HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ինչո՞ւ է Դավութօղլուն գալիս Երևան, և ի՞նչ սպասել այդ այցից

«Թուրքիան իր դիրքորոշմամբ և մոտեցումներով սպառել է այն բոլոր հնարավորությունները, որով կարող է նման ձևաչափի միջոցով հարաբերություններ կարգավորել»,- ասում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Դեկտեմբերի 12-ին Երևան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին: 2009 թ.-ից հետո, երբ սկիզբ դրվեց ֆուտբոլային դիվանագիտությանը, պաշտոնական մակարդակով փոխադարձ այցեր Հայաստանի և Թուրքիայի միջև չեն եղել: Սա Ա. Դավութօղլու առաջին այցն է Հայաստան:

Թուրքական կողմը այս այցը փորձում է ներկայացնել որպես Թուրքիայի կողմից Կովկասում խաղաղություն հաստատելու քայլ: Իսկ Դավութօղլուն հայտարարել էր, որ երբ Հայաստանը «դադարեցնի օկուպացնել հարևանի տարածքը, այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»: 

Նախապատրաստական քայլ 2015 թ.-ից առաջ

Հայ թուրքագետները կարծում են, որ Դավութօղլուի այցը նախապատրաստական քայլ է 2015 թ.-ից առաջ, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

«Թուրքիան փորձելու է գործընթաց խաղալ: Նույնը տարբեր քայլերով կլինի նաև ամբողջ 2014 թ.-ի ընթացքում` հայտարարությունների, այցերի, տարբեր հանդիպումների տեսքով»,- ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

«Թուրքիան փորձելու է այլ երկրների «համոզել» չընդունել Ցեղասպանությունը դատապարտող որոշումներ»,- կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: 

«2015 թ.-ից առաջ Թուրքիան փորձում է գնալ տարբեր սցենարների խաղարկման: Թե որը որքանով կհաջողվի, այլ հարց է,- ասում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը:- Մի կողմից` այն շարունակում է ավանդական հակահայկան քաղաքականությունը, մյուս կողմից` լղոզված շեշտադրումներ անում, որոնք չեն փոխում Անկարայի հակահայկական վերաբերմունքը»:

Թուրքագետ Լիա Էվոյանը գտնում է, որ չնայած այցը միջազգային կազմակերպության շրջանակներում է, սակայն Դավութօղլուն ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ նա պատրաստակամ է գալ Հայաստան և իրենից կախված ամեն ինչ անում է:

Թուրքագետները կարծում են, որ այս այցը և հետագա գործողությունները նպատակ ունեն ցույց տալ, թե իբր կա հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, որպեսզի միջազգային հանրության արձագանքը մեղմ լինի 2015 թ.-ին:

Ադրբեջանի գործոնը

Սևծովյան համագործակցության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու է նաև Ադրբեջանը: Նիստին, որին մասնակցում են անդամ-երկրների ԱԳ նախարարները, Ադրբեջանից ներկայանալու է ԱԳՆ տնտեսական գործակցության բաժնի ղեկավար Շովգի Մեհթիզադեն:

Լ. Էվոյանը կարևորություն չի տալիս Ադրբեջանի մասնակցությանը, սակայն կարծում է, որ եթե Դավութօղլուն չայցելեր, հնարավոր է ադրբեջանական կողմը նույնպես չներկայանար:

«Թուրքական կողմը հավաստիացնում է, որ հարցը քննարկել է Ադրբեջանի հետ,- ասում է Ռ. Մելքոնյանը:- Մի սուվերեն երկրի նախարարի այցի համար թույլտվություն հարցնել մեկ այլ երկրից ծիծաղելի է: Թուրքիան իրեն դարձրել է գերի: Եվ ամեն անգամ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հարցնում է Ադրբեջանի «թույլտվությունը»»:

Գ. Պետրոսյանի կարծիքով` չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը, այնուամենայնիվ, Թուրքիան կկարողանա համաձայնության գալ Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ, որպեսզի «թուրքական կողմը ձերբազատվի ադրբեջանական կապանքներից և առաջիկա տարիներին ավելի ազատ լինի»: Եվ չնայած Ադրբեջանը «բավականին խիստ է Թուրքիայի նկատմամբ», երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, այնուամենայնիվ, Ադրբեջանը կարող է թվացյալ զիջումների գնալ:

Լ. Հովսեփյանն ընդհանրապես էական նշանակություն չի տալիս ադրբեջանական կողմի առկայությանը նիստի ժամանակ:

Թուրքական կողմի նպատակը և հայկական կողմի դիրքորոշումը

«Չեմ բացառում, որ Դավութօղլուն մի քանի սկանդալային հայտարարություններ կանի գալուց առաջ, ընթացքում և հետո»,- ասում է թուրքագետ Ռ. Մելքոնյանը:

Սակայն մյուս թուրքագետները կարծում են, որ Դավութօղլուն իր հայտարարություններում ավելի մեղմ կլինի «հանուն միջազգային հանրության»:

Միաժամանակ, Լ. Էվոյանը կարծում է, որ այժմ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում բոլորովին հայ-թուրքական հարաբերությունները չեն: Սակայն այս այցը կարևոր է, քանի որ մեկ պաշտոնյայի այց մեկ այլ երկիր երբեք պատահական չի լինում, դա դիվանագիտական ժեստ է:

Գ. Պետրոսյանի կարծիքով` թուրքական կողմը կշարունակի սիմվոլիկ քայլեր անել, որոնք կլինեն ցուցադրական:

Ռ. Մելքոնյանի կարծիքով` Դավութօղլուի այս այցը պայմանավորված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներով, մասնավորապես՝ ՄՄ և Եվրասիական միության ստեղծման հանգամանքներով:

«Թուրքական կողմը փորձում է դիվանագիտության նոր փուլի տպավորություն ստեղծել,- ասում է Լ. Հովսեփյանը,- սակայն նման այցելությունը չի նախատեսում երկկողմ հարաբերությունների բարելավում: Թուրքիան սպառել է այն բոլոր հնարավորթյունները, որ կարող էր օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»:

Շոշափելի արդյունքների այս այցից թուրքագետները չեն սպասում:

«Պարտադիր չէ սպասել գործանական արդյունքների, այն ինչ կասվի կլինեն բառեր ինչպես միշտ»,- ասում է Լ. Էվոյանը:

«Թուրքական կողմը այս այցը և հետագա ակտիվությունը փորձելու է օգտագործել որպես խաղաթուղթ»,- ասում է Գ. Պետրոսյանը:

«Ակնկալիքներ չկան»,- ասում է Լ. Հովսեփյանը:

Թուրքագետները կարծում են, որ պարզապես հայկական կողմը պետք է պատրաստ լինի ամենատարբեր սցենարների զարգացման, կարողանա արագ արձագանքել թուրքական կողմի հայտարարություններին և քայլերին, որոնք պարբերաբար լինելու են մինչև 2015 թ.-ի ապրիլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter