HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ». երգեր ժամանակի ու տարածության միջից

Նաիրա Հայրապետյան 

«Եթե դուք գրել եք լավ երգ, այն միշտ կմնա լավը, նույնիսկ եթե այն կատարեն վատ ձայնով». Ռեյ Չարլզ 

Ոչ միայն կատարողը, այլև հեղինակն ինքը` Փերսի Մեյֆիլդը, պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ հսկայական հաջողություն պիտի ունենար այդ երգն ողջ աշխարհում` նշանավոր կատարումից շատ կարճ ժամանակ անց: Դա 1961 թվականի սեպտեմբերի 9-ն էր. ընդամենը երկու շաբաթվա ընթացքում`  այս երգը, գլխավորում էր համաշխարհային երգերի թեժ 100-յակը:  Խոսքը հանրահայտ «Hit The Road Jack » երգի մասին է  և, իհարկե, Ռեյ Չարզի(Ray Charles) կատարմամբ :  

Առաջին անգամ այն ձայնագրվեց 1960 թ: Վատ չընդունվեց իհարկե, սակայն համաշխարհային հաղթարշավի մեկնարկը պետք է տրվեր ռեյչարլզյան անկրկնելի կատարումից հետո:  Այս ձայնագրությունն արդեն կատակ-դուետ էր. կանացի վոկալով հանդես էլ գալիս Մարժի Հենդրիքսը` ով Ռեյ Չարլզի  կինն էր, ինչպես ասում են` ոչ պաշտոնական կարգավիճակով: «Hit The Road Jack » երգը կառուցված է կնոջ և տղամարդու հումորային երկխոսության հիման վրա, որտեղ կինը, ինչպես գրեթե բոլոր կանայք, այլևս չդիմանալով հոգում ոչ մի գրոշ անգամ չունեցող ամուսնուն, մեղմ ասած, դուրս է անում տնից: Փոխարենը տղամարդը, ինչպես նման իրավիճակում հայտնված գրեթե բոլոր տղամարդիկ կանեին, պաշտպանվում է նախ` կնոջ հանդեպ մեղադրականով, ապա, չհասնելով արդյունքի,  խոստանում ամեն ինչ շտկել:

Ի դեպ, Ռեյ Չարլզի կատարմամբ «Hit The Road Jack »  երգը մեկն էր այն բացառիկներից, որն ընդգրկվեց սովետական ջազ-անսամբլների ռեպերտուարներում:

Հարցազրույցներից մեկում Ռեյ Չարլզն ասել է. «Ես ծնվել եմ երաժշտության հետ, որն իմ ներսում է. մեզ բաժանել հնարավոր է միայն վիրահատակա’ն ճանապարհով»: Թե ինչ կլիներ ժամանակակից երաժշտության հետ, եթե երաժշտական հորիզոնում հայտնված չլիներ  Ռեյ Չարլզը, դժվար է ասել: Սակայն ռիթմընդբլյուզը, բլյուզը ևս, կտուժեին անկասկած… նույնիսկ` ռոքնռոլը, քանի  որ այն ծագել է հենց ռիթմ ընդ բլյուզից, իսկ սոուլ երաժշտության մասին խոսելն ավելորդ է . այս ոճում թագավորում է մեծ երաժիշտն առ այսօր: 

 Ray Chatles- Hit The Road Jack  



Ռենատո Կարոսոնե անունը երևի հիմա քչերին ինչ-որ բան կհիշեցնի, հատկապես երիտասարդ սերնդին, բայց բավական է ասել, որ խոսքը ավստրալիական հայտնի  Yolanda Be Cool  դուետի  «We no speak Americano»  կամ   նույն երգի  «Pa-Panamericano»  ռեմիքսային տարբերակի  մասին է և առնչվում է 1950-ական թվականներին, կզարմանան` մտածելով` միթե 2010թ-ից ամենուրեք` ռադիոեթերներում, ձայներիզների վաճառման կետերում, սրճարաններում, վաճառքի ամենատարբեր սրահներում հնչող  այս երգը  այդքան հին պատմություն ունի: Նեապոլիտանական բարբառով գրված «Tu Vuò Fà L'Americano» երգը, որը թարգմանաբար նշանակում է «ամերիկացի է ձևանում»  կամ «Ուզում է ամերիկացի երևալ», իտալացի երգիչ Ռենատո Կարոսոնեն գրել է 1956թ-ին, տեքստի հեղինակը Նիկոլա Սալերնոն էր: Այն ներկայացված է սվինգի և ջազի համատեքստում և համարվում է Կարոսոնեի ամենահայտնի երգերից մեկը: Այս ստեղծագործությունը առաջին անգամ մեծ լսարանի դատին հանձնվեց 1958թ. հենց Կարոսոնեի կատարմամբ` իտալական ֆիլմերից մեկում, իսկ 1960թ-ին կինոռեժիսոր Մելվիլ Շավելսոնի «Այն սկիզբ առավ Նեապոլում» ռոմանտիկ կատակերգությունում հնչում էր հռչակավոր Սոֆի Լորենի կատարմամբ: Կարճ ժամանակ անց երգը հսկայական հաջողությունների հասավ` ընդգկելով տարբեր մայրցամաքներ` Եվրոպա, Ավստրալիա, Լատինական Ամերիկա և Հյուսիսային Ամերիկայի լավագույն հիթ-շքերթները:

Երգը մի իտալացու մասին է, ով ձևացնում է, թե ապրում է ամերիկյան  կերպարով`  վիսկի է խմում, պարում է ռոքընռոլ, խաղում բեյսբոլ, ծխում միայն «Քեմըլ» (Camel), բայց շարունակում է դեռ հույսը դնել ծնողների գրպանի պարունակությանը: Ահա թե ինչպիսին են ամերիկյան երազանքով ապրող մարդիկ. դե ի՞նչ, իսկ դու երբևէ ձևացրե՞լ ես, թե  ամերիկացի ես: 

Renato Carosone - Tu vuo' fa' l'americano 

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեծագույն նախասիրություններից մեկը երաժշտությունն է: 2008թ. դեռևս նախագահի թեկնածու Օբաման հանրահայտ «Rolling Stone» ամսագրին տված հարցազրույցում խոսել էր նաև իր ամենասիրելի երգերի և կատարողների մասին: Նրա` բազմազան ժանրեր ընդգրկող երգացանկում առաջատարներից մեկն էր Բոբ Դիլանը` շուրջ 30 ստեղծագործությամբ:

1973թ-ին ամերիկացի լեգենդար  երգիչ, երգահան, բանաստեղծ, նկարիչ և կոմպոզիտոր Բոբ Դիլանը գրեց իր ամենանշանավոր երգերից մեկը` «Knockin’ on Heaven’s Door»-ը: Այն նախատեսված էր  որպես սաունդթրեք «Փեթ Գերեթ և Բիլի Քիդ»  գեղարվեստական ֆիլմի համար, որտեղ հերոսներից մեկին մարմնավորում էր Դիլանը: Ժամանակի ընթացքում այս երգը դասական դարձավ երաժշտի ստեղծագործություններում` ընդգրկվելով նրա լավագույն հավաքածուներում:  «Knockin’ on Heaven’s Door»-ը  հանրահայտ դարձավ նաև շնորհիվ տարբեր երգիչների նոր մեկնաբանությունների և կատարումների` Բոբ Մարլի, Էրիկ Քլեփթոն, Ռոջեր Ուոթերս ( Pink Floyd), Արեթա Ֆրենքլին, Ռենդի Քրոֆորդ, Բեյբիֆեյս  և ուրիշներ:  Bon Jovi, Gans N’ Roses, U2, Selig  և այլ հանրահայտ խմբերը ևս  «Knockin’ on Heaven’s Door»  երգը կատարել են տարբեր մեկնաբանությամբ` այս փաստով հաստատելով երգի պատկանելությունը բոլոր ժամանակներին և բոլոր սերունդներին:

Knockin' On Heaven's Door (Unplugged)

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter