
14 հիվանդությամբ՝ 10 տարվա ազատազրկում
Փաստաբան Գագիկ Պապոյանը ՀՀ վերաքննիչ դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալ՝ 58-ամյա տնտեսագետ, շինարար, մեծածախ առևտրով զբաղվող, 4 երեխաների հայր Աշոտ Առաքելյանի առողջական վիճակի մասին նյութեր: Աշոտ Առաքելյանն այս տարվա փետրվարից անազատության մեջ է, մեղադրվում է թմրանյութերի ստացման համար հումք ներկրելու մեջ: Այս պահին նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում: Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը տառապում է 14 անուն հիվանդություններով, որոնցից 4-ն անհամատեղելի են պատժի կրման հետ (2006 թ-ի Կառավարության մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելված 2-ում ներկայացված է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը): Գագիկ Պապոյանն իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը ներկայացրել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրաասության դատարանին՝ միջնորդելով իր պաշտպանյալին ազատել պատժի կրումից: Սակայն Աշոտը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Այսպես՝ ըստ բժշկական հետազոտությունների, Աշոտը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ 3-րդ աստիճանի, արտերիալ հիպերտենզիա, խոշոր օջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության և ռիթմի կայուն խանգարումներով, արյան շրջանառության պրոգրեսիվ անբավարարությամբ, արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ, ունի զարկերակների հիվանդություններ` վերջույթների մագիստրալ և պերեֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր և քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական և պաթոմորֆոլոգիական պատկերով (գանգրենոզնեկրոտիկ փոփոխություններով), դաստակների և ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան 2 վերջույթների), Պոդագրա` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում:
Մեկ ամբողջ պարբերությամբ թվարկված հիվանդություններով տառապող Աշոտ Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը, թերևս, քննության առարկա կդառնա դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստի ժամանակ (նախագահող դատավոր՝ Մհեր Արղամանյան):
«Քիմիկների գործ»-ի մանրամասները
Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է 9 քաղաքացիների կողմից բերված բողոք: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերջիններիս դատապարտել է 7-12 տարվա ազատազրկման: 9 քաղաքացիներից ( բոլորն էլ նախկինում չդատված, հիմնականում 55 տարեկանից բարձր) ոմանք «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտում» աշխատած քիմիկներ են, ովքեր մեղադրվել են թմրանյութ (Ամֆետամին տեսակի) արտադրելու և իրացնելու մեջ, մի քանիսն էլ մեղադրվում են դրանք իրացնելու մեջ: Քրեական գործը հարուցվել է դեռ 4 տարի առաջ: Ընկերությունում, որը գտնվում է Երևանում՝ Արցախի 4ա հասցեում, հաստոցի տակ, ըստ մեղադրանքի, հայտնաբերվել է Ամֆետամին տեսակի մի քանի հաբ: Քիմիկների փաստաբանները պնդում են, որ գործը սարքովի է, որ հիմնված է միայն տարբեր անձանց ցուցմունքների վրա, որ ինստիտուտում գտնվող հաստոցներով անհնար էր արտադրել Ամֆետամին: Բացի այդ, վերջին շրջանում Ամֆետամինը համարվում է հոգեմետ դեղամիջոց և ոչ թմրանյութ:
«Մեղադրանքում անընդհատ նշվում է հետևյալ նախադասությունը՝ «թմրանյութը իրացվել է չպարզված հանգամանքներում չպարզված անձանց»: Ինչպես կարելի է այդքան չպարզված հանգամանքներով մարդկանց մեղավոր ճանաչել»,-վերջին դատական նիստում նշեց «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ խորհրդի ղեկավար Սամվել Խաչատրյանի (դատապարտվել է 12 տարվա ազատազրկման) պաշտպան Վարդան Նիկողոսյանը:
Իսկ Սամվել Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ առաջին ատյանի դատավորին չթողեցին ազատ դատավճիռ կայացնել. «Հիմա Դուք կարո՞ղ եք վեր կանգնել ճնշումներից ու արդար դատավճիռ կայացնել»,- դիմելով նախագահող դատավոր Մհեր Արղամանյանին՝ ասաց Սամվել Խաչատրյանը:
Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 12-ին:
Լուսանկարում Գագիկ Պապոյանն է:
Մեկնաբանել