Պետգնումները՝ «CPS»-ին, սուբսիդիաները՝ «Ֆլեշին»
«Հետքն» արդեն գրել է այն մասին, թե ինչու է ստեղծվել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը բենզինի եւ դիզվառելիքի շուկայում երկրորդն է «Ֆլեշից» հետո: Հիշեցնենք, որ «CPS» ապրանքանիշով հանդես եկող նախորդ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ն, անցյալ տարվա վերջին հայտնվել էր ֆինանսների նախարարության, այսպես կոչված, գորշ ցուցակում: Դրանից հետո էլ ստեղծվել էր «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն, որը «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի փոխարեն սկսել է մասնակցել պետգնումների գործընթացին ու հաղթող ճանաչվել մրցույթներում:
Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգի կայքում ներկայացված են, մասնավորապես, պետգնումների գործընթացում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները, ինչն օրենքի պահանջ է: Ուսումնասիրելով բենզինի եւ դիզվառելիքի գնումների 2013 թ. պայմանագրերը՝ պարզեցինք, որ դրանց առյուծի բաժինը, ինչպես 2012-ի առաջին կիսամյակում, բաժին է հասել Աշոտ Սալազարյանի ընկերությանը, տվյալ դեպքում՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ին: Չնայած, ըստ էության, ոչ բոլոր պայմանագրերի մասին հայտարարություններն են զետեղված կայքում (նույն 2012-ի առաջին կիսամյակի համեմատ՝ դրանց թիվը բավականին փոքր է), այդուհանդերձ, ներկայացնենք այդ թվերը:
Ըստ gnumner.am-ի՝ ընթացիկ տարում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի հետ պետական հիմնարկները կնքել են ավելի քան 293 մլն-ի պայմանագիր, 11,5 մլն-ի մեկ պայմանագիր էլ կնքվել է «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի հետ: Այսինքն՝ Ա. Սալազարյանի ընկերությունները մատակարարած վառելիքի դիմաց պետությունից ստացել են շուրջ 305 մլն դրամ: Սա՝ ըստ նշված կայքի: Պատվիրատուների մեջ են եղել, մասնավորապես, Արմավիրի ու Տավուշի մարզպետարանները, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ԱԱԾ-ն: Ազգային անվտանգության ծառայությունը 280 մլն-ի երկու պայմանագիր է կնքել «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի հետ, ինչը շատ հետաքրքիր է, եթե հաշվի առնենք այն լուրերը, որ Աշոտ Սալազարյանը համարվում է ռուսական հատուկ ծառայությունների նախկին գեներալ: Ստացվում է՝ ԱԱԾ-ն վառելիք է գնում իր «կոլեգայից»:
«Ֆլեշ» եւ «Մաքսհուր» ՍՊԸ-ները, նշված կայքի տվյալներով, «չնչին» օգուտներ են ունեցել՝ «CPS»-ի համեմատ: «Ֆլեշի» «օգտին» երկու պայմանագիր կարողացանք գտնել՝ ընդհանուր 1,8 մլն դրամի չափով, իսկ «Մաքսհուրի» պարագայում՝ մեկ պայմանագիր (2,4 մլն):
Բայց Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշը» երբեք էլ չի մնացել պետգնումների մրցույթներում հաղթելու հույսին: Վարչապետի մերձավորը համարվող այս գործարարը կարող է վստահ լինել, որ ամեն տարի իրեն կտրվի գյուղացիներին էժան դիզվառելիք մատակարարելու գործը: Բնականաբար, քանի վարչապետը Տիգրան Սարգսյանն է:
Այս տարվա փետրվարին, ինչպես եւ նախորդ տարի, կառավարությունը որոշեց սուբսիդավորել գյուղացիներին մատակարարվող դիզվառելիքը: Եվ այդ գործը կրկին հանձնվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ին: Գարնանային աշխատանքների համար մատակարարվող վառելիքը իր փետրվարյան որոշմամբ կառավարությունը սուբիսադավորեց 1.789.336.500 դրամով: Իսկ աշնանային աշխատանքների համար էլ օգոստոսին որոշվեց «Ֆլեշին» վճարել 43.959.420 դրամ: Դրան պետք է ավելանար գարնանը չիրացված վառելիքի համար տրված սուբսիդիան՝ 551.795.580 դրամ: Այսինքն՝ 2013-ի գյուղացիական աշխատանքների դիզվառելիքի ծախսերը սուբսիդավորելու համար կառավարությունը «Ֆլեշին» հատկացրել է ավելի քան 1,8 մլրդ դրամ: Սահմանվել է, որ չիրացված վառելիքի դիմաց տրված սուբսիդիան պետք է վերադարձվի պետբյուջե:
Լուսանկարում՝ Բարսեղ Բեգլարյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Սալազարյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել