HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սթիվեն Իսերլիս. «Ինչպիսին եմ ես, հարցրեք ընկերուհուս»

- Բոլորը ձեզ գիտեն որպես հայտնի երաժիշտ, սակայն ինչպիսի՞ն եք դուք առօրյա կյանքում»:

- Չգիտեմ, հարցրեք, ընկերուհուս», - ասում է բրիտանացի հայտնի թավջութակահար Սթիվեն Իսերլիսը:

Հրեական արմատներով բրիտանացի թավջութակահարը ծնվել է երաժշտական ընտանիքում: Նրա պապը դաշնակահար և մանկավարժ Յուլի Իսերլիսն է, հայրը նույնպես դաշնակահար է եղել, իսկ երկու քույրերը ջութակահարուհիներ են: Ս. Իսերլիսը ժպտալով պատմում է, որ տանը բոլոր գործիքներով նվագողներ կային, պակասում էր միայն թավջութակը, և ինքը ընտրեց հենց այդ գործիքը: Այն հարցին, թե հատկապես որ դեպքերում է դրսևորովում իր հրեական ծագումը, Ս. Իսերլիսը պատասխանում է` երաժշտության: Նրա խոսքով` ինքը շատ հպարտ է, որ հրեա է, բայց իրեն միաժամանակ համարում է թե հրեա, թե բրիտանացի:

Ս. Իսերլիսը պատմում է, որ ծնողները մեծ ներդրում են ունեցել իր երաժշտական ուղու ընտրության, այնուհետև իրեն ուղղորդելու հարցում: Eրաժիշտը խոստովանում է, որ «շատ մտերիմ և կարևոր հարաբերության մեջ է» թավջութակի հետ:

«Թավջութակն իմ մի մասն է, և երևի ես էլ դրա մի մասն եմ, - ասում է Ս. Իսերլիսը,- Քո թավջութակը պետք է սիրի քեզ»:

Թավջութակահարը իր երաժշտական գործունեությանը զուգահեռ զբաղվում է նաև գրականությամբ: Նա պատմվածքներ է գրում երեխաների համար, որտեղ մեծամասամբ ներկայացնում է հայտնի կոմպոզիտորներին, դրվագներ նրանց կյանքից և գործունեությունից: Սթիվեն Իսերլիսի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով: Թավջութակահարը շատ է կարևորում երեխաների հետ տարվող աշխատանքը, քանի որ ինքը միաժամանակ նաև երաժշտություն է դասավանդում: Դաշնակահար Սթիվեն Հաֆի հետ նա թողարկել է «Երեխաների թավջութակ» ձայնասկավառակը:

«Ինձ նյարդայնացնում է, երբ մարդիկ հիմար բաներ են խոսում երաժշտության մասին», - ասում է թավջութակահարը:

Բոլոր մեծագույն կոմպոզիտորները, ում մասին նա գրում է, դասվում են նրա հերոսների շարքում: Այդ շարքը լրացնում են նաև բրիտանական «Բիթլզ» խումբն ու Մարքս եղբայրները:

Արդյո՞ք մարդը ծնվում է առաքելությամբ,-հարցնում եմ:

«Դժվար է ասել, երևի որոշ մարդիկ ծնվում են առաքելությամբ: Բայց ոչ բոլոր մարդիկ են սիրում իրենց գործը,- պատասխանում է Ս. Իսերլիսը,- ես բախտավոր մարդ եմ, քանի որ շատ եմ սիրում այն գործը, որն անում եմ: Իմ առաքելությունն է պարզապես երաժշտություն նվագել: Նաև տարածել այն տարբեր ձևերով` դրա մասին պատմելով, խոսելով, սովորեցնելով»:

Այնուհետև երաժիշտը հավելում է, որ հայր լինելը նույնպես առաքելություն է, բայց  շատ ավելի բարդ առաքելություն: 54-ամյա երաժիշտը մեկ տղա ունի:  

Ս. Իսերլիսը պատմում է, որ իր ազատ ժամանակի մեծ մասը հիմնականում անց է կացնում քաղաքներում: Սիրում է գնալ կինոթատրոն կամ թատերական ներկայացումների, ժամանակ անցկացնել ընկերների և սիրած աղջկա հետ, բայց ազատ ժամանակ հատկապես շատ սիրում է կարդալ: Ս. Իսերլիսը նախընտրում է կարդալ մասնավորապես վիկտորինյան դարաշրջանի վեպերը (Victorian literature - 1837-1901 թթ.-ին Մեծ Բրիտանիայում ստեղծված գրականություն):

-         Ի՞նչն է ձեզ ներշնչում ձեր արվեստի մեջ:

-         Երաժշտությունը:

-         Իսկ բնության տեսարաններ, տարրեր կամ կանայք ձեզ չեն ներշնչո՞ւմ»:

Ս. Իսերլիսը մի պահ լռում է, ժպտում, այնուհետև հավելում. «Երաժշտությունն ավելի ապահով է»:

Բրիտանացի թավջութակահարի երևանյան համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, որի ժամանակ նրան նվագակցում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Էդուրադ Թոփչյան):

Թավջութակահարը, ով մի անգամ չէ, որ եղել է Հայաստանում, նշում է, որ հայ հանդիսատեսն իրեն լավ է ընդունում, բարի է և ժպտերես, բայց և բավականին պահանջկոտ:

1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 25-ամյա տարելիցի առիթով այս համերգն սկսվեց Երվանդ Երկանյանի «Միստերիա» կատարմամբ: Այնուհետև հնչեցին Սերգեյ Պրոկոֆևի «Թավջութակի կոնցերտը» (հայաստանյան պրեմիերա) և Մոդեստ Մուսոգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» գործերը:  

Բրիտանացի թավջութակահարը նվագում է Marquis de Corberon 1726 թ.- ի Ստրադիվարիի թավջութակ` չնայած երևանյան համերգի ժամանակ այլ գործիքով է հանդես եկել: Թավջութակահարի ձայնագրությունները արժանացել են Gramophon ամսագրի Instrumental Disc of the Year և Classical Brits մրցույթի (2008 թ.) Critic’s Choice մրցանակներին: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter