HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերն օսմանյան վարչական համակարգում

Փոխնախարարները

XIX դարում նախարարի պաշտոն վարող հայերին հիշելիս հարկ է նշել, որ նախարարի դեր կատարեցին նաեւ այն հայ պետական գործիչները, ովքեր տարբեր նախարարություններում վարեցին խորհրդականի (մյուսթեշարի) պաշտոնը, որը համապատասխանում էր sous secretaire Dգetat-ին: Խորհրդականի պաշտոն զբաղեցնողները, փաստորեն, փոխնախարարներն էին, որոնց ուսերի վրա էր նախարարությունների ողջ հոգսն ու պատասխանատվությունը:

Մեծ թվով հայ պետական գործիչներ խորհրդականի պաշտոն են վարել Օսմանյան կայսրության առեւտրի, ֆինանսների, փոստ-հեռագրատան, հասարակական կառույցների, անտառների եւ հանքերի, հանրային կրթության, արդարադատության եւ արտաքին գործոց նախարարություններում:

Միհրան բեյ Տյուզը (1817-1891) սերում է Տյուզյան գերդաստանից, ովքեր սերնդե-սերունդ եղել են արքունի ոսկերչապետերը եւ արքունի գանձարանի ու դրամահատարանի վերատեուչները: 1847 թ. իր եղբոր՝ Հակոբ Չելեպի Տյուզյանի մահվանից հետո, զբաղեցրել է գանձարանի վերատեսչի պաշտոնը:

Դրամահատության գործարանը եվրոպական նոր սարքավորումներով հագեցնելով՝ կատարելագործել եւ արագացրել է դրամի արտադրության պրոցեսը:

Միհրան բեյ Տյուզի ամենանշանավոր գործերից մեկը եղել է պետական դրամական փոխառության բացթողման նախաձեռնությունը, երբ պետությունը Ղրիմի պատերազմից (1853-1856) հետո գտնվում էր տնտեսական ծանր վիճակում: 1855 թ. սուլթանի կողմից արժանացել է բեյի տիտղոսի, իսկ այնուհետեւ ընտրվել Բարենորոգումների խորհրդի (Թանզիմաթ մեջլիսի) անդամ:

1856 թ. անդամակցել է նորաստեղծ Դատական վճիռների բարձրագույն խորհրդին: Միհրան բեյ Տյուզը առաջին ոչ մահմեդականն էր, որին արդարադատության նախարարությունում նման բարձր պաշտոն էր վստահվում:

Մեկ տարի հետո նա դառնում է կրթության փոխնախարար: 1862 թ. սուլթանը Միհրան բեյ Տյուզին կարգում է իր մոր սեղանավորը: 1867 թ. Միհրան բեյ Տյուզը ընկերակցում է սուլթան Աբդուլ Ազիզին եւ որպես օսմանյան կառավարության ներկայացուցիչ՝ մասնակցում բանկիրների միջազգային համաժողովին: 1870-ին անդամակցել է Պետական խորհրդին, իսկ 1877-ին՝ ընտրվել օսմանյան առաջին խորհրդարանի ծերակուտական:

Գրիգոր Օտյանը (1834-1886) երկրորդ սերնդի ներկայացուցիչներից է Օտյանների այն գերդաստանի, որը փայլեց իր նշանավոր անուններով, եւ որոնք ապրեցին եւ գործեցին Կոստանդնուպոլսում՝ իրենց լուրջ ներդրումն ունենալով պոլսահայ հասարակական, քաղաքական եւ մշակութային կյանքում:

Գրիգոր Օտյանը որպես բարձր մտավորական եւ ազգային վերածննդի պատմության մեջ դերակատարություն ունեցած գործիչ՝ հայտնի է ամենքին: Գաղափարակիցը եւ գործակիցն է եղել Նահապետ Ռուսինյանի, Նիկողոս Պալյանի, Սերովբե Վիչենյանի, ովքեր ստեղծեցին Ազգային սահմանադրությունը:

Գրիգոր Օտյանը հայտնի է նաեւ որպես պետական գործիչ: 1860-ին Արտաքին գործոց նախարարության քարտուղարի պաշտոնն է զբաղեցրել, իսկ այնուհետեւ գլխավորել այս գերատեսչության օտար թղթակցության դիվանի աշխատանքները եւ ստացել սանիյեի աստիճան:

1865 թ. ուղարկվել է Դանուբյան կուսակալության կենտրոն Ռուսչուկ՝ իբրեւ քաղաքական ընդհանուր տեսուչ: 1868 թ. նշանակվել է Պետական խորհրդի քարտուղար, իսկ 1869 թ.՝ Արտաքին գործոց նախարարության դիվանապետ:

1871 թ. Հանրային կառույցների նախարարությունում վարել է փոխնախարարի պաշտոնը: Նույն թվակակին մի կարճ շրջան խորհրդականի պաշտոնով աշխատակցել է Առեւտրի նախարարությանը: 1872 թ. ընտրվում է Պետական խորհրդի անդամ:

1875 թ. Հանրային շինությանց նախարարությունում դարձյալ փոխնախարարի պաշտոնին է անցնում, եւ նախարարի բացակայության ժամանակ այս գերատեսչության գործերը դրվում են նրա պատասխանատվության տակ: 1876 թ. ստացել է պալայի աստիճան:

Սերտ կապեր է ունեցել թուրք ավագանու հետ, որոնց ամենագաղտնի խորհրդակցություններին մասնակից է եղել: Գրիգոր Օտյանը պետության բարենորոգումների համար ծրագրված գործերին մեծ մասնակցություն է ունեցել:

1876-ին հռչակված Օսմանյան սահմանադրության նախաձեռնող մեծ եպարքոս Միդհատ փաշայի մերձավորագույն խորհրդականն էր եւ, փաստորեն, այս սահմանադրության տեքստի համահեղինակը:

Օսմանյան սահմանադրական ժողովի փակման մասին սուլթան Աբդուլ Համիդ Բ.-ի հրամանից հետո վտանգի տակ դրվեց սահմանադրության հեղինակների եւ համակիրների կյանքը: Խուսափելով սուլթան Համիդի հետապնդումներից՝ 1880 թ. ստիպված է եղել ապաստանել Փարիզում:

Պետրոս Գույումճյանը (՞-1899) երկար տարիներ ծառայել է օսմանյան վարչական համակարգում: Որպես պետական պաշտոնյա` իր գործունեության ամբողջ ընթացքում ցուցաբերել է արտակարգ ուշիմություն եւ մասնագիտական հմտություն՝ հիացմունք առաջացնելով բոլորի մոտ:

1868-ին Պետրոս Գույումճյանը ընտրվել է Պետական խորհրդի անդամ եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ 1874 թ.: 1878 թ. նրան է հանձնվում կայսրության անտառների եւ հանքերի վերատեսչությունը: Այս պաշտոնը նա վարել է ավելի քան 20 տարի:

Բացի հիշյալ պետական պաշտոններից՝ Պ. Գույումճյանը վարել է տարբեր հանձնաժողովների նախագահությունը: Նրան է վստահվել նաեւ հանրային շինության փոխնախարարի պաշտոնը: Եղել է Առեւտրական տան անդամ: 1893 թ. կրկին անդամակցել է Պետական խորհրդին:

Օսմանյան իշխանությունների կողմից ստացել է Օսմանիեի Բ. կարգի եւ Մեջիդիեի Ա. կարգի պատվանշաններ եւ հասել պալայի պատվավոր աստիճանի:
Պ. Գույումճյանը հայ կաթոլիկ համայնքի ամենաակնառու դեմքերից մեկն էր:
1889-ին ընտրվել է Հայ կաթոլիկ պատրիարքության Վարչական ժողովի անդամ եւ միեւնույն ժամանակ՝ Կ.Պոլսի Բանկալթը թաղամասի Սուրբ Հակոբ հիվանդանոց-անկելանոցի հոգաբարձու: Պետրոս Գույումճյանը վայելում էր ազգային բարերարի համբավ:

Հովհաննես Վահանյանը (Վահան էֆենդի) (1832-1891) ուսանել է Փարիզում եւ ստացել քիմիկոսի (տարրաբանի) կրթություն: Կ.Պոլիս վերադառնալուց հետո անցել է պետական ծառայության: 1860 թ. դարձել է նորաստեղծ Առեւտրական դատարանի անդամ, իսկ 1864 թ. ընտրվել Առեւտրական Բ. դատարանի նախագահ:

1867 թ. ստացել է ուլայի սանի աստիճան: 1868 թ. վարել է Առեւտրի նախարարության փոխնախարարի, իսկ 1871 թ.` Կրթական նախարարության խորհրդականի պաշտոնները: 1872 թ. անդամակցել է Պետական խորհրդին:

1872-1873 թթ. ստանձնել է Կալաթա Սարայի լիցեյի տնօրենի պաշտոնը, որին զուգահեռ եղել է Հանրային կառույցների նախարարի խորհրդականը: 1875 թ. կրկին անդամակցել է Պետական խորհրդին: Նույն թվականից մինչեւ իր կյանքի վերջը՝ 1891 թ., վարել է Դատական նախարարության փոխնախարարի պաշտոնը:

Բազմաթիվ նախարարների օրոք մնալով ստվերում, լուռ եւ գրեթե աննկատ, ինքն է վարել այս գերատեսչության բոլոր գործերը: Հ. Վահանյանը գործուն մասնակցություն է ունեցել պոլսահայ համայնքի հանրային կյանքին:

1853-1855 եւ 1857-1859 թթ. անդամակցել է նորաստեղծ Ուսումնական խորհրդին: Իր խորհուրդներով աջակցել է ազգային խնդիրներին: 1853 թ. հրատարակել է «Քիմիական գիտության սկզբունք» աշխատությունը:

Նախարարություններում պակաս կարեւոր չէր իրավագետ-խորհրդականի (մյուշավիր) պաշտոնը, որը վարել են Գաբրիել Նորատունկյանը եւ Հրանտ Ապրոն Արտաքին գործոց, Գաբրիել Սերվիչեն եւ Պետրոս Խորասաճանյանը՝ Հանրային կառույցների նախարարությունում եւ այլն:

Օսմանյան իշխանությունները հայ բարձրաստիճան պաշտոնյաներին հաճախ էին տեղափոխում մեկ նախարարությունից մյուսը: Այս տեղափոխություններն ունեին մեկ նպատակ՝ օգտագործել հայ պետական գործիչների մասնագիտական հմտությունները եւ արդիականացնել բոլոր նախարարությունները: Եվրոպական կերպարանք էին ստանում այն նախարարությունները, որոնց աշխատակազմում հայեր էին հայտնվում:

Օսմանյան կայսրությանը ծառայած հայ պետական գործիչներին անդրադառնալիս պետք է նշել նաեւ, որ հայերը մասնակցել են երկրի քաղաքական կյանքին` որպես Օսմանյան խորհրդարանի երեսփոխան եւ ծերակույտի անդամ:

Պետական խորհրդի (1868թ.) սկզբնավորման առաջին օրից այս հաստատության անդամների կազմում մեծ թվով հայեր են եղել: Նրանք անդամակցել են Պետական խորհրդի գրեթե բոլոր բաժիններին եւ մեծ ծառայություն են մատուցել այս հաստատությանը եւ մասնավորապես՝ իրենց օրինաստեղծ գործունեությամբ:

Օսմանյան կայսրության տարբեր նախարարություններում եւ վարչական այլ մարմինների աշխատակազմում հայերը ստվար թիվ էին կազմում:

Օսմանյան վարչական համակարգում ծառայած բարձրաստիճան հայ պետական պաշտոնյաների անունների հիշատակումն անգամ կարող է բազմաթիվ էջեր լրացնել:

Այս հոդվածի սահմանները հնարավորություն չեն տալիս անդրադառնալու Օսմանյան կայսրության այս հայ պետական գործիչների ազգային գործունեությանը, որը նույնքան ուշագրավ է, որքան նրանց պետական գործունեությունը:

Նրանք նույն հավատարմությամբ ծառայել են Բարձրագույն դռանը եւ արքունիքին, որի պաշտոնյաներն էին եւ հայ ազգին, որի զավակներն էին:

Ամենաբարձր պաշտոններում անգամ Հակոբ Կրճիկյանը, Գրիգոր Աղաթոնը, Գրիգոր Օտյանը, Գաբրիել Նորատունկյանը եւ շատ ու շատ այլ հայ պաշտոնյաներ չուրացան իրենց ազգը, մշտապես նույնացած մնացին հայ ժողովրդի բաղձանքների հետ, մասնակցեցին դրանց իրականացման համար վատնած ճիգերին:

Արքունիքում եւ պաշտոնական բարձր շրջանակներում վայելած իրենց վստահությունն ու դիրքը գործադրեցին ի շահ ազգային խնդիրների, հանուն Հայ դատի: Ազգային շատ խնդիրներ լուծվել են հայ պաշտոնյաների աջակցությամբ եւ զորակցությամբ:

Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter