
Երիցյանը` քաղաքացիներին «ռոլիկներով» իրազեկելու մասին
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, որ եթե մինչև հունվարի 1-ը չենք ընտրում կուտակային հիմանդրամներին, համակարգը միանգամից ընտրելու է: Նրա խոսքով` օրենքն ուժի մեջ դեռ չի մտել, չի գործում, բայց հիմնադրամներն ընտրելու ժամկետը լրանում է:
«Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած բոլոր մասնակիցների կամ նրանց մի մասի համար սահմանում է կառավարիչների միջև բաշխման կարգ: Եթե դա անհրաժեշտ է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի և կամ ֆինանսական համակարգի կայունացման համար, կասե՞ք, թե սա ինչ է նշանակում: Այո, կարող է այդ բաշխման կարգն արդեն սահմանվել է, բայց ժողովուրդը մտածում է, որ դա այդպես էլ ուժի մեջ չի մտնելու: Ազնվությամբ»,- ասաց Է. Մարուքյանը:
Այնուհետ նա հետաքրքրվեց նաև մարդկանց իրազեկելու մասին, որպես օրինակ նշելով, որ մարդ կա՝ ոչ ինտերնետ ունի, ոչ հեռուստացույց է նայում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է իրազեկեն նրան: «Ես ոնց հասկանում եմ, իրենց փոխարեն համակարգն ընտրելու է»,- ավելացրեց նա:
Ն. Երիցյանի խոսքով` խոսքը իրազեկման հետևանքների մասին է, և երկրորդ ծանուցումն ուղարկելուց հետո մարդիկ հնարավորություն կունենան որոշել` ուզում են ընտրություն կատարել, թե ոչ: Ինչ վերաբերում է ֆոնդերն ընտրելու իրազեկմանը կամ խորհրդատվություն տալուն, նա նշեց, որ խորհրդատվությունն արգելված է:
«Որևիցե մեկն իրավունք չունի ձեզ խորհրդատվություն տալ, դուք ինքներդ եք որոշում: Ակտիվի կառավարիչն էլ չի իմանալու, թե ում ակտիվն է կառավարում: Այս համակարգի առանձնահատկությունը դա է: Իսկ համակարգը դիզայն է արվել այնպես, որ եթե մարդն ինչ-ինչ պատճառներով չի կողմնորոշվում և այլն, ապա ավտոմատ… Ես էլ, ինքս 40-ից բարձր եմ, մասնակցելու եմ կամավորության սկզբունքով, պարտադիր է դառնում ինձ համար, ակտիվների կառավարիչները նույն կալիբրի են, նույն սակագներն են առաջարկելու: Սա բանակցել ենք: Ցածր սակագներ են առաջարկել միջազգային համադրումներով: Ինքս ավտոմատ մասնակցելու եմ, հետո կտեսնենք, թե ինչ կատարողական են ցույց տալիս,- ասաց Ն. Երիցյանը, ապա ավելացրեց,- իմ գնահատականն այդպիսին է, բայց ձեր գնահատականը կարող է տարբեր լինել: Միակ տարբերությունն այն է, որ դուք կարող է ավելի ռիսկային մարդ եք, քան ես: Եթե դուք ռիսկային որոշում եք ուզում կայացնել, միգուցե արժե այդպես անել, կամ ավելի քիչ ռիսկ եք ուզում վերցնել: Այդ բացատրությունը մենք մամուլով էլ ենք տալիս, ռոլիկներով էլ ենք տալիս, տարբեր ֆորումներով բացատրում ենք»:
Մեկնաբանել