
ԲՀԿ-ն չմասնակցեց կենսաչափական տվյալներով անձնագրերին վերաբերող օրինագծերի քվեարկություններին
2014 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը)՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մինչեւ 2014թ. հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014թ. հունվարի 1-ից հետո տրված «հին» (ներկայումս` գործող) անձնագրերը համարվում են վավերական մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը:
Ազգային ժողովն այսօր 71 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ բովանդակային առումով կտրականապես դեմ են այս նախագծին, և անհետաձգելի ճանաչված որեւէ նախագծի քննարկմանը, որը «ուրբաթ կեսգիշերին կառավարությունը կբերի Ազգային ժողով»:
Իսկ օրենքների նախագծերով նախատեսվում են հետեւյալ փոփոխությունները.
Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին կարող է ստանալ նույնականացման քարտ կամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, որը 16 տարին լրացած քաղաքացիներին տրամադրվելու է 10 տարի վավերականության ժամկետով:
Մինչեւ 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի քաղաքացիներին մինչեւ զորակոչային տարիքը լրանալը, այսինքն մինչեւ 18 տարին լրանալը`պետական տուրքի վճարման նույն չափով: Հաշվի առնելով նշվածը՝ օրենքի նախագծով նախատեսվել է դրույթ, համաձայն որի նշված անձինք իրավունք կունենան ստանալու «հին» անձնագրեր:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 2011թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ հրապարակած տվյալների համաձայն ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 93-ը անցում են կատարել կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգին եւ 21 պետություններ արդեն իսկ 12-48 ամսվա ընթացքում պատրասվում են անցում կատարելու նշված համակարգին:
«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:
Հունվարի 1-ից նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ Հայաստանի քաղաքացիները եւ առաջին անգամ նույնականացման քարտ ստացող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար նախատեսված է 25.000 դրամ տուրք, իսկ նույնականացման քարտի տրամադրման համար` 3000 դրամ:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այս օրենքների ընդունման դեպքում՝ քաղաքացիները կենսաչափական տվյալներով անձնագրեր ձեռք բերման համար ստիպված կլինեն ավել շատ գումար ծախսել, ինչն իրենց համար անընդունելի է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել