
Հայերն օսմանյան վարչական համակարգում
Սուլթանի անձնական գանձերի նախարարները
«Քրիստոնյա հայ պաշտոնյաներ ընտրեք, քանզի նրանք ավելի ճարտարությամբ, անխոնջ եւ անձնվեր կերպով կկատարեն իրենց պարտականությունները եւ տերության գործերը հսկայի քայլերով առաջ կտանեն»: Եգիպտոսի փոխարքա Մեհմեդ Ալի փաշայի խորհուրդը՝ օսմանյան իշխանություններին:
XIX դարի կեսերին սուլթանին պատկանող անձնական անշարժ կալվածքները հասսա անունն էին կրում: Սուլթան Աբդուլ Համիդի օրոք բոլոր անտեր եւ լքյալ կալվածքները (տուն, ագարակ, հողատարածքներ, հանքեր) արձանագրվեցին նրա անունով: Դրանց կառավարումը եւ մատակարարումը հանձնվում էր երկրի ամենակարող տնտեսագետներին:
Նրանք իրավասու էին պալատին առնչվող ծախսերը քննելու, պալատականների ամսավճարները որոշելու եւ բաշխելու: Նրանց էր վերապահված պալատի ընդհանուր կարիքների մատակարարման ապահովումը եւ այդ աշխատանքների հսկողությունը:
Աբդուլ Համիդ Բ.-ն իր անձնական գանձերը վստահեց միայն հայերին: Սուլթանի անձնական գանձերի նախարարի պաշտոնը վարեցին Հակոբ փաշա Գազազյանը, Միքայել փաշա Փորթուգալը եւ Հովհաննես փաշա Սագըզը:
Հակոբ փաշա Գազազյանը (1838-1891) ինքնակրթությամբ տիրապետել է թուրքերեն եւ ֆրանսերեն լեզուներին, հմտացել հաշվապահության մեջ եւ բացառիկ ձիրք է ցուցաբերել այս ասպարեզում:
Որոշ ժամանակ առեւտրով զբաղվելուց հետո, սկսել է վարել պետական պաշտոններ, ուր եւ աչքի է ընկել իր պատասխանատվությամբ, գործիմացությամբ եւ մասնագիտական հմտությամբ:
Օսմանյան դրամատան թարգմանական դիվանի տնօրենի պաշտոնը վարելիս կապեր է հաստատել պետության գանձային պաշտոնյաների եւ սուլթանական պալատի հետ:
Օսմանյան դրամատան համար կատարել է շահութաբեր ձեռնարկներ: Երբ սուլթան Աբդուլ Համիդ Բ.-ն կամեցավ կարգավորել արքունի անձնական գանձերի հաշվապահական գործերը, դրամատան տնօրինությունը այդ գործի համար հարմար գտնելով Հակոբ Գազազյանին` նրան ներկայացրել է սուլթանին:
Այդ պաշտոնում նա կարողացել է հաջողությամբ կատարել իրեն հանձնարարված գործը, որի համար արժանացել է սուլթանի գնահատանքին եւ նրան է հանձնվել անձնական գանձերի նախարարի պաշտոնը: Գազազյանը կարեւոր բարենորոգումներ է կատարել արքունի անձնական գանձերի մատակարարության մեջ:
Նա կարողացել է կանոնավորել ծախսերը եւ մանրակրկիտ հսկողության տակ դնել դրանք: Նրան հաջողվել է շահութաբեր դարձնել արքունի շատ ագարակներ ու կալվածքներ: Սուլթանը, գոհ մնալով իր պաշտոնյայի արդյունավետ եւ հավատարիմ ծառայությունից, նրան շնորհում է փաշայի տիտղոս, վեզիրության ավագ աստիճան եւ նշանակում ֆինանսների նախարարի պաշտոնում:
Սակայն այս գերատեսչությունում Հակոբ Գազազյանի ծրագրած բարենորոգումների դեմ հանդես են գալիս իր պաշտոնակիցները, որը եւ պատճառ է դարձել նրա հրաժարականի:
Սուլթանը համոզված էր, որ երկրի ֆինանսների բարվոք վիճակը Հակոբ փաշայի պես ձեռներեց, հավատարիմ եւ ուղղամիտ պաշտոնյայի կարիքն ունի, ուստի ընդարձակ իրավասություններով նրան կրկին ֆինանսների նախարար է նշանակում:
Այս անգամ նրան հաջողվել է իրականացնել իր ծրագրած բարենորոգումների մեծ մասը եւ շահել Եվրոպայի վստահությունը: Հակոբ փաշա Գազազյանը անդամակցել է Պետական խորհրդին եւ ընտրվել Օսմանյան առաջին խորհրդարանի երեսփոխան:
Փարիզի «Լը Տան» թերթը 1913 թ. մարտի 29-ի համարում տպագրել է սուլթան Աբդուլ Համիդի Բ.-ի կարծիքը Հակոբ եւ Փորթուգալ փաշաների գործունեության մասին. «Եթե կարողացա մեծ հարստության տեր դառնալ, ապա պարտական եմ Հակոբ փաշային: Նա էր, որ լքյալ կալվածքները արքունիքին հատկացնելու գովելի գաղափարն ունեցավ: Իմ ունեցած հարստությունը անշարժ կալվածքներիս եկամուտների արդյունքն է: Հակոբ փաշան առաջնակարգ տնտեսագետ էր: Նա կարողացավ իմ անշարժ գույքերի, կալվածքների հասույթները շահութաբեր դարձնել եւ տարեկան 500.000 ոսկու շահույթ ապահովել: Հակոբ փաշային հաջորդած Միքայել փաշա Փորթուգալը նույնպես շատ կարող եւ ճարտար տնտեսագետ էր: Նա զգալիորեն ավելացրեց իմ եկամուտները: Իր արդյունավետ գործունեության շնորհիվ իմ կալվածքների շահույթները ութ միլիոնից անցան»:
Հակոբ փաշա Գազազյանը անդամակցել է Պետական խորհրդին եւ ընտրվել օսմանյան առաջին խորհրդարանի երեսփոխան:
Ազգային շրջանականերում Հակոբ Գազազյանը անդամակցել է թաղական խորհրդններին, Ազգային երեսփոխանական եւ Քաղաքական ժողովներին: Եղել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի բարերարներից:
Միքայել փաշա Փորթուգալը (1842-1897) Կ.Պոլսում հայ կաթոլիկների վարժարանում աշակերտել է Մկրտիչ Պեշիկթաշլյանին, իսկ Փարիզի Մուրատյան վարժարանում` Գաբրիել Այվազովսկուն եւ Ղեւոնդ Ալիշանին:
Տիրապետել է թուրքերեն, պարսկերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներին: Կ.Պոլիս վերադառնալուց հետո իր փայլուն կրթության եւ բացառիկ ունակությունների շնորհիվ կարգվել է կայսերական իշխանների դաստիարակ եւ միեւնույն ժամանակ որպես թարգմանիչ աշխատակցել Բարձրագույն դռան թարգմանչաց դիվանին:
Վարել է Կ.Պոլսո մաքսատան տնօրենի պաշտոնը: Այս պաշտոնավարության շրջանում նրա նախաձեռնությամբ ընդունվել է դրոշմաթղթերի եւ լրագրերի դրոշմի օրենքը, որի կիրարկումը ավելացրել է տերության եկամուտները:
12 տարի վարել է Երկրագործական դրամատան տնօրենի պաշտոնը: Այս դրամատան 450 մասնաճյուղերի հիմնումը Միքայել փաշայի ջանքերի արդյունքն էր: 1887 թ. նշանակվում է Ֆինանսների նախարարության փոխնախարարի պաշտոնում: Այնուհետեւ հիմնել է Հողագործական դրամատուն եւ դարձել դրա տնօրենը:
Հակոբ փաշա Գազազյանի մահվանից հետո, սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն Միքայել Փորթուգալյանին նշանակում է իր անձնական գանձերի նախարար եւ շնորհում նրան վեզիրի աստիճան ու փաշայի տիտղոս: Այս պաշտոնում նա նպաստել է իր ղեկավարած հաստատության հարստացմանը եւ տարբեր ձեռնարկներով ավելացրել շահույթները:
Միքայել փաշայի ծրագրով է ձեռնարկվել Սելանիկի նավահանգստի կառուցումը, որն ավարտին է հասել նրան հաջորդող Հովհաննես փաշայի պաշտոնավարման ժամանակ: Զարկ է տվել Հերքերեի գործարանի արտադրությանը:
Միքայել փաշան եղել է 1877 թ. բացված քաղաքական պետական բարձրագույն վարժարանի՝ Մեքթեփը Մյուլքիեի ելեւմտական (ֆինանսիստական) ամբիոնի հիմնադիրը: Երկար տարիներ դասավանդելով այս ուսումնական հաստատությունում՝ երկրի համար պատրաստել է բազմաթիվ մասնագետներ:
Ինչպես Յովհաննես Սագըզը կայսրության տնտեսագիտության, Միքայել Փորթուգալն էլ ֆինանսների ոլորտի հիմնադիրն է:
Այն պատիվներին, աստիճաններին եւ դիրքին, որին արժանացել էր Միքայել փաշա Փորթուգալը, հասել էր միայն իր կարողությունների, խելքի եւ պարկեշտության շնորհիվ:
Նրա նկարագրին անհարիր էր քծնանքը: Արժանապատիվ կեցվածքը պահեց նրան սուլթան Աբդուլ Համիդի կողքին՝ անձնական գանձերի նախարարի պաշտոնում:
Համիդյան կոտորածներից հետո Միքայել փաշան մերժել է ստորագրել սուլթանի՝ հայ երեւելիների կողմից ստրկական ոճով գրված հայերի հավատարմության մասին երաշխավորագրի տակ:
1903 թ. հրատարակվել է Միքայել Փորթուգալի «Եղիշէ Վարդապետի Վասն Վարդանայ Եւ Հայոց Պատերազմին Եւ Քննադատութիւնք Միքայէլ Փաշայի Փորթուգալ» քննական արժեքավոր ուսումնասիրությունը:
Հովհաննես փաշա Սագըզը (1836-1912) 1846-1852 թթ. ուսանել է Փարիզի Մուրատյան վարժարանում: Տիրապետել է թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն լեզուներին: Խորացրել է քաղաքագիտության եւ տնտեսագիտության մասին իր գիտելիքները:
1856-ից սկսել է աշխատակցել Արտաքին գործոց նախարարության թարգմանությանց դիվանում: 1863-ից որպես մամուլի տեսուչ եւ թարգմանության ու խմբագրության խորհրդի անդամ՝ պաշտոնավարել է կրթական նախարարությունում:
1868-ին Պետական խորհրդի սկզբնավորման շրջանում դարձել է դրա դատական բաժնի առաջին խորհրդական, իսկ նույն տարվա ավարտին արդեն անդամակցել է Պետական խորհրդին: 1871 թ. այդ պաշտոնը զբաղեցնելով հանդերձ՝ վարել է Արտաքին գործոց նախարարության ընդհանուր քարտուղարի փոխանորդի պաշտոնը:
Հովհաննես Սագըզը 1872-ին վարել է Առեւտրի նախարարության փոխնախարարի, 1875-ին` առեւտրական վերաքննիչ ատյանի քարտուղարի տեղակալի, իսկ 1876-ին՝ Կրթական նախարարության փոխնախարարի պաշտոնները: 1879-ին դառնում է Հաշվակալության ատյանի ընդհանուր դատախազ: Այս պաշտոնը վարել է 17 տարի:
Այս ատյանի նախագահն էր Հովհաննես Չամիչը, որը հետագայում դարձավ առեւտի նախարար:
1896-ին Հովհաննես Սագըզը աշխատակցում է Պետական խորհրդի քաղաքային բաժնին: 1897թ. Միքայել փաշա Փորթուգալի մահից հետո նշանակվում է սուլթան Աբդուլ Համիդ Բ.-ի անձնական գանձերի նախարար եւ ստանում վեզիրության աստիճան եւ փաշայի տիտղոս:
Հովհաննես Սագըզը կարողացել է հաջողությամբ իրականացնել իր նախորդ պաշտոնակցի՝ Միքայել փաշայի՝ Բաղդադ-Բասրա նավագնացության, Սելանիկի նավահանգստի շինարարությունները, Գոնիայի դաշտի ոռոգման ծրագրերը:
Փոքր Ասիայի երթուղային ճանապարհների շինարարական աշխատանքների սկզբնավորումը իր պաշտոնավարման շրջանի արդյունքն է:
Բասրայի եւ Բաղդադի միջեւ ծովային երթեւեկության շնորհիվ կառավարության գանձանակը 30-40 հազար ոսկու եկամուտ էր ապահովում: 1908 թ. Օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո հրաժարական է տալիս: Հրաժարվում է նաեւ իրեն առաջարկված Օսմանյան խորհրդարանի ծերակուտականի պաշտոնից:
Սագըզ փաշան նշանավոր է եղել որպես մանկավարժ: Մեքթեփը Մյուլքիեի բարձրագույն վարժարանի քաղաքական տնտեսության եւ վարչական իրավագիտության ամբիոնի հիմնադիրն էր եւ երկար տարիներ դասավանդել է այս ուսումնական հաստատությունում:
Ժամանակի թուրք եւ հայ ամենաականավոր պետական շատ գործիչներ նրա սաներն էին: Հեղինակն է «Տարերք» տնտեսության ձեռնարկի: Թարգմանել է նաեւ տնտեսագիտության մասին աշխատություններ:
Կարելի է վստահ ասել, որ նա երկրի տնտեսագիտության հիմնադիրն է: 1912 թ. «Սաբահ» թերթը, բարձր գնահատելով Սագըզ փաշայի մանկավարժական գործունեությունը Մեքթեփը Մյուլքիե վարժարանում, նրան ճանաչել է կայսրության ամենավաստակավոր մանկավարժը եւ քաղաքական տնտեսագիտության ամենամեծ մասնագետը:
Քաղաքատնտեսության մասին նրա դասախոսություններն ամփոփված էին մեկ հատորում, որը մեծ գնահատման էր արժանացել ուսանողների, թուրք պետական գործիչների շրջանակներում:
Սուլթան Համիդն այդ գիրքն ընթերցել էր տալիս իր սենեկապետ Արիֆ բեյին, ով Հովհաննես Սագըզի ուսանողն էր եղել:
Հովհաննես Սագըզյանը XIX դարի 80-90-ական թթ. ֆրանսերեն է դասավանդել Լեզուների կայսերական վարժարանում, իսկ Գեղարվեստների վարժարանում դասավանդել է գեղագիտություն եւ ուսանողների համար պատրաստել «Արվեստների պատմության ներածություն» դասագիրքը:
Հովհաննես Սագըզյանը հավատարմորեն եւ առավելագույն ջանքերով կատարել է իր պաշտոնական պարտականությունները եւ ջանացել օգտակար լինել հայ համայնքին: Միքայել փաշա Փորթուգալի, Հովհաննես Չամիչի կողքին մասնակցել է հակահասունյան պայքարին:
Այդ պատճառով Ֆրանսիայի դեսպանը խոչընդոտ է եղել Լիբանանի կառավարչի պաշտոնում Հովհաննես Սագըզի թեկնածության հաստատմանը, քանզի այս պաշտոնի թեկնածուին հաստատում էր Օսմանյան կայսրության եւ եվրոպական հինգ մեծ տերությունների կողմից կազմված հանձնաժողովը:
Միքայել փաշա Փորթուգալը եւ Հովհաննես փաշա Սագըզը այն պատվական հայերը եղան, որոնց հոգում հայը միշտ վառ մնաց անգամ Համիդին ծառայած ժամանակ: Մխիթարյանների շնչի տակ դաստիարակված ճշմարիտ հայի տիպարներ էին նրանք:
Իրենց մասնակցությունն են բերել ազգային կյանքին եւ արքունիքում եւ պաշտոնական բարձր շրջանակներում վայելած իրենց վստահությունն ու հեղինակությունը գործադրել են ի շահ ազգային խնդիրների:
Անահիտ Աստոյան
Մատենադարանի կրտսեր գիտաշխատող
Մեկնաբանել