՞ որ նրանք դատի էլ կարող են տալ: «Դե, Հայաստանում դեռ գործը դրան չի հասել, բայց այդ օրը շուտով կգա»,- մռայլ կանխատեսում էր նա:

Իսկ ի՜նչ բարոյալքված է այժմյան երիտասարդությունը: Հեգնում են մեծերին, խմում, ծխում են տասը տարեկանից, գիշերները թափառում են աստված գիտե որտեղ, դիտում են սարսափելի, անպարկեշտ կինոնկարներ:

Իսկ երիտասարդ աղջիկնե՞րը: Նրանք մոռացել են, որ իրենց կոչումը մայրությունն ու ընտանիքն է: Ոչ ոք չի ցանկանում ամուսնանալ, երեխա ունենալ՝ միայն մարմինը փչացնել, տասներեք տարեկանից քարշ են գալիս տղաների հետ, այ իր հարեւանուհին տասնհինգ տարեկան է, բայց արդեն հակաբեղմնավորիչ հաբեր է ընդունում...

Չէ, իմ ժամանակ...

Սովետական Միության ժամանակների մասին Խանեն պահպանել էր աղոտ հուշեր միայն: Նա տասը տարեկան էր, երբ Միությունը փլուզվեց: Սակայն ամեն անգամ «անպարկեշտ ֆիլմերի» մասին լսելով, որոնք բացակայում էին պարկեշտ Սովետական Միությունում, Խանեն հիշում էր իր «անբասիր սովետական մանկությունը»:

Մուգ կանաչ, ընդարձակ ավտոտնակ, չնայած դրա տերը` Խանեի հարեւանը, չունի մեքենա: Մուտքն ավտոտնակ խստիվ արգելված է բոլորին` տղամարդկանց մի ընտրված խմբից բացի:

Շաբաթը մեկ անգամ պարկեշտ սովետական տղամարդիկ հավաքվում էին այնտեղ ու դիտում էժանագին պոռնոֆիլմ: Հետո տան ամենամութ անկյունում թաքցրած այդ տեսաերիզը գտնում էր տանտիրոջ կինը: Հիմա արդեն կանայք էին հավաքվում տեսամագնիտոֆոն ունեցող հարեւանուհու տանը եւ վայելում ռեժիսորի էրոտիկ երեւակայության պտուղներն իրենց մտերմիկ շրջանում: Իսկ հետո սկսվում էր ամենազավեշտալին: Այդ նույն հարեւանի տղան՝ ութամյա Խանեի տասնամյա ընկերը, պեղում էր տեսաերիզը, եւ ֆիլմը դիտում էին փոքրահասակ պարկեշտ սովետական երեխաները:

Ուրիշ բաներ էլ կային: Սակայն Խանեն այսօրվա երիտասարդության բարոյականության թեմայի շուրջ երբեք չէր վիճում ապագա սկեսրոջ հետ: Նախ` նրա համար, որ պետք է դաստիարակված աղջիկ լիներ: Երկրորդ` վախենում էր, որ իր փեսացուի մայրը կմտածի, թե Խանեն ինքն իրեն է պաշտպանում: Իսկ վախի համար հիմքեր Խանեն ուներ...

- Ահ, հա,- ընդհատեց Խանեն սեփական մտքերի եւ ընկերների կատակների հոսքը, - ես դրա համար չեմ ձեզ այստեղ կանչել:
Նա մի կում արեց գինով բաժակից եւ ասաց՝ հայացքը սեւեռելով առաստաղին:
- Իմ հարսանիքը մեկ ամսից է` հունիսին: Նելսը պահանջել է ստույգ օրը որոշել: Իսկ ես չգիտեմ՝ ինչ անել, որովհետեւ... որովհետեւ...
- Կարճ ասած,- Խանեն հոգոց հանեց,- ես կույս չեմ, բայց Նելսը չպետք է իմանա այդ մասին: Լռություն:
- Չէ հա, - ասաց ընկերը,- էդ ե՞րբ հասցրեցիր. դու կամ մեզ հետ ես, կամ վազվզում ես նկարիչներիդ արվեստանոցներում:
- Ահա որտեղ է թաղված շան գլուխը,- արտիստիկ բացականչեց ընկերուհին:- Հիշու՞մ ես այն տղային Հայկական գծանկարի ցուցահանդեսից: Խանեն դրանից հետո կորավ մի երկու շաբաթով: 
- Դու նրա հետ քնե՞լ ես,- ընկերը կլորացրեց աչքերը:- Ինչպե՞ս դա ստացվեց:
- Ինչպես բոլորի մոտ: Նա առաջարկեց, ես համաձայնեցի,- հոգնած ձայնով պատասխանեց Խանեն: Նա այնքան էլ տրամադրված չէր խոսել այդ թեմայով: Ինչ եղել, եղել է: Ու անցել:

Խանեն կուսությունից զրկվել էր բավականին պրոզայիկ եւ ոչ ռոմանտիկ ձեւով: Նրանք հանդիպում էին, համակրում միմյանց. ոչ մի պարտավորվածություն՝ կլինենք միասին, մինչեւ ձանձրանանք:

Խանեն տասնինը տարեկան էր, եւ դա հետաքրքիր էր: Նրանք նստեցին մարդկանցով լեփ-լեցուն տոթ երթուղայինը ու գնացին տղայի տուն, անցան նրա կեղտոտ, չհավաքված սենյակը, եւ այնտեղ Խանեն «պատվազրկվեց»:

Ցավոտ չէր, հաճելի չէր. նա ոչինչ չզգաց:

- Եվ ինչու՞ են մարդիկ այսքան մեծ նշանակություն տալիս սեքսին: Սովորական բան է,- ասաց նա իր ընկերոջը՝ վառելով ծխախոտը: Մինչեւ Նելսի հետ ծանոթանալը նա ծխում էր:
- Երեւի որովհետեւ դու չես սիրում ինձ,- գործնական նկատեց ընկերը՝ կոճկելով տաբատը:- Կնոջ համար դա շատ կարեւոր է: Միշտ սիրով զբաղվիր այն տղամարդու հետ, ում սիրում ես: Մի հուսահատվիր. դու դեռ կգտնես քո արքայազնին:

Նա վատ մարդ չէր, բայց նրանք չմնացին ընկերներ:

Չէր ցավում: Մի քանի օր կորստի սարսափելի զգացողություն կար: Մի քիչ անհարմար էր, բայց շուտ ընտելացավ: Երեւի նա ճիշտ էր, Խանեն չէր սիրում նրան:

Իսկ հայի համար անսովոր Նելսոն անունով իր փեսային Խանեն համարում էր հենց այն արքայազնը, ում գուշակել էր իր այժմյան տանջանքների մեղավորը:

Եվ երազում էր ամուսնանալ նրա հետ, երեխաներ ունենալ նրանից: Սիրով զբաղվել նրա հետ: Վերջինի մասին նա չէր համարձակվի նույնիսկ երազել Նելսի ներկայությամբ: Նրանք միասին էին արդեն մի քանի ամիս, իսկ Նելսը մինչեւ հիմա նույնիսկ երբեք չի համբուրել իրեն ոնց որ պետքն է: Ամեն ինչ կլինի, բայց հարսանիքից հետո:

Նա լավ էր վաստակում, եւ նրանք ժամանակն անցկացնում էին ռեստորաններում, համերգասրահներում, կինոդահլիճներում, նրա ընկերների հետ հանդիպումներում: Նա լավ էր երգում, եւ իրենք հաճախ էին գնում «Կարաոկե» բար: Խանեն լավ էր պարում, բայց նրանք երբեք չէին գնում դիսկոտեկներ, որտեղ «քրտնքի եւ մերկ փորերի գարշահոտ է փչում», ինչպես ասում էր Նելսը:

Առհասարակ, Նելսը հազվադեպ էր հարցնում Խանեին, թե նա ինչ է ուզում. նա Խանեին արքայադստեր պես է վերաբերվում, էլ ի՞նչ հարցնի:

«Հետաքրքիր է,- հաճախ մտածում էր Խանեն,- եթե նա փող չունենար, ինչպե՞ս կլրացնեին իրենք անվերջ ժամանակը երկուսով. միգուցե սիրո՞վ կզբաղվեին...»:

- Դե ինչ,- ասաց Խանեն,- շարժեք ձեր խելացի ուղեղները:
Մեկը մյուսից անհեթեթ մտքեր «տեղացին» այդ ուղեղներից։ 
- Ասա, որ հեծանիվ շատ ես քշել փոքր ժամանակ, եւ այն պատռվել է:
- Չի անցնի: Նրանք կհարցնեն մորս: Դու ինչ է, իմ մա՞հն ես ցանկանում:
- Ասա, որ խորն է, դրա համար էլ չի պատռվում: Այդպես լինում է:
- Դու չգիտես նրան: Նա ինձ քարշ կտա բժշկի մոտ:
- Թաղանթը վերականգնելու պլաստիկ վիրահատություն արա:
- Փող չունեմ: Հո ծնողներիցս չե՞մ խնդրելու:
- Մտածեցի: Ասա, որ փոքր ժամանակ պահմտոցի էիր խաղում, թաքնվել էիր պահարանում, քեզ մոռացել էին, դու մի քանի ժամ այնտեղ անցկացրեցիր: Պահարանն էլ հին էր, ու ցեցը կերավ թաղանթդ:
Ծիծաղի պոռթկում:
- Հիմար: Ի՞նչ է, չե՞ս հասկանում, թե որքան լուրջ է:
- Չէ: Ինձ համար կարեւոր չէ՝ ապագա կինս կու՞յս է լինելու, թե՝ ոչ:
- Ամսական,- բացականչեց ընկերուհին:
- Դա ի՞նչ կապ ունի: 
- Ե՞րբ ես ունենալու ամսական հունիսին:
- Մոտավորապես քսաներկուսին,- մտածելուց հետո ասաց Խանեն:- Բայց ի՞նչ կապ...
- Ո՞րն է խնդիրը, որ նա արյու՞ն տեսնի: Դե եթե առաջին գիշերը դու ամսական ունենաս...

Խանեն լայն բացեց բերանը. որքա՜ն պարզ է: Չնայած Նելսն իրեն դասական Դոն Ժուանի պես է պահում, բայց ակնհայտ է, որ նա ընդհանրապես փորձ չունի կանանց հետ, այնպես որ ոչինչ էլ չի տարբերի: 
- Ես քեզ սիրում եմ, դու հանճար ես,- ճչաց նա:
- Ապահովության համար նշանակիր քսանչորսին,- ասաց ընկերուհին:

Եվ մինչ Խանեն վազում էր դեպի հեռախոսը, որ հենց հիմա, առանց հետաձգելու փեսացուին հայտնի հարսանիքի օրը, նրա ականջներում քաղցր հնչում էր Մենդելսոնի քայլերգը, ճակատը մի քիչ փայլում էր մեռոնից, իսկ ետեւից վազում էին Սեւ ծովի հսկայական ալիքները...

Լուսանկարը՝ Աննա Մարտիրոսյանի՝ Ատուտայի «Կարմիր խնձոր» շարքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter