HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն օսմանյան վարչական համակարգում

Նախարարները

Այս հոդվածի սահմանները հնարավորություն չեն տալիս անդրադառնալու բոլոր հայ պետական այն գործիչներին, ովքեր փայլեցին Օսմանյան կայսրության պետական կյանքում եւ Եվրոպայի առջեւ կայսրության պատիվը բարձր պահելով` հայ ազգին բարի համբավ բերեցին: Իրավամբ, բացառիկ տաղանդի տեր ականավոր շատ հայ պետական գործիչների անուններ է պահում հայ-թուրք համակեցության պատմությունը: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին:

Գրիգոր Աղաթոնը (Աղաթոնյան) (1825-1868) իր ծննդավայր Խասգյուղի Ներսեսյան վարժարանում աշակերտելուց հետո, 1840 թ. Մկրտիչ ամիրա Ճեզյիրլյանի միջոցներով ուղարկվում է Փարիզ՝ երկրագործություն ուսանելու:

Փարիզի Կրինյոնի երկրագործական բարձրագույն վարժարանն ավարտելուց հետո, 1847 թ. Կ.Պոլիս վերադառնալով՝ նշանակվում է Այ-Մամայի երկրագործական վարժարանի վերատեսչի պաշտոնում: 1860-ին Գրիգոր Աղաթոնը ընտրվում է Ֆինանսների նախարարության բարձրագույն դիվանի անդամ:

1864-ին օսմանյան հեռագրական բաժինը, իսկ այնուհետեւ` 1866-ին, թղթատարության ընդհանուր տնօրինությունը հանձնվում է Գրիգոր Աղաթոնին:

Նույն թվականին, որպես օսմանյան պատվիրակ՝ մասնակցել է Փարիզի հեռագրական միջազգային հանձնաժողովին: 1867-ին մեծ հաջողությամբ կարողացել է իրականացնել օսմանյան նամակադրոշմների տպագրության խնդիրը:

Գրիգոր Աղաթոնն իր գործունեությամբ նպաստել է նաեւ երկրում երկրագործական նոր գիտելիքների տարածմանը: Կ.Պոլսի պարբերականներում նրա հրապարակումները վերաբերում էին յուրաքանչյուր պետության տնտեսության կյանքում գյուղատնտեսության կարեւորությանը: Նա առաջ էր քաշում Օսմանյան կայսրությունում եվրոպական հողամշակման նորագույն մեթոդների եւ տեխնիկայի կիրառման հարցեր:

Որպես տնտեսագետ՝ Գրիգոր Աղաթոնը Եվրոպայի գիտական շրջանակներում մեծ համբավ է վայելել: 1853-ին ընտրվել է Ֆրանսիայի Պարտիզպանության կայսերական ընկերության անդամ, իսկ 1859-ին դարձել է Տուրինի (Իտալիա) Երկրագործական ակադեմիայի թղթակից-անդամ: Կրում էր ֆրանսիական Պատվո լեգեոնի խաչը:

1868 թ. Աբդուլ Ազիզը Գրիգոր Աղաթոնին նշանակում է հանրային կառույցների նախարար: Օսմանյան պատմության մեջ նա առաջին քրիստոնյան էր, ում վստահվում էր նախարարական պաշտոն: Սակայն վաղաժամ մահը թույլ չի տվել նրան անցնել այդ պաշտոնին:

Գրիգոր Աղաթոնը 19-րդ դարի հայ վերածննդի ամենապայծառ դեմքերից էր: Եղել է Կ.Պոլսի Հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից եւ վարել ատենապետի պաշտոնը:

Անտոն Եավեր փաշա Թընկըրյանը (1812-1908) 58 տարի ծառայել է օսմանյան տերությանը: Ինքնակրթությամբ տիրապետել է ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, թուրքերեն լեզուներին: 24 տարեկանում անցել է պետական ծառայության` աշխատելով Բարձրագույն Դռան Թարգմանչաց դիվանում, այնուհետեւ` Շոգենավերի վարչությունում:

Ղրիմի պատերազմի (1853-1856) ժամանակ եղել է օսմանյան ընդհանուր զորքերի հրամանատար Էոմեր փաշայի քարտուղարը: 1855 թ. ստացել է ռազմա-ծովային նավատորմի գնդապետի (միրալայ) աստիճան: 1855-1856 թթ. Թընկըրյանին է հանձնվել Շոգենավերի ընդհանուր վարչությունը եւ Արքունի նավարանի վերատեսչությունը: 1862 թ. նա արժանանում է միրլիվայի զինվորական կոչմանը:

1864 թ. ստանձնում է Ռազմական նախարարության օտար լեզուների թղթակցության դիվանի տնօրենի պաշտոնը: 1870-1871 թթ. Անտոն Թընկըրյանն անդամակցել է Պետական խորհրդին: 1875-1876 թթ. հասել է Ռումելիի պեյլերպեի (գեներալ-նահանգապետ) աստիճանի: Վարել է նաեւ Օսմանյան նամակատարության եւ հեռագրական նախարարի պաշտոնը եւ կարեւոր բարեկարգություններ մտցրել այս ասպարեզում:

Նկատելի դեր է կատարել այդ նախարարության աշխատանքները բարեփոխելու, եվրոպականացնելու ուղղությամբ: 1881-ին դարձել է քննիչ Հանրային պարտուց վարչության, իսկ 1903 թ.` Ելեւմտական (ֆինանսական) բարձրագույն խորհրդի անդամ:

Անտոն փաշա Թընկըրյանը Օսմանյան կայսրության եւ օտար երկրների կառավարությունների կողմից արժանացել է Մեջիդիեի եւ Օսմանիեի տարբեր կարգի, Պատվո Լեգեոնի, Սուրբ Մավրիկիոսի, Ս. Ղազարի եւ այլ շքանշանների:

Հայտնի ֆինանսիստ Հովհաննես Չամիչը 19-րդ դարի հայ ականավոր պետական գործիչներից է: Տիրապետել է արեւելյան լեզուներին: Այս հանգամանքը դյուրացրել է նրա մուտքը պետական ծառայության ասպարեզ:

1867 թ. նշանակվել է հսկիչ Օսմանյան դրամատան հաշվապահական բաժնի, այնուհետեւ վարել Պետական արժեթղթերի վարչության տնօրենի պաշտոնը, իսկ 1877-ին՝ նշանակվել առեւտրի նախարար: 1878 թ. դարձել է Հանրային շինությանց նախարարության փոխնախարար:

Հովհաննես Չամիչը եղել է հաշվակալության գրասենյակի ստեղծման նախաձեռնող ու առաջնորդող դեմքերից մեկը եւ 1879 թ. ղեկավարել է այդ գրասենյակի աշխատանքները: 1881 թ. Սերվեր փաշայի եւ Մյունիհ բեյի հետ միասին անդամակցել է օտար ֆինանսական պատվիրակությունների հետ համատեղ խորհրդակցություններին: Հովհաննես Չամիչը անդամակցել է նաեւ Պետական խորհրդին:

Պետրոս Հալաճյանը կրթություն է ստացել Կ.Պոլսի Մաքրուհյան եւ Պերպերյան ազգային վարժարաններում, Կալաթա Սարայի լիցեյում եւ Կ.Պոլսի Իրավաբանական վարժարանում: 1892-ին մեկնել է Փարիզ եւ ուսանել տեղի Արհեստների եւ Իրավաբանական վարժարաններում, որոնք ավարտելուց հետո ստացել է իրավաբանական, քաղաքական եւ տնտեսական գիտությունների դոկտորի վկայականներ:

Կ.Պոլիս վերադառնալուց հետո նշանակվել է Հանրային պարտուց վարչության իրավագիտական բաժնի խորհրդականի օգնականի պաշտոնում: 1908 թ. ընտրվել է ազգային երեսփոխան: 1911 թ. վերընտրվել է եւ անդամակցել Քաղաքական ժողովին:

Որպես Իթթիհատի («Միություն եւ առաջադիմություն» կուսակցության) անդամ՝ 1908-ին ընտրվել է Օսմանյան խորհրդարանի պատգամավոր: Փարիզում գտնված ժամանակ Պետրոս Հալաճյանը շփումներ է ունեցել «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության տարագիր անդամների հետ:

1908 թ. Գաբրիել Նորատունկյանի հրաժարականից հետո, Հալաճյանը դարձել է Հանրային կառույցների նախարար եւ մեկուկես տարի նախարարական պաշտոնում մնալով՝ որոշ բարեկարգություններ մտցրել այս գերատեսչության աշխատանքներում: 1912-ին Պետրոս Հալաճյանը որպես օսմանյան պատվիրակ մասնակցել է ֆինանսիստների Փարիզի միջազգային համաժողովին:

Հրաժարվել է իր պաշտոնից՝ նախընտրելով օգտակար լինել իր ազգին: 1913 թ. կրկին Օսմանյան խորհրդարանի պատգամավոր է ընտրվել: Պատգամավորությանը զուգահեռ, վարել է իրավագետ-խորհրդականի եւ պատգամավորական ժողովի բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնները:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասամբ շնորհազուրկ կյանք է վարել: Թեեւ Պետրոս Հալաճյանը Իթթիհատի ամենանվիրյալ անդամներից էր, սակայն իթթիհատականները նրան մեկուսացրել են՝ իր հայ լինելու պատճառով:

Պետրոս Հալաճյանը զինադադարից հետո հաստատվել է Փարիզում: 1929-ին մի կարճ շրջան եղել է ՀԲԸՄ վարչական խորհրդի անդամ: 1934 թ. հրատարակել է համաշխարհային տնտեսական ճգնաժամին նվիրված ֆրանսերեն գիտական աշխատություն, որը բարձր է գնահատվել մասնագետների կողմից:

Գասպար Սինապյանը (1862-1933) համբավավոր զինվորական բժիշկ, գնդապետ Գասպար բեյ Սինապյանի որդին է: Նախնական կրթությունը ստացել է Գատըգյուղում, որից հետո ուսանել է Սուրբ Ղազարի վանքում (1876-1880), իսկ այնուհետեւ՝ Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: 1881-1884 թթ. ուսանել է Փարիզի Իրավաբանական վարժարանում:

Վերադառնալով Կ.Պոլիս՝ նվիրվում է փաստաբանական ասպարեզին: 1899 թ. Գասպար Սինապյանը նշանակվել է Անտառների, հանքերի եւ երկրագործության նախարարության փաստաբանի պաշտոնում, որի հետ միաժամանակ, 1907 թ.-ից սկսած՝ վարել սուլթանի անձնական գանձերի նախարարության փոխնախարարի պաշտոնը: 1911 թ. մեծ եպարքոս Քյուչուկ Սայիդ փաշայի գլխավորած նախարարական խորհրդին աշխատակցելու հրավեր է ստացել` որպես Հանքերի, անտառների եւ երկրագործության նախարար:

Երկար չգործեց նախարարների այս խորհուրդը, որի կազմում էր Գրիգոր Սինապյանը: Թողնելով նախարարի պաշտոնը` նա հրաժարվում է նաեւ իրեն առաջակված բոլոր մյուս պաշտոններից:

Ոսկան Մարտիկյանը (1867-1947) նախնական կրթությունը իր ծննդավայր Երզնկայի Կեդրոնական վարժարանում ստանալուց հետո, երիտասարդ տարիքում փոխադրվել է Կ.Պոլիս եւ այստեղ շարունակել իր ուսումը: Ինքնակրթությամբ տիրապետել է ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներին:

Պետական պատասխանատու պաշտոններ է վարել պետական գրասենյակներում եւ նախարարություններում: 1913-ին ընտրվել է Օսմանյան խորհրդարանի պատգամավոր: Վարել է Օսմանյան փոստ-հեռագրատան նախարարի պաշտոնը: Կիրառել է մի շարք բարեփոխումներ այս բնագավառում, որոնք նախանձ են առաջացրել իր հակառակորդների մոտ:

Մոլի ազգայնական Հյուսեին Ջահիդ բեյն իր խմբագրած «Թանին» թերթում զրպարտել է Մարտիկյանին` հայտարարելով, թե նա իբր նոր բաց թողնված օսմանյան թղթադրամը գծագրել տալով մի հայի՝ դրա վրա դրոշմել է տվել հայերեն գաղտնագրեր: Փորձել է դրոշմանիշի եզերքի զարդերը նմանեցնել մեսրոպյան տառերին, տվել է քմահաճ բացատրություններ:

Կազմվել է կառավարական հանձնաժողով, որը հերքել է այդ զրպարտությունը, սակայն շարունակվել է անվստահ վերաբերմունքը Ոսկան Մարտիկյանի նկատմամբ, մասնավորապես երիտթուրքերի ղեկավար շրջանակներում:

1914-ին` առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, երբ Օսմանյան խորհրդարանը քննարկում էր կայսրության` պատերազմի մեջ մտնելու հարցը, Մարտիկյանը դեմ է արտահայտվել այդ որոշմանը, որը առավել եւս սրել է նրա եւ օսմանյան իշխանությունների միջեւ եղած հարաբերությունները: Հարկադրված հրաժարական է տվել եւ թողել իր պատգամավորական աթոռը:

1918 թ. Ոսկան Մարտիկյանը մեկնել է Եվրոպա եւ որպես ազատ ունկնդիր հաճախել մի քանի համալսարաններ: Իրաքի նորաստեղծ կառավարության կողմից պաշտոնով հրավիրվել է Իրաք, որտեղ նրան շնորհվել է բեյության տիտղոս:

Ոսկան Մարտիկյանը մոտիկից կապված է եղել հայ հանրային-մշակութային կյանքին: Կ.Պոլսում եղել է Ազգային քաղաքական ժողովի անդամ: Ունեցել է գրական-հասարակական գործունեություն: Հայ կյանքին հուզող տարբեր հարցերի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել պոլսահայ եւ եգիպտահայ մամուլում:

Թե՛ ժամանակին եւ թե՛ այսօր նույնպես վերապահ վերաբերմունք է եղել եւ կա թուրքին ծառայած հայ պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին ահա թե ինչ է ասում պատմաբան Հակոբ Սիրունին. «Պէտք է ըսել ի պատիւ այդ մարդոց, որ անոնք մեծ մասամբ անյողդող մնացին իրենց հայրենասիրութեան մէջ, ու կրնանք հաւաստել, առանց հերքուելու ամենադոյզն վախի, թէ անոնցմէ շատ շատերը զմայլելի հայեր մնացին նոյնիսկ պետական ամենաբարձր պաշտօններուն վրայ, այնպես որ հայ ժողովուրդը երախտագիտութիւնէ զատ ուրիշ զգացում մը չի կրնար տածել դէպի այդ մարդոց այն երկար շարանը, որ թէ՛ պետութեան եւ թէ՛ ազգին ծառայեցին»:

շարունակելի

Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter