HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրական կյանքը 1953 թվականին

Լեռ Կամսար 

Սովետական գրողներն իրենց արտադրական պլանները կազմել էին այն հաշվով, որ Ստալինն անմահ է և հավիտյանս նրան պիտի ներբողել։

Երեկ հանկարծ մեռավ Ստալինը, անել  դրության մեջ են ընկել այսօր մեր գրողները։ Նրանք ասում են զարմացած.

-Ա՛յ ջանմ, այս մարդն ինչո՞ւ մեռավ։ Մեր պահեստներում  հարյուր տարվա բավականացնող «մեծ Ստալին», «հանճարեղ առաջնորդ» և «խաղաղության փարոս» կար։ Որքան մենք ճանաչում ենք նրան, նա ոչ թե հացով, այլ տիտղոսներով էր ապրում, իսկ տիտղոսը մեզ մոտ՝ զիբիլ:

Սովետական գրողները այսպես ասում են, վշվշում, թշթշում ու չգիտեն՝ ինչ անեն։ Ոնց որ երեք տարվա պատրաստություն տեսած ճանապարհորդը հանկարծակի, ընդամենը մի ժամում տեղ հասնի։

Բայց ինչ կարող են անել այլևս գրողները։ Եղածն եղած է, ու մեռածն այլևս ետ չի դառնա։ Նրանցից այն մասը, որ հույս չունի, թե ապագայում Ստալինի չափ «մեծ» մարդ պիտի նստի Ռուսաստանի գահին՝ թափեց իր ամբարած տիտղոսները։ Իսկ գրողների այն մասը, որ հույս ունի, թե Մալենկովը նրա տեղը պիտի բռնի՝ պահել է։

Համենայն դեպս պահելն ավելի հեռատեսություն է, քան թափելը։ Ստալինը «լայն հայացքի տեր», «մեծ» մարդ էր, իսկ կյանքում բոլոր լայն ու մեծ բաները կարելի է նեղացնել ու փոքրացնել, ինչպես լայն շալվարն ու բաճկոնը։ Ստալինի ապագա հաջորդը որքան էլ «փոքր» լինի, Ստալինի տիտղոսները կարելի է նրա վրա հարմարեցնել, և դա առանձին նեղություն չի լինի մեր գրողների համար։ Նրանք որպես արհեստավորներ գրում են, որ ապրեն։ Իրենցից «մեծ» պահանջվի՝ «մեծ» կկարեն, «փոքր» պահանջվի՝ «փոքր» կկարեն...

                                                                    *****

Ստալինի կենդանությանը սովետական բանաստեղծներն իր ժամանակին երգեցին և վատ եկամուտ չստացան։ Սա հինգ օր է լռել, նրան մեռած վիճակում երգելու հնարավորություններ են որոնում։ Այսօր աոաջին անգամ լույս տեսավ Գուրգեն Բորյանի «Հետախույզ» ոտանավորը։ Մյուս բանաստեղծները սպասում են հետևանքին, որպեսզի հաջողության դեպքում բաց անեն իրենց կտուցներն այս անգամ «մեծ առսդնորդի» մահը երգելու։

Սա արդեն կլինի մնայուն գործ, որովհետև Ստալինի կյանքը ժամանակավոր էր, իսկ մահը՝ հավիտենական։

Բայց հեռատեսությունը պահանջում է, որ բանաստեղծները կենդանի Ստալինի մասին գրածները չոչնչացնեն։ Բան է, եթե հանկարծ վերջին դատաստանի օրը Ստալինը հարություն առնի՝ ստիպված պիտի գրեն նոր ստեր, այդ նոր ստերը կարող են հակասել նախկին գրած ստերին, և անհարմար կացության մեջ ընկածի վիճակ ապրեն։

                                                                   *****

 Ինչպես որ փաթաթված լոբին, միջի փայտը հանելուց հետո, գետին կպառկի, այնպես էլ Ստալինի մահից այս կողմ, ուղիղ մի ամիս է, ինչ սովետական պոեզիան գետին է թավալած, ու եթե սովետական իշխանությունն անմիջապես մի երկրորդ Ստալին չստեղծի, պոեզիան անհետ կորչելու վտանգին կենթարկվի։

Ողջ բանաստեղծները գրիչները բարձրացրած Ստալին են պահանջում՝ փառք տալու համար։ Մի՞թե կարելի է ամբողջ երեսուն տարի Ստալինով ապրող բանաստեղծներին հանկարծ այսպես անգործ թողնել։ Երբ Ասորեստանի Շամիրամ թագուհու զինվորները պատահմամբ սպանեցին Արա Գեղեցիկին, Շամիրամը բորբոքված հայերին խաբելու համար նրա նման մի մարդ ցույց տվեց՝ ասելով, աղոթեցի մեր Արալեզ աստծուն, և նա լիզելով կենդանացրեց ձեր Արային։

Նման մի բան էլ սովետական կառավարությունը պետք է աներ։ Թեև պիտի խոստովանեմ, որ նման պրիոմներով ներկայիս դժվար է խաբել մեր բանաստեղծներին։Նրանք շատ լավ գիտեն, որ լիզելով ո՛չ մարդ կարելի է սաղացնել, ո՛չ էլ սաղ մարդուն մեռցնել։ Այլապես իրենց առաջնորդ Ստալինը մինչև յոթանասունհինգ տարեկանը չէր ապրի երբեք, շատ վաղ կմեռներ, ամբողջ երեսուն տարի սովետական բանաստեղծների կողմից այսպես անխնա լիզվելուց հետո...

                                                                  *****

Սովետական գրողների միությունը զանազան սեկցիաներ ունի. արձակի, ոտանավորի, դրամայի, մանկական և պատանեկան գրականության ու, վերջապես, երգիծաբանական սեկցիա, որի բանալին կորսված լինելու պատճառով միշտ փակ է։

Կառավարությունը ջրվորի նման բահն ուսին ման է գալիս սեկցիաների արանքում և նայում, որ սեկցիան սկսում է չորանալ՝ ջուրը մեկից կտրելով՝ այդ սեկցիայի վրա է շուռ տալիս։

Վերջերս մանկական գրականությունն սկսեց չորանալ՝ ողջ գրողներին ոտքի հանեց այդ չորացող ժանրը ջրելու։ Ամբողջ Միությունից գրողներ եկան ու քննեցին նրա ետ մնալու պատճառները և քննադատվեցին բոլոր մանկական գրողները։

Ամենից ավելի քննադատվեց մանկական գրողների այն սովորությունն, ըստ որի իրենց գրվածքներում կենդանիները ներկայացված են մարդկային հոգեբանությամբ։

Բայց ինչո՞ւ քննադատվի այդ սովորությունը։ Ընդհակառակը՝ պետք է քաջալերվի ըստ իս, որովհետև Ռուսաստանում մարդն որպես տեսակ դադարում է գոյություն ունենալուց։ Ի՞նչ վնաս, եթե այդ անհետացող  տեսակի հոգեբանությունը ժառանգեն կենդանիները։ Աշխարհ է, կպատահի մի օր էլ, որ Ռուսաստանում նորից հանդես կգա մարդն իր կերպարանքով, և ուրույն հոգեբանության կարիքն զգալով՝ կխնդրի ետ վերադարձնել իր հոգեբանությունը, և մարդն ու կենդանին կապրեն կողք- կողքի իրենց սեփական հոգեբանությամբ՝ բարի դրացիական հարաբերության շրջանակներում։

Մանկական գրողների պակասությունն այն է գլխավորապես, որ նրանք, ծնվելով նախապես մանուկ, շատ անխնա և, կարելի է ասել, շռայլաբար են մեծացել, երբեք մտքներիցը չանցկացնելով, որ մի օր այդ մանկությունը պետք պիտի գա՝ մեծամեծ հոնորարներ ստանալու համար։ Որովհետև այսօր մանկական գրականության ակցիան մեկեն բարձրացավ գրական բիրժայում ի հաշիվ մյուս ժանրերի։ Տրվող բարձր հոնորարներին ի տես, շատ գրողներ անիծեցին բնության այն կարգը, որ մարդս առաջ երեխա է ծնվում և հետո մեծանում և ոչ ընդհակառակը։

Մեր գրողներն, որոնք բացառապես փողի համար են գրիչը ձեռք վերցնում, իրենց ծնունդը պիտի ներդաշնակեին իրենց նպատակներին:

----------

Առաջները, երբ մարդս ինքնուրույն կերպարանք ուներ, ինքնուրույն հոգի և ապրում էր ինքնուրույն կյանքով, նայելով աշխարհին, ես երբեք ավելորդ մարդիկ չէի նկատում և ամենքից մի առանձին հոտ էի առնում ։

Բայց հիմա, սա սովետական աշխարհում, երբ բոլորը առանց բացառության միևնույն կերպարանքն ունեն, միևնույն հոգեբանությունը, միևնույն ապրելակերպը՝ ինքս ինձ ասում եմ. «Ի՞նչ կարիք կա այսքան պատճենների. պատճեններ, որոնց օրիգինալն իսկ գոյություն չունի, լավ չէ՞ր լիևի մի մարդ միայն թողնել, մնացածը ոչնչացնել։ Որովհետև, երբ շատ ոչխար, շատ կով կամ շուն ես պահում՝ ստանում ես շատ միս, շատ բուրդ, շատ յուղ։ Շներն էլ տարբեր ձայներով կաղկանձելով, չեն ձանձրացնում մարդկանց։

Իսկ միատեսակ շատ մարդ պահելու օգուտն ինչ է. նրանք ո՛չ բուրդ են տալիս, ո՛չ միս, ո՛չ յուղ. անվերջ իրենց աչքը Ստալինի բերանին հառած՝ անվերջ նրա խոսքերն են կաղկանձում...

                                                                 *****

Պետհրատը, գրքերի բովանդակություններից հուսահատված, ամբողջ ուշադրությունը դարձրել է գրքերի կազմին։ Այնպիսի գրքեր են հրատարակվում, որ մարդս չի կարող չսքանչանալ կազմարարների տաղանդի վրա։

Այո՛, տաղանդավոր կազմարարներ, և տեսեք որքա՜ն համեստ, որքա՜ն անփառասեր։

Նրանք իրենց կերտած փառավոր կազմի մեջ զետեղում են անմիտ գրվածքները և գրքի ճակատին դրոշմելով այդ անմիտ հեղինակների անունները՝ իրենք մնում են անհայտության մեջ։

Մինչդեռ խղճի օրենքով այդ գրքերի վրա տպված պիտի լինեին միայն կազմարարների անունները։

Եվ դրանից ամենից շատ հեղինակները կշահեին, որովհետև հոնորարը իրենք կստանային, իսկ քննադատների թափած թուքումուրը կազմարարների հասցեին կերթար։

Մի ժամանակ Պետհրատը շատ լավ սովորություն ուներ՝ հիմա չգիտեմ ինչո՞ւ վերացրեց։

Նա գրքի առաջին էջի վրա տպում էր այն բոլոր աշխատակիցների անունները, որոնք որևէ մասնակցություն էին ունեցել գրքի հրատարակմանը։

Պատասխանատու խմբագիր, սրբագրիչ, ավագ սրբագրիչ, գերագույն սրբագրիչ, գրաշար, մեքենան դարձնող, մեքենան յուղող, մեքենայի տակը ավլող, շարվածքին թանաք քսող, գիրքը ձևավորող, նկարիչ, կազմարար, ծալող, կտրող, դասավորող, համրող, համարակալող և այլն, և այլն։ Սա «բանվորական» արժանավայել ձև է իհարկե, միջոց է ընձեռում յուրաքանչյուրին իր կատարած գործի փառքը վայելելու, անկախ թե այդ աշխատանքը մտավո՞ր է, թե՞ ֆիզիկական՝ բայց թե այս կերպ վարվելու միակ վտանգն այն է, որ այսքան «բազմահազար» ամբոխի մեջ հանկարծ կարող է գրքի հեղինակի անունը... մոռացվել։

Մի մոռացում, որ մեծ փառք կարող է բերել սովետական յուրաքանչյուր գրողի...

----------

Ես գիտեմ, որ սովետական կառավարությունը վերջիվերջո տապալվելու է, երկար չի ապրի. է՜, ինչ զարմանալի բան կլինի, եթե ես այժմվանից նստեմ մտածեմ, թե ինչպե՞ս անել, որ այս մեծ ծախսով հառաջ եկած գրքերի փառավոր կազմերը, իշխանությունը տապալվելուց հետո, զուր տեղ չոչնչանան, մի բանի ծառայեն։ Չէ՞ որ արժեք են դրանք։

Մտածում եմ, մտածում՝ չեմ կարող մի օգտակար բանի ծառայեցնել։

Գրվածքների վրա ոսկե տառերով գրված են՝ ենթագրենք Հմայակ Սիրասի անունը կամ Հռիփսիմե Պողոսյանի։

Ասում եմ, ազատությունից հետո, նորմալ կարգերի բանաստեղծները կհամաձայնվե՞ն արդյոք իրենց աշխատությունները զետեղել այս կազմի մեջ և հանգես գալ որպես Սիրաս կամ Հռիփսիմե Պողոսյան։

Հետո՝ ենթադրենք համաձայնեն։ Ո՞ր ընթերցողն այգ գրքերը իր ձեռքը կվերցնի։

Այնպես որ՝ ափսո՜ս, զուր պիտի կորչեն պետական հրատարակչության արած ողջ ծախսերը։

Ուստի՝ գիտե՞ք ինչ պիտի խնդրեմ Պետհրատից։ Պետհրատից պիտի խնդրեմ գեթ սրանից հետո իր տպած գրքերի ճակատին չդրոշմի հեղինակի անունը, որովհետև դա չի ջնջվում, այլ անվան տեղ մի դերանուն դնի առայժմս, հետո, երբ իսկական գրողներ հայտնաբերվեցին՝ նրանք այդ դերանունները կվերցնեն ու տեղը իրենց անունը կդնեն։

Պարզապես մի հեշտություն եկող սերնդի համար...

                                                                           *****

 Բայց ես միայն գրքի կազմի մասին չեմ մտածում ։

Ես մտածում եմ նաև այն թանկարժեք մարմարյա պատվանդանների մասին, որոնց վրա ամեն քայլափոխին կանգնած են Լենինի ու Ստաինի արձանները։

Այդ արձանների վրա ծախսված են միլիարդներ, այդ երկու անշունչ էակներն իրենց քարացած բերաններով կերել են ավելի շատ, քան ողջ Ռուսաստանի երկու հարյուր միլիոն կենդանի բնակիչները։

Ա՞յս պատվանդաններն ինչպես օգտագործենք սրանց կործանումից հետո։

Ապագա յի ո՞ր քաղաքական գործիչը, ո՞ր գիտնականը, ո՞ր բարերարը, ո՞ր մարդասերը կգա կանգնելու այն պատվանդաններին, որոնց վրա ամբողջ երեսունհինգ տարի կանգնած են եղել համաշխարհային ոճրագործները։

Այդ պատվանդաններից կան այնպիսիները, որոնք շատ մեծ մասշտաբի համաշխարհային հռչակ ունեցողի միայն կարող են վայելել։

Այդ մասշտաբի մարդասերներ սովորաբար գոյություն չեն ունենում աշխարհում։ Մարդկության մեջ ամենամեծ հռչակ վայելողները ոճրագործներն են՝ ինչպես օրինակ՝ Չինգիզ Խանն ու Լենկ Թեմուրը։

Եթե ինձ հարցնեք աշխարհի ամենամեծ բարերարի անունը՝ ես մտածմունքի մեջ կընկնեմ միայն ու ձեզ ոչինչ չեմ պատասխանի։ Քրիստո՞սը. բայց նա մարդ չէր, նա մարդու կերպարանքով ծպտված աստված էր։

Իսկ եթե հարցնեք աշխարհի ամենամեծ ոճրագործների անունները՝ քնած վիճակումս էլ Լենինի ու Ստալինի անունները կտամ։

Հերոստրատը իր ժամանակին շատ լավ գիտեր այս հանգամանքը, այդ պատճառով մեծ մարդ դառնալու, դարերով հիշվելու համար ոչ թե Աթենքում նոր տաճար կառուցեց, այլ կառուցված հոյակապ տաճարն այրեց և իրոք էլ անմահացավ։

Բարեգործության մասշտաբները փոքր են, չարագործությունը՝ անհուն, ինչքան ուզես՝ կա։

Մի մարդ անկարող ես ստեղծել, բայց միլիոնավոր մարդիկ կարող ես կոտորել։

Այսպես անվերջ մտածելով այս « առաջնորդների» արձանների մասին, միաժամանակ չեմ դադարում մտածել նաև սրանց նկարների մասին։

Չհաշված Ադամ-Եվային, որոնք մերկացան դրախտում, նրանցից դեսը մարդկությունն այնքան կտավ չգործածեց իրեն շապիկ֊վարտիք կտրելու համար, ինչքան Ռուսաստանը գործածեց այս երկու մարդկանց նկարները քաշելու համար:

Հիմա՝ ասացե՛ք խնդրեմ. աշխարհի ո՞ր դիվանագետը, ո՞ր Ռուզվելտը, ո՞ր Տրումենը, ո՞ր Չերչիլը կգա և Լենինի ու Ստալինի նկարների տակը իր անունը կդրոշմի։

Ո՛չ մեկը:

Ուրեմն՝ այս հսկա քանակությամբ կտավն էլ կորավ։

Մի կտավ, որ եթե մեր կարի արտելներն անգամ կարելու  լինեն՝ դարձյալ դուրս կգա մի սավան, որի մեջ երկրագունդը մի քանի անգամ կարող է կոլոլվել...

                                                                    *****

Մեր կառավարությունը սա երեսունհինգ տարի է ոչ մի ճիգ ու ջանք չխնայեց սովետական գրականություն ստեղծելու՝ բայց չկարողացավ։ Իզուր անցան գրական միլիոնների հասնող ֆոնդերը, հարյուր հազարանոց «Ստալինյան մրցանակները»։

Գրականություն չկա ու չկա, մուսան չի գալիս։

Մնացել է գործածել միայն ներոնյան մեթոդը։

Ներոնի մուսան էլ  չէր գալիս, բայց երբ կրակ տվեց Հռոմը, և քաղաքն սկսեց բոցավառվել,   տեսա՞ք ինչպես բեղմնավոր դարձավ նրա գրիչը, և ինչ անմահ բանաստեղծութ յուններ գրեց։

Ասենք՝ հիմա սովետական քաղաքների թիվը իրենց գրողների թվից շատ պակաս է։ Հապա թող փորձեն մի տաս-քսան տարի քաղաքների թիվն ավելացնել և դրանք ամեն մեկը մի բանաստեղծի հանձնեն այրելու՝ տեսնենք սովետական գրականությունը հնարավոր կդառնա՞, թե՞ ոչ:

Միայն թե հրշեջները չխանգարեն։ 

                                                                       *****

            Ե՜ս էլ զարմացա։

Երեք ամիս առաջ, երբ Ստալինը մեռավ, մի երկու բանաստեղծ միայն ողբացին «Սովետական Հա յաստան»֊ ում «մեծ առաջնորդի» մահը, հոնորարն առին ու աչքները սրբեցին։

Ես կարծեցի, թե սրանով էլ վերջացավ ամեն բան։ Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, բաց անելով երեք ամսվա «Սովետական արվեստ ու գրականություն» ամսագիրը։ Սովետահայ բոլոր բանաստեղծները, երեք ամիս շարունակ հավաքվելով այնտեղ, այնպիսի մի լաց ու կոծ են բարձրացնում, որ Աստված խնայի։ Ամսաթերթերի չկտրված էջերից արտասուքը հեղեղի նման դուրս է հոսում, իր հետ քշել֊տանելով այն մի քանի հոդվածները, որոնք սակայն Ստալինի մահվան չեն վերաբերում։

Բանաստեղծների այն մասի ողբը, որոնք ասում են Ստալինը «մեռավ» և լաց են լինում՝ ես հասկանում եմ, բայց բանն այն է, որ «Ստալինը չի մեռել», «նա անմահ է» ասողներն էլ «մեռածների» ուժգնությամբ ողբում են։

Եթե Ստալինը «չի մեռել», եթե «անմահ է», ինչո՞ւ ուրեմն ողբալ։

Ըստ իս, սա ոչ թե գրականություն է, այլ մի փառավոր դիակապուտ է։ Բանաստեղծներն Ստալինի կենդանությանը նրա կյանքովն ապրեցին, հիմա էլ նրա մահով են ուզում ապրել։ Եվ մահը որովհետև հավիտենական է, կարելի է անվերջ ապրել նրանով։

Նրանք պարզ ասում են. «Ստալի՛ն, քո հիշատակը երբեք չի թառամի մեր սրտում»։ Ուրեմն, նշանակում է Ստալինի «հիշատակը», որպես սապատ իրենց կռնակներին դնելով, անվերջ պիտի բերանը բերեն, ուղտի նման որոճան ու ճամփա կտրեն գրական Սահարայում, կիզիչ արևի տակ, անօազիս ու անկյանք։

Ահա՛ քեզ մի վաճառաշահ դիակ, որն այսքան ստվար բանաստեղծների է կերակրում։

Հնում մեռելը թաղելուց առաջ լվանում էին և դրա համար առանձին կանայք կային, որոնք «մեռել  լվացողներ» էին կոչվում։ 

Բալց Ստալինի դին այնքան լիզվեց սովետական բանաստեղծների կողմից, որ լողացնելու այլևս կարիք լի մնում...

                                                                      *****

Մի պիես եմ գրել՝ սրտովս չի։ Չեմ իմանում պատռե՞մ, թե՞ պահեմ։ Մի քանի մոտ մարդկանց տվի կարդալու՝ որոշ բան չասացին գրվածքի արժեքի մասին։

Ես էլ բռնեցի պիեսն արվեստի գործերի գլխավոր վարչության ռեպարտկոմ Բաբայանին ուղարկեցի քննադատելու։

Բաբայանն իմ երեսուն էջանոց գործի վրա վաթսուն էջ քննադատություն էր գրել, աշխարհումս եղած բոլոր պակասությունները պիեսիս վրա դնելով։ Մի խոսքով՝ հողին էր հավասարեցրել։

Կարդալով այս, հանկարծ պիեսիս արժեքը աչքիս բարձրացավ։ Նշանակում  է, ասացի, որ մի հանճարեղ բան եմ գրել, և ներկայացնելիս հանդիսատեսները օվացիաներով կընդունեն ինձ։

Հանրահայտ ճշմարտություն է, որ ինչ չի հավանում կոմունիստ քննադատը՝ նրան գին չկա։

Վերցրի նորից մաքուր արտագրեցի գրվածքս, ու պահում եմ աչքիս լույսի նման բոլշևիկյան գերությունից վերջը լույս աշխարհ հանելու համար։

                                                                    *****

Ժողովրդի մեջ փսփսուկով  խոսվում է, որ իբր թե Ստալինի դիակը լավ չզմռսելու պատճառով հոտել է։ Դրա համար թաղել են։

Ես չեմ հավատում այս լուրին։ Եթե ճիշտ լիներ, հիմա Սովետական Միության ողջ բանաստեղծները պիտի խլրտային։ Նրանք զմռսելու համար միայն տասնյակ հատորներով լացին։ Իսկ եթե զմռսված դիակը պիտի տեղից շարժվի կամ թաղվի՝ հարկավոր է մի տասնյակ հատոր էլ դրա համար լալ։ Հե՞շտ բան է նման կորուստը տանել։ Հեշտ չէ, և նրանք պիտի լան։

Մի լաց, որ պետական հրատարակչության վրա միլիոններ կարող է նստել։ Եղերամայրեր պահելը մեծ ծախս է պահանջում, ու ոչ ոքի չհուզող այդ լացը շատ սուղ է նստում ժողովրդի վրա։

Զմռսելու արվեստը Հին Եգիպտոսին էր միայն հատուկ։ Նրանց զմռսված փարավոնները, որոնք չորս հազար տարվա պատմություն ունեն, որ համեմատես ներկա սովետական քաղաքացու հետ՝ ավելի առողջ, ավելի կայտառ ու ավելի կենսուրախ են։

Մեզ մոտ Ռուսաստանի կոմունիստներին չի հաջողվում առհասարակ զմռսել իրենց առաջնորդների մարմինները։ Դա տեխնիկական բարդ աշխատանք է, պետք է խնամքով դատարկել դիակի ներքին բովանդակությունը և այլն, և այլն։

Կոմունիստները լավ կանեին, փոխանակ իրենց առաջնորդների մարմինները զմռսելու, նրանց քարոզած սոցիալիզմը զմռսեին։

Դա համեմատաբար հեշտ կլիներ նրանով, որ նրանց սոցիալիզմն արդեն դատարկ էր և այլևս կարիք չէր լինի նորից դատարկելու...

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հոյակապ չի՞: Ինչ քաջություն, 1953 թ.-ին այսպիսի հոդված գրելու համար:Կան մարդիկ/արվեստագետներ,որոնք ծնվում են՝ ժամանակին հաղթելու համար: Լեռ Կամսարն էլ իրենց շարքում է: Լեռ Կամսարը,առանց կասկածի, 20-րդ դարի ամենամեծ հայ գրողն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter