
Սերոբ Տեր-Պողոսյանը «կոկիկ հագնված, բարձր տրամադրությամբ դատական դահլիճում նստած է»
Սերոբ Տեր -Պողոսյանի գործով հուլիսի 21-ին՝ ժամը 12-ին նշանակված դատական նիստը սկսվեց 1 ժամ ուշացումով: Դատավոր Մուշեղ Հարությունյանը հայտնեց, որ դատական նիստը մեկ ժամ հետաձգվում է Երևանից եկող մեղադրական կողմի ուշանալու պատճառով:
Մինչև դատական նիստի սկսվելը դատարանի սպասասրահում կանգնած էր զինվորական համազգեստով երկու տուժող: Սպասողների մեջ էին նաև տուժողների մայրեր:
Դատարանի սպասասրահում կարճ ժամանակով հայտնվեց նաև «Մեթըլ Փրինս» ընկերության ընդհանուր հարցերի գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը:
Դատական նիստի առաջին ընդմիջմանը մեղադրող Հովսեփ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ դատավարությունը արդեն սկսված է, հրապարակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, սկսվել է դատաքննությունը, որն արդեն մտել է ապացույցների հետազոտման փուլ:
Դատարանի որոշմամբ սահմանվել է հետազոտման կարգը. սկզբում հետազոտվելու նպատակով դատաքննության մասնակիցները կդիտեն քրեական գործին կցված տեսանյութերը, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչված: Ըստ Հովսեփ Սարգսյանի՝ դատավոր Մուշեղ Հարությունյանը դատական նիստը ընդմիջել է՝ տեսանյութերը նայելու համար պահանջված տեխնիկան դատական դահլիճում տեղադրելու նպատակով:
Հովսեփ Սարգսյանն ասաց, որ արագացված դատավարության վերաբերյալ դատարանում միջնորդություն չի եղել: «Եթե նույնիսկ նման միջնորդություն էլ լիներ, դատավոր կմերժեր այդ միջնորդությունը, որովհետև դա օրենքով նախատեսված չէ: Առանձնապես ծանր հանցագործության դեպքում չէր կարող այդպիսի միջնորդություն լինել»,- ասաց մեղադրողը:
Լրագրողներին հետաքրքրեց նաև դատական նիստերի ընթացքում Սերոբ Տեր-Պողոսյանի պահվածքը: «Շատ նորմալ վիճակում է. համենայնդեպս, ես այդպիսի տպավորություն ունեմ: Արտաքին տեսքից ճնշվածություն չեմ նկատում: Կոկիկ հագնված է, բարձր տրամադրությամբ դատական դահլիճում նստած է: Հոգեբանորեն ընկճված մարդու տրամադրություն չկա նրա մոտ»,- ասաց Հովսեփ Սարգսյանը: Վերջինս նաև հայտնեց, որ տեսանյութերը նայելուց հետ դատարանը կանցնի տուժողների հարցաքննությանը:
Դատական նիստը ավարտվեց ժամը 18:00-ին: Դատական նիստի ավարտին մեղադրող Հովսեփ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը հետազոտել է տեսանյութերի որոշ մասը է և հարցաքննել է մեկ տուժողի:
Ըստ Հ. Սարգսյանի՝ տուժողը պատմել այն, ինչ եղել է իր և Սերոբ Տեր-Պողոսյանի միջև: Տեսանյութերում երևում են գործող անձինք: «Տեսնյութի տուժողները, իհարկե, ներկա էին դատաքննությանը: Տեսանյութերում տուժողներն էլ կային, կար նաև ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանը»,- ասաց Հ. Սարգսյանը:
Մեղադրողը նաև ասաց, որ մեղադրական կողմը ավելի քան համոզված է, որ գործով դատարան բերված ապացույցները հիմնավոր են, և մեղադրանքը կհիմնավորվի դատաքննության ընթացքում, «ինչին ականատես եղանք այսօր դատարանում, և դա շարունակական ընթացք է ունենալու հետագայում»:
Դատական նիստի ընդմիջմանը «Հետքը» զրուցեց նաև Սերոբ Տեր-Պողոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հետ: «Քրեական օրենքով արգելված ամեն արարք էլ հասարակությունը չի ընդունում: Հիմա այդ տարբերություն դնելը իմ կարծիքով, եթե մենք ուզում ենք իրավական պետություն դառնալ, ճիշտ չի լինի ասել այս հոդվածներով մեղադրվող մարդկանց կարելի է պաշտպանել, մյուսներին ոչ: Քանի որ նիստը դռնփակ է գնում պաշտպանական տակտիկայի նպատակահարմարությունից ելնելով, այսօր որևէ բան չենք կարող ասել, ինչ ենք անելու: Ուղղակի մենք իրավական օգնություն ենք ցույց տալու»,- ասաց պաշտպանը:
Նա իր առաջ խնդիր չէր դրել դատարանում հասնել Սերոբի Տեր-Պողոսյանի արդարացմանը: «Դուք այդպիսի խնդիր եք դնում իմ առաջ: Պաշտպանի խնդիրը անձին իրավաբանական օգնություն ցույց տալն է»,- կրկնեց պաշտպանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ ժամը 12:00-ին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել