HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն օսմանյան վարչական համակարգում

Արտաքին գործոց նախարարություն

Հայի վարչական կարողություններն ի հայտ եկան գլխավորապես Արտաքին գործոց նախարարությունում: Առաջին հայը, որ աչքի էր ընկել դիվանագիտական ասպարեզում, Միրզայան Մանուկ բեյն էր (1769-1817): Նա օսմանյան դանուբյան զորքի հրամանատար, իսկ հետագայում` մեծ եպարքոս Մուստաֆա փաշա Բայրաքդարի խորհրդականն էր: 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բայրաքդարը նրան էր լիազորել հաշտության բանակցություններ վարել ռուսների հետ: Այս մեծ դիվանագետի եռանդուն ջանքերի շնորհիվ են կայացել ռուս-թուրքական հաշտության բանակցությունները, որի արդյունքում 1812-ին կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, որով եւ ձախողվել են այս երկու պետություններին պատերազմի մեջ ներքաշելու` Նապոլեոն Բոնապարտի ծրագրերը: Օսմանյան տերությանը մատուցած ծառայությունների համար Միրզայան Մանուկ բեյը սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի տիտղոսը եւ նշանակվել պալատի դրագոմանի (դիվանագիտական թարգման՝ արտաքին գործոց նախարարի օգնականի մակարդակով) պաշտոնում:

Որպես խորհրդականներ՝ հայերն աջակցեցին թուրք դիվանագետներին: Այպես, օրինակ, 19-րդ դարի թուրք պետական խոշոր դեմքերից մեկին՝ օսմանյան բարենորոգումների հռչակագրի՝ Թանզիմաթի հեղինակ Ռեշիդ փաշային, իր դիվանագիտական գործունեության ողջ ընթացքում, որպես խորհրդական ուղեկից եղավ Հակոբ Կրճիկյանը (1806-1865): Ուսման նպատակով 1835-ին Ռեշիդ փաշայի հետ նա մեկնել էր Փարիզ եւ հետեւել Սորբոնի համալսարանի դասընթացներին: Այստեղ նա, միեւնույն ժամանակ, ստանձնել է փաշայի թարգմանի պաշտոնը: Այնուհետեւ Հակոբ Կրճիկյանը, նշանակվելով Փարիզում օսմանյան դեսպանատան Բ. թարգմանի պաշտոնում, զորավիգ է եղել Ռեշիդ փաշային՝ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում: 1839-ին, երբ Ռեշիդ փաշան նշանակվեց Լոնդոնում Օսմանյան կայսրության դեսպան, Հակոբ Կրճիկյանին իր հետ տարավ որպես դեսպանատան Ա. թարգման: Իսկ երբ Ռեշիդ փաշան կանչվեց Կ.Պոլիս` մեծ եպարքոսի պաշտոնը զբաղեցնելու, Կրճիկյանը որպես կցորդ մնաց դեսպանատան գործերը վարելու համար: Ռեշիդ փաշայի` Արտաքին գործոց նախարարի պաշտոնավարման տարիներին Հակոբ Կրճիկյանը նրա խորհրդականն էր եւ թարգմանը: Այս պաշտոններով նա ընկերակցեց փաշային, երբ նա 1841-ին Փարիզում կրկին ստանձնեց դեսպանի պարտականությունները: 1846 թ., երբ Ռեշիդ փաշան ստանձնեց Օսմանյան պետության կառավարության ղեկը, Կրճիկյանը նորից նրա խորհրդականն ու թարգմանը եղավ՝ փաշայի նախաձեռնած բարենորոգչական ձեռնարկներում կարեւոր դեր կատարելով: Արշակ Ալպոյաճյանը գտնում էր, որ Հակոբ Կրճիկյանը եվրոպական զարգացմամբ առաջին օսմանյան պաշտոնյան էր: Ու թեեւ Ռեշիդ փաշան է հայտնի որպես Թանզիմաթի հեղինակ, սակայն դրա ստեղծմանը իր մեծ մասնակցությունն է բերել Հակոբ Կրճիկյանը: Նա Փարիզի Օսմանյան դեսպանատան խորհրդականի պաշտոնը վարել է Ռեշիդ փաշային որդու՝ Մեհմեդ Ճեմիլ բեյի դեսպանության օրոք նույնպես:

Հակառակ իր բազմազբաղ վիճակին՝ Հակոբ Կրճիկյանը մասնակցել է ազգային գործերին: Առաջադեմ երիտասարդների՝ Սերովբե Վիչենյանի, Նահապետ Ռուսինյանի, Նիկողոս Պալյանի եւ այլոց հետ պայքարել է Կ.Պոլսո ամիրաների կամայականությունների դեմ: 1847-ին կարողացել է Հոգեւոր եւ Գերագույն Ժողովների հաստատման համար սուլթանական արտոնություն ձեռք բերել: 1847 թ., 1849 թ. եւ 1851 թ. ընտրվել է Գերագույն ժողովի անդամ եւ ազգային երեսփոխան:

Մեկ այլ թուրք պետական հայտնի գործչի՝ Միդհատ փաշայի խորհրդական Գրիգոր Օտյանը (1816-1873) նրան աջակցել է թե՛ Օսմանյան սահմանադրության ստեղծան եւ թե՛ նրա դիվանագիտական գործունեության ընթացքում: Գրիգոր Օտյանը 1860-ից վարել է Արտաքին գործոց նախարարության քարտուղարի պաշտոնը, հետագայում գլխավորել այդ գերատեսչության օտար թղթակցության դիվանի աշխատանքները, իսկ 1869-ին՝ նշանակվել Արտաքին գործոց նախարարության դիվանապետ:

Արտաքին գործոց նախարարության կազմավորման գործում մեծ դերակատարություն է ունեցել Սահակ Ապրոն (1823-1900): Երկար տարիներ կարեւոր պաշտոններ է վարել այս գերատեսչության տարբեր դիվաններում՝ ստանձնելով թարգմանի, քարտուղարի, արտաքին թղթակցության տնօրենի, դիվանապետի պաշտոնները:

Անդամակցել է նաեւ տարբեր դիվանագիտական պատվիրակությունների եւ հանձնաժողովների:

Հարություն Տատյանը (1830-1901) որպես պետական գործիչ, հմուտ դիվանագետ եւ բեղուն ազգային գործիչ՝ բացառիկ դեմք է 19-րդ դարի հայոց պատմության մեջ: Շուրջ 50 տարի պետական տարբեր պատասխանատու պաշտոններում օսմանյան տերությանը ծառայեց Հարություն փաշա Տատյանը: Նա հայտնի հայ բարեգործ եւ Օսմանյան կայսրության վառոդապետ Հովհաննես բեյ Տատյանի որդին է: Նախնական կրթությունը ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ, իսկ այնուհետեւ ուսանել Սորբոնի համալսարանում: Կ.Պոլիս վերադառնալով` աշխատանքի է անցել Արտաքին գործոց նախարարության օտար թղթակցության դիվանում: Քարտուղարի պաշտոնով դիվանագիտական տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս ուղարկվել է արտասահման կամ գավառներ: 1857-ին եղել է Մոլտո-Վալաքիայի իշխանապետության կարգադիր միջազգային հանձնախմբի անդամ: 1862 թ. հատուկ պատվիրակության կազմում մեկնել է Օդեսա՝ ողջունելու Ռուսաց Ալեքսանդր Բ. ցարին: 1865-ին նշանակվում է Փարիզի Օսմանյան դեսպանատան քարտուղար եւ գործերի կառավարիչ: 1868-ին անդամակցում է Պետական խորհրդին: 1871-ին դառնում է պետական արժեթղթերի վարչական տնօրեն ու անտառների եւ հանքերի վերատեսուչ: 1873-ին նշանակվում է Ֆինանսների փոխնախարարի պաշտոնում:

1875-ին Հարություն Տատյանը ստանձնում է Արտաքին գործոց փոխնախարարի պաշտոնը, որը վարում է մինչեւ կյանքի վերջը: Այս պաշտոնավարությունը նրա վարչական գործունեության ամենաարդյունավետ շրջանը եղավ: 1882-ին մասնակցել է Հունաստանի սահմանների հարցը քննող դեսպանաժողովին: Թեեւ երկար տարիներ եղել է Արտաքին գործոց փոխնախարար, սակայն իրականում այս գերատեսչության գործերը վարել է Հարություն փաշա Տատյանը: Երբ մի կարճ ժամանակահատված գյավուր փոխնախարարը ազատված էր պաշտոնից, նախարարությունից ուղարկված դիվանագիտական բոլոր գրությունները ետ էին գալիս` որպես խրթին եւ անհասկանալի, քանզի երկար տարիներ Հարություն փաշա Տատյանն էր կազմում կամ խմբագրում միջազգային դաշնագրերը, դիվանագիտական հանձնախմբերի եւ խորհրդակցությունների փաստաթղթերը: Նա արտաքին գործոց նախարարությունում եւ օտար երկրներում պաշտոնավարող շատ դիվանագետների ուսուցիչն էր: Եվրոպայի դիվանագիտական շրջանակներում Տատյանի վայելած հեղինակության մասին են վկայում 32 երկրների կառավարությունների կողմից նրան շնորհված պատվանշանները: Զբաղեցրած բոլոր պաշտոններում Հարություն փաշան իրեն դրսեւորել է որպես հմուտ վարչագետ եւ դիվանագետ: Իր ազգային ծագմամբ հպարտ կեցվածքով եւ արժանապատիվ պահվածքով հարգանք է առաջացրել թուրք պաշտոնատարների մոտ: Նրանք պատկառանք էին զգում Հարություն Տատյանի նկատմամբ, խոնարհվում էին նրա մտքի մեծ կարողությունների առջեւ: Որպես պետական պաշտոնյա, կարող դիվանագետ եւ հեղինակավոր անձնավորություն՝ կարողացել է իր բարձր դիրքի շնորհիվ ազգի եւ կառավարության միջեւ ծագած կնճիռները հարթել հեռատես աչալրջությամբ եւ խոհեմությամբ:

Օսմանյան կայսրության արտաքին գործոց փոխնախարարի պաշտոնը վարել են նաեւ Հովհաննես փաշա Գույումճյանը եւ Մանուկ Ազարյանը, ովքեր դիվանագետի կարողություններով աչքի էին ընկել հյուպատոսական պաշտոններում:

Հայ դիվանագետներից ամենաբարձր դիրքի` արտաքին գործոց նախարարի պաշտոնին է հասել Գաբրիել Նորատունկյանը (1852-1936): Նախնական կրթությունը ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում: Փարիզի Իրավագիտական համալսարանը ավարտելուց հետո, 1875-ին վերադառնում է Կ.Պոլիս եւ արտաքին գործերի նախարար Ռեշիդ փաշայի հանձնարարությամբ՝ քարտուղարի պաշտոնում զբաղվում Արտաքին գործերի նախարարության իրավագիտական գործերի կարգավորման աշխատանքներով: Կարճ ժամանակահատվածում Գաբրիել Նորատունկյանը ցուցադրում է օրենսգետի եւ դիվանագետի իր կարողությունները: Տարբեր ժամանակներում պատասխանատու պաշտոններ է վարել այս գերատեսչությունում եւ հաջողությամբ լուծել զանազան դժվարին եւ կնճռոտ խնդիրներ: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, որպես առաջին քարտուղար մասնակցել է ռուս-թուրքական սահմանագիծը որոշող միջազգային հանձնաժողովի աշխատանքներին: 1883-ին ստանձնում է Բարձրագույն դռան իրավագետ-խորհրդականի պաշտոնը: 1908 թ. Օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո դարձել է Հանրային կառույցների նախարար եւ իր պաշտոնավարության ընթացքում իրականացրել օգտաշատ գործունեություն: Որպես օսմանյան պատվիրակ՝ մասնակցել է Լահեի (Հաագա) միջազգային ժողովին: Բալկանյան պատերազմի նախօրեին` 1912 թ., Գաբրիել Նորատունկյանը ստանձնում է արտաքին գործոց նախարարի պաշտոնը: Այդ թվականներին օսմանյան պետությունը շատ ծանր տագնապներ է անցկացրել: Նորատունկյանը ցուցաբերել է դիվանագիտական նրբություն եւ ամեն ջանք գործադրել երկիրը սպառնացող վտանգներից փրկելու համար: Որպես օրենսգետ՝ միջազգային համբավ է ունեցել: Ֆրանսերեն լեզվով հրատարակել է օսմանյան տերության սկզբնավորման շրջանից կայսրության` օտար պետությունների հետ կնքած միջազգային դաշնագրերի քառահատոր “Recueil dգactes internationaux de IգEmpire Ottoman” հավաքածուն: Կոթողային այս աշխատությունը Գաբրիել Նորատունկյանին ճանաչում է բերել Եվրոպայի գիտական շրջանակներում` նրան դարձնելով ֆրանսիական եւ գերմանական մի շարք գիտական ընկերությունների անդամ: Պետական բարձր պաշտոնյա, նախարար, ծերակուտական լինելով հանդերձ՝ ունեցել է բեղուն ազգային գործունեություն: Որպես անդամ կամ ատենապետ` աշխատել է ազգային տարբեր մարմիններում: Վարել է նաեւ Ազգային ժողովի ատենապետի պաշտոնը: Լոզանի կոնֆերանսում (1922-1923) Պողոս Նուբարի հետ գլխավորել է Ազգային պատվիրակությունը:

Հայերը մեծ մասնակցություն են ունեցել Արտաքին գործոց նախարարության արդիականացման եւ եվրոպականացման գործում: Այս գերատեսչության հիմնադրման առաջին շրջանից հայերը ստվար թիվ էին կազմում թղթակցության եւ թարգմանական դիվաններում: Այս դիվանների առաջին վարիչներն են եղել Սահակ Ապրոն եւ Գրիգոր Մարկոսյանը:

Օսմանյան դիվանագիտության մեջ դեր ստանձնած հայերին անդրադառնալիս պետք է հիշատակել այն դեմքերին, ովքեր դեսպանական եւ հյուպատոսական պաշտոններ վարեցին տարբեր երկրներում: Սարգիս Համամճյանը եղել է օսմանյան դեսպանը Իտալիայում, Տիգրան Ալեքսանյանը՝ Բելգիայում, իսկ Մանուկ Ազարյանը եղել է օսմանյան հյուպատոսը Տուլոնում, Հովսեփ Միսաքը՝ Հաագայում, Միհրան Գարագաշյանը՝ Նիցայում, Հրատ բեյ Տյուզը՝ Մեսինայում, Միհրան Երամը՝ Նեապոլում, Հովսեփ Ազարյանը՝ Մալթայում, Տիգրան Հյունքեարպեյենտյանը՝ Օդեսայում եւ այլն:

Եվրոպայի եւ Ամերիկայի օսմանյան դեսպանատներում հայերը փայլեցին խորհրդականի եւ քարտուղարի պաշտոններում: Նրանք մեծ թիվ էին կազմում, ուստի նրանց անունների թվարկումը մեծ տեղ կարող է զբաղեցնել:

Իրապես, հայերն աստիճանաբար իրենց տիրապետության տակ առան Արտաքին գործոց նախարարությունը: Այդ է վկայում ֆրանսիական «Le Monde» թերթի 1903 թ. մի հրապարակում, ուր ասվում է, որ կայսրության մեջ ամենականոնավոր գործող պաշտոնատունը Արտաքին գործոց նախարարությունն է, որն ամբողջովին գտնվում է հայերի ձեռքում:

Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter