
Փաշինյանը` Շարմազանովին. «Արան դու ես, մեկ էլ շեֆդ»
Ազգային ժողովի այս տարվա քառօրյա նիստերի վերջին օրն սկսվեց սկանդալային դրվագով: Քվեարկության էր դրվել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման վերաբերյալ որոշման նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցությանղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ձայն խնդրեց` դիմելով ԱԺ մեծամասնությանը: Լ. Զուրաբյանը նշեց, որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է,ապա կոչ արեց միասին պայքարել կոռուպցիայի դեմ:
«Այն, ինչ ներկայացրել ենք, առաջարկություն է ձեր նշանակությամբ կառավարությանը և դատախազին: Եթե դուք դա չեք անում, ուրեմն, դառնում եք կոռուպցիայի գլխավոր պաշտպան»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը: Նրա խոսքից հետո վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ասելով, որ իրենք դեմ են քվեարկելու այդ նախագծին: «Եթե դուք խնդիր ունեք, դուք էլ լուծեք, մենք լավ բանաձևեր ունենք, մենք դեմ ենք քվեարկելու, անհեթեթություներին չենք կարող իրավական տեսք տալ»,- նշեց Գ. Սահակյանը:
Այնուհետ նախագծի մասին իր դիրքորոշումը հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում խոսքի կեսից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց անջատել Էդ. Շարմազանովի խոսափողը` ասելով, թե ինչու են խախտում կանոնակարգը և ձայն տալիս Էդ. Շարմազանովին, ով բովանդակային քննարկում է ծավալում: Պատգամավորի դիտարկումը վերաբերում էր երեկ տեղի ուենցած միջադեպին, երբ իրեն թույլ չէին տվել վարման կարգով խոսք ասել` պատճառաբանելով, թե բովանդակային քննարկում է ծավալում: Ապա ընդդիմադիր պատգամավորը դիմեց ԱԺ նիստը նախագահող Հերմին Նաղդալյանին` նրանից պահանջելով անջատել խոսափողը, ինչպես դա արեցին իր դեպքում երեկ:
Իսկ Շարմազանովը շարունակում էր խոսել, ով բարձրախոսից հեռու Ն. Փաշինյանին դիմեց «արա»-ով: «Արան դու ես, մեկ էլ շեֆդ»,- հակադարձեց Ն. Փաշինյանը: Իսկ Հ. Նաղդալյանն անմիջապես անցավ Շարմազանովի պաշտպանությանը` ասելով, թե այդ կանոնակարգը չի վերաբերում պատգամավորներին: Մինչդեռ Ն. Փաշինյանը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` բոլորն ունեն վարման կարգով խոսելու իրավունք:
Ինչևէ, նախագիծը դրվեց քվեարկության եւ 10 կողմ, 62 դեմ և 0 ձեռնպահ ձայներով մերժվեց:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել